Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բեմում լինելու ենք տասը միլիոնով, ոչ թե վեց հոգով». Եսայի Ալթունյան

Ապրիլ 27,2015 14:44

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 19-ին, 21-ին և 23-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» խորագրի ներքո: Հայաստանի ելույթը նախատեսված է մայիսի 19-ին:

Մրցույթում, ինչպես հայտնի է, այս տարի մեր երկիրը կներկայացնի նոր ձևավորված «Genealogy» խումբը, որի անդամներն ազգությամբ հայ երիտասարդներ են:

Հինգ աշխարհամասերից եկած երգիչները՝ Եսայի Ալթունյանը (Եվրոպա), Թամար Կապրելյանը (Ամերիկա), Վահե Թիլբյանը (Աֆրիկա), Մերի-Ջին Օ’ Դոհերթի Վասմաթզյանը (Ավստրալիա), Ստեֆանի Թոփալյանը (Ասիա) և Ինգա Արշակյանը (Հայաստան) կներկայանան «Face the shadow» («Առերեսվի՛ր ստվերին») երգով: Երգի երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերի հեղինակը՝ Իննա Մկրտչյանը:

Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է: Սյուժեի հիմքում ընկած է ծագումնաբանության գաղափարը: Ներկայացված գերդաստանը դիտարկվում է որպես մարդկության խորհրդանիշ, իսկ հիմքում ընկած է սերնդափոխության ֆենոմենը:

«Genealogy» խմբի անդամ Եսայի Ալթունյանը երկու անգամ Ֆրանսիան ներկայացնելու հնարավորություն է ունեցել, սակայն ամեն անգամ մերժել է:

«Այս տարի առաջարկն ընդունեցի, որովհետև ինձ համար կարևոր է Հայաստանը ներկայացնել միջազգային մրցույթում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆրանսահայ երգիչը:

Նրա ձևակերպմամբ՝ այդ օրը բեմում լինելու են տասը միլիոնով, ոչ թե վեց հոգով, քանի որ ներկայացնելու են ողջ հայությանը:

Ինգա Արշակյանը, որն արդեն հասցրել է Անուշ Արշակյանի հետ զուգերգով հանդես գալ միջազգային այս մրցույթում, ասում է, որ անակնկալի է եկել՝ ևս մեկ անգամ հրավեր ստանալով:

«Չեմ կարող բառերով արտահայտել այն հուզմունքն ու երջանկությունը, որ ապրեցի հրավերը ստանալու պահին: Որպես ինչ-որ չափով փորձառու մասնակից՝ կանեմ ամեն ինչ, որ որևէ խոչընդոտ չլինի»,- ասաց նա:

Օպերային երգչուհի Մերի-Ջին Օ’ Դոհերթին էլ ասաց, որ երբ նամակ է ստացել, սկզբում կարծել է՝ օպերային մրցույթ է:

«Ուրախ էի, որ «Եվրատեսիլ» մրցույթն է: Միշտ երազել եմ լինել Հայաստանում, ներկայացնել Հայաստանը համաշխարհային բեմերում: Ավստրալիայում իմ ուսուցչուհին Արաքս Մանսուրյանն է: Նա էլ էր ուզում, որ ես այցելեմ Հայաստան, իմանամ իմ արմատների մասին»,- պատմեց երգչուհին:

Երգչուհին ասաց, որ իր ընտանիքից ինքն առաջինն է, որ հնարավորություն է ստացել այցելելու Հայաստան:

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ասում է, որ խմբի անդամներին բավականին երկար ժամանակ են փնտրել: Նրանցից երկուսին՝ Եսայիին և Թամարին, նախապես ճանաչել են, իսկ մյուսներին համացանցով են փնտրել:

«Պետք է խոստովանեմ, որ հայտնաբերելով նման տաղանդավոր երգիչների՝ մենք բավականին զարմացած էինք, քանի որ մինչև այդ նրանց մասին չէինք լսել»,- նշեց Գոհար Գասպարյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930