Այսօր ճանաչողական այցով առաջին անգամ Գյումրիում էր ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թյան Էրլուն: Վերջինս Գյումրի էր եկել իր կնոջ ուղեկցությամբ, ու թեեւ նա իր հետ նաեւ թարգմանիչ էր բերել, որը դեսպանի խոսքը թարգմանում էր ռուսերեն քաղաքապետարանի աշխատակիցների համար, սակայն պարզվեց դեսպանը շատ ավելի ազատ էր շփվում ռուսերենով, քան նրա թարգմանիչը:
Գյումրու քաղաքապետը խոսեց հնարավոր համագործակցության մասին, սակայն շեշտը դրեց Մետաքսի ճանապարհի վրա, որը ժամանակին անցել է Գյումրիով: Քաղաքապետն ասաց, որ ինքը այս հարցով եղել է Սիանում, մասնակցել խորհրդաժողովի, սեպտեմբերին նորից կգնա, արդեն իսկ հրավերք ունի: Դեսպանն իր հերթին լրագրողների հետ զրույցում նշեց, որ շուտով Չինաստանի հին մայրաքաղաքից՝ Սիանից Գյումրի կժամանի պատվիրակություն Մետաքսի ճանապարհի հարցով ու կսկսվի համագործակցություն:
Գյումրու քաղաքապետը Չինաստանի դեսպանին երբեմն զարմացնում էր Չինաստանի մասին իր գիտելիքներով: Գյումրու քաղաքապետն ասաց, որ ինքը պատրաստ է Գյումրիում մեկ քառակուսի մետր հողատարածքը 1 դրամով վարձակալության տալ կամ իր խոսքերով ասած մեկ ցենտով, միայն թե չինացիների հետ մետաքս արտադրելու գաղափարը իրագործվի, Գյումրին դառնա այն արդյունաբերական կենտրոնը, որն իր արտադրանքը մատակարարի ողջ տարածաշրջանին՝ Թուրքային, ինչու չէ Ադրբեջանին ու նաեւ Եվրոպային: «Աստված տա մետաքսի արտադրություն սկսվի Սիանից ու հասնի Գյումրի»,- ասաց քաղաքապետը:
Կարդացեք նաև
Սամվել Բալասանյանը Գյումրու մասին խոսելիս չմոռացավ գովազդել իր գարեջուրը: Նա ասաց. «Գյումրի գարեջուրը բրենդ է, կգաք երեկոյան, կխմեք ու կհամոզվեք»,- ասաց գործարար քաղաքապետը:
Իսկ հանդիպման ավարտին Սամվել Բալասանյանը հյուրերին Գյումրու մասին գրված գրքեր ու մուշուրբա նվիրեց, միաժամանակ բացատրեց, որ մուշուրբան երգող բաժակ է, կլկլում է ջուր խմելու ժամանակ: Դեսպանը, վերցնելով կլկլան բաժակը կատակեց, թե վստահ եմ, որ երբ խմենք, նաեւ կերգենք:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ