ԱԺ նիստում շարունակվում է կառավարության ներկայացրած ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը: Նախագծով առաջարկվում է, որ դատական վեճերը հաշտեցնելու համար հաշտարարներ աշխատեն: Նրանք պետք է դասընթացներ անցնեն, արտոնագիր ստանան եւ փորձեն հաշտեցնել վիճող կողմերին:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նախագծի մասին իր կարծիքը ներկայացնելիս շարժեց պատգամավորների ծիծաղը:
Նրա խոսքերով՝ հաշտարարի ինստիտուտը ներդնելը կարեւոր է, բայց այդ ֆունկցիան այսպես թե այնպես կատարում են հարազատները, հարեւանները, բարեկամները. «Մեր ամենացավոտ կողմը ամուսնալուծությունների հարցն է: Նախորդ տարվա տվյալներով՝ կես տարվա ընթացքում Վանաձորում 500-ից ավելի ամուսնալուծության դեպք է արձանագրվել: Հիմա այստեղ ո՞վ կարող է նրանց միավորել»:
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հեգնել էր նախագծի զեկուցող, արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանին՝ ասելով, որ չի պատկերացնում, ինչպե՞ս կարող է օպերային երգիչը դասընթացներ անցնել եւ հաշտարար աշխատել:
Կարդացեք նաև
Հովհաննես Մարգարյանը Նաիրա Զոհրաբյանին հակադարձեց. «Կարող է երգիչ լինի, մի հատ լավ երգ երգի, կարողանան ամուսինները լեզու գտնել, հաշտություն կնքեն եւ չբաժանվեն, ի՞նչ հաշտարար»:
Հովհաննես Մարգարյանն ասաց, որ իսկապես, խնդիր կա հաշտեցնելու: Շատ իմաստուն մարդիկ կան, որոնք 2 խոսք են ասում, ամուսինները չեն ամուսնալուծվում եւ չեն դիմում դատարան. «Մի լավ հարեւան, սրտացավ մարդ երկու խոսք կարող է ասել ու սրանից լավ հաշտարա՞ր: Հեչ պարտադիր չի, որ թվարկածս մարդիկ ունենան արտոնագիր կամ հատուկ դասընթացներ անցնել: Փորձենք ազատականացնել դաշտը եւ իմաստուն մարդկանց հնարավորություն տանք, որ ներգրավվեն գործընթացում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ