«Բի-բի-սի» հեռուստաընկերությունը ապրիլի 23-ին Լեռնային Ղարաբաղում ապաստանած սիրիացի փախստականների վերաբերյալ լրագրող Ռեդա Էլ Մավիի պատրաստած ռեպորտաժ է ցուցադրել։ Դա, ըստ «1news.az»-ի զայրացրել է Ադրբեջանին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության ղեկավար Հիմքեթ Գաջիեւը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը ռեպորտաժի հետ կապված իր դժգոհությունները փոխանցել է «Բի-բի-սի»-ին. ««Բի-բի-սի»-ի լրագրողը անօրինական այց է կատարել Ադրբեջանի գրավյալ տարածքները, այդպիսով խախտելով Ադրբեջանի պետական սահմանի մասին օրենքը։ Ռեպորտաժում օգտագործված հայտարարությունները եւ արտահայտությունները խեղաթյուրում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրական էությունը եւ խրախուսում են Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ագրեսիան եւ էթնիկ զտումները»։
Գաջիեւը ասել է, թե Հայաստանը սիրիացի փախստականներին Լեռնային Ղարաբաղում բնակեցնելով՝ խախտում է Ժնեւի կոնվենցիայի դրույթները. «Ադրբեջանը մի քանի անգամ միջազգային հանրության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի առջեւ այդ հարցը բարձրացրել է։ Այժմ մենք այդ ռեպորտաժի վերաբերյալ «Բի-բի-սի»-ի բացատրություններին ենք սպասում։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ