Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսների նախարարության 36 տարվա աշխատակիցը առաջին անգամ կանչվել է դատարան

Ապրիլ 27,2015 14:48

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի, նրա տեղակալների եւ առանձին ստորաբաժանումների ղեկավարների՝ թվով 13-ի գործով դատախազ Հակոբ Մելքոնյանի միջնորդությամբ այսօր դատարան էին հրավիրվել դատական դեպարտամենտի ֆինանսների գծով պատասխանատու Ռշտունի Ասիկյանը եւ ֆինանսների նախարարության վերահսկողական վարչությունից Ռուստամ Մարգարյանը:

Բնականաբար, նրանց հարցեր տվեց մեղադրողը: Մեղադրողին հետաքրքրում էր, թե ինչպես է աշխատավարձերի նախահաշիվը կազմվում, ինչի կապակցությամբ վկա Ռշտունի Ասիկյանն ասաց, որ 48 նստավայրերի՝ դատարանների համար հաշվում են նախ դահլիճների թվաքանակը, թե քանի կարգադրիչ է սպասարկում, ինչը հաստատվում է դատավորների նախագահների խորհրդի կողմից, ապա ցուցակը ուղարկվում է ֆինանսների նախարարության լիազոր մարմին, պետբյուջեով հաստատված գալիս է նորից դեպարտամենտ:

Ըստ այս վկայի, նախահաշիվը միայն աշխատավարձը չէ, այլ նաեւ պահպանության ծախսերը: Միսակ Մարտիրոսյանի այն հարցին, թե հնարավո՞ր է դատական դեպարտամենտը հաստատեր նախահաշիվը, վկան պատասխանեց՝ այո, հնարավոր էր, սակայն պետք է հիմնավորվեր, թե ինչու:

Հաջորդ հարցին՝ նախահաշվի համար սահմանված 37 կետը հնարավո՞ր էր չնայեր հաստատողը, վկան պատասխանեց. «Ես, օրինակ, միլիոնավոր թվերի տակ եմ ստորագրում: Թվերի ծննդին պիտի մասնակցես, պիտի իմանաս, թե ոնց է ծնվում»:

Ի դեպ, ստուգումները եղել է փաստաթղթերով, ինչի կապակցությամբ հարց հնչեց, թե հնարավո՞ր է փաստաթղթերով «մեռած հոգի» գտնել, դատական դեպարտամենտի աշխատակիցը պատասխանեց, որ հնարավոր չէր եւ նաեւ հայտնեց դատարանին, որ իրենց մոտ պարբերաբար ստուգումներ են եղել թե Վերահսկիչ պալատի կողմից, թե հարկային մարմինների եւ որ մի անգամ էլ իրենք են հարց բարձրացրել, տեսել խախտումը, կապված՝ զինծառայող է, թե ոչ:

Ինչ վերաբերվում է Ռուստամ Մարգարյանին որպես վկա կանչելուն, նա հայտնեց, որ 1979 թվականից է ֆինանսների նախարարությունում աշխատում, որ դեպարտամենտն է կատարել աշխատավարձերի փոխանցումները եւ առանց դատական դեպարտամենտի հնարավոր չէր բյուջեից հատկացումներ արվեր:

Իսկ այն հարցին, թե ե՞րբ տեղեկացավ դատարան գալու մասին, պատասխանեց, որ իրեն զանգել է իր անմիջական բաժնի պետը եւ ուղարկել դատարան: Միսակ Մարտիրոսյանն ասաց՝ եթե չգիտեիք, որ դատարան պիտի գայիք, ապա ինչպե՞ս եք ձեզ հետ բերել ստուգման ակտը, վկան պատասխանեց. «Ասացին դատ կա կարգադրիչների գործով, ես էլ բերեցի: 36 տարի աշխատում եմ՝ առաջին անգամ եմ կանչվում դատարան»:

Նախագահող Արշակ Վարդանյանն էլ նկատեց. «Ստուգման ակտ քանի տալիս եք՝ կկանչվեք դատարան»: Ֆինանսների նախարարության աշխատակցին հարցրեց, թե քննիչի եւ դատախազի հետ որեւէ կապ ունի՞, վկան պատասխանեց՝ ոչ:

Դատավորը տեղեկացրեց, որ 226 էջից բաղկացած փաստաթուղթ է ուղարկվել դատարան: Խոսքը մեղադրողի միջնորդությամբ 2009-13թթ. դատական դեպարտամենտի ֆինանսական հաշվետվությունների մասին էր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930