Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Ուոլթերը դեռ չի որոշել`գնա՞լ Արցախ, թե՞ ոչ

Ապրիլ 27,2015 15:34

«Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» աղմկահարույց անունը կրող զեկույցը նախապատրաստող ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը այցելելո՞ւ է Արցախ, թե՞ ոչ: Այսօր, խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսում, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ասաց, որ բրիտանացի պատգամավորն արդեն փաստահավաք առաքելություն է իրականացրել Ադրբեջանում, նույն առաքելությամբ ցանկանում է Հայաստան գալ: «Մենք իրեն ասել ենք, որ փաստահավաք իր առաքելությունը պետք է իրականացնի ոչ թե Հայաստանում, այլ Ղարաբաղում»,- նշեց Նաղդալյանը՝ հավելելով, որ այս փուլում բրիտանացի պատգամավորը պետք է որոշում կայացնի:

«Տարածքային է, բնակություն է, մարդիկ են, մարդու իրավունքների խնդիրներ, այնուամենայնիվ, առաջանում են, հետևաբար Եվրոպայի խորհուրդը ժամանակ առ ժամանակ անդրադառնում է: Այդպիսի մի քանի զեկույց ունեցել է նաև Կոսովոյի հարցով, Ուկրաինայի և այլն: Մեր տեսակետն այն է, որ եթե դուք որևէ բանի մասին զեկույց եք պատրաստում, ապա պետք է խոսեք հենց այն մարդկանց հետ, ում որ այդ զեկույցը վերաբերում է: Այս պահին գործընթացի այս պահն է, պարոն Ուոլթերը պետք է որոշի, ինքը քաղաքական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ փաստահավաք առաքելությամբ լինելու է Ադրբեջանում, Հայաստանում ու Ղարաբաղում: Դա եղել է իր հայտարարությունը, որն ընդունվել է քաղաքական հանձնաժողովի կողմից և որը իրեն որպես հանձնարարական է դարձել»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

Ինչ վերաբերում է զեկույցի վերնագրին, ապա Հերմինե Նաղդալյանն ասաց, որ այն ընտրված էր որպես աշխատանքային վերնագիր. «Քանի որ այդ պահին կար երեք տարբեր առաջարկ, բյուրոն այդ պահին փորձել է այդ երեքը ինչ-որ ձևով գումարել և երեքից ինչ-որ մի բան ընտրել, և ստացվել է այսպիսին: Քննարկումների ժամանակ և քաղաքական կոմիտեում, և բյուրոյում ասվել է, որ ընթացքում կարող է զեկուցողը դա փոխել: Դա պետք է անի զեկուցողը, և այժմ այս փաստահավաք առաքելություններին զուգահեռ՝ զեկուցողը նաև պետք է անդրադառնա այս վերնագրի խնդրին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930