Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սարիղամիշում թուրք հարեւաններն են օգնել, որ ծնողներս փրկվել են»

Ապրիլ 27,2015 15:30

100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունից հրաշքով փրկված հայերի մեջ կան նաեւ մարդիկ, որոնք փրկվել են թուրք հարեւանի, ծանոթի օգնությամբ:
«Թուրքերի մեջ էլ շատ կային ու հիմա էլ կան շատ լավ մարդիկ»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Ժենյա Պողոսյանը, որի ծնողներին Սարիղամիշից թուրք հարեւանն է օգնել, որ փախչեն: Տիկին Ժենյան այսօրվա պես լավ հիշում է մոր՝ Սաթենիկ Պողոսյանի՝ Ցեղասպանությունից փրկված պատմությունը:

«Մայրս ապրում էր Սարիղամիշում, հորս հետ ամուսնանալուց հետո տեղափոխվեց Կարս, բայց Սարիղամիշում յայլա ունեին, հիմա դրանց «դաչա են» ասում: Այնտեղ մեծ հողատարածք ունեին, անասուններ ունեին, հայրս առեւտրով էր զբաղվում, հարուստ էր: Մի օր Սարիղամիշի թուրք հարեւաններից մեկը հորս ասել է՝ Միսակ, լուրեր կան, որ հայերին բոլորին սպանելու են, մի բան արա, շուտ փախի: Հայրս շատ լավություն էր արել թուրք հարեւաններին: Էս թուրքն ասել էր՝ Միսակ, դու թուրքերեն լավ գիտես, կարաս փախչես, հետդ շատ բան մի վերցրու, երկար ճամփա եք գնալու: Մայրս ու հայրս էլ 1914-ին վերցրել են ոսկիներն ու ճամփա ընկել: Ճամփին թուրք ասկյարներից մեկը տեսնելով մերոնց՝ կանգնեցրել է, հարցուփորձ արել: Հայրս մի բուռ ոսկի է տվել էդ ասկյարին, որ ազատ թողնի: Սա էլ հորս վերարկուն ու «բաշմակներն էլ է» ուզել, քյամարն էլ՝ հետը: Պապաս բռով նիկոլայ կոպեկ է տվել, հետո մայրս ասել է՝ էդ քյամարը պետք է գալիս, էրեխեքը, որ չեն լսում, դրանով ծեծում եմ: Քյամարը չուզին, բայց ոսկին վերցրին ու ազատ թողին մերոնց»,- պատմում է տիկին Ժենյան ու ասում՝ բախտները բերել է ծնողներիս, որ ոսկու դիմաց նրանց ազատ են թողել, չեն սպանել:

Տիկին Ժենյայի մայրը պատմել է, որ Սարիղամիշում թուրքերը բոլոր կանանց հավաքել էին մի մարագում, դուռը կողպել, հետո նավթը լցրել ու հրկիզել. «Մայրս ասում էր՝ հեչ մեկը չփրկվեց: Տղամարդկանց էլ բռնել էին, իբր տանում էին բանակ՝ կռվելու, բայց սպանել են սաղին: Հայրիկենքս 7 երեխա էին, կոտորածից միայն հայրս ու քույրն են փրկվել: Իսկ մայրս իր փոքր եղբորը ծղոտե զամբյուղի մեջ էր թաքցրել, բայց թուրք հարեւաններից մեկը տեղն ասել էր ասկյարներին, դրանք էլ գտել՝ կտոր-կտոր էին արել»:
Տիկին Ժենյան պատմում է, որ իր ծնողները Սարիղամիշից փախել են Կարս, հետո Ալեքսանդրապոլ, ներկայիս՝ Գյումրի: Ալեքսանդրապոլում ապրելու տարիներին էլ, վստահեցնում է տիկին Ժենյան, սահմանի այն կողմից թուրքեր էին գալիս իրենց տուն՝ հոր հետ առեւտուր անելու. «Մեծ քույրս Ֆիլե անունով ընկերուհի ուներ, շատ մոտ էին: Ֆիլեն իր հոր հետ շատ էր գալիս Ալեքսանդրապոլի մեր տուն: Միասին նկարվել են, քույրս Ֆիլեի թուրքական տարազով հագուստն էր հագել, Ֆիլեն էլ քրոջս շորերն էր հավանում, այդպես զգեստափոխված նկարվել են: Այդպիսի շատ հին նկարներ ունեինք, դրանք անգին հիշողություններ էին, սաղ մնացին 88-ի երկրաշարժի տակ»:

Տիկին Ժենյան ասում է, որ մոր երազանքն էր մի անգամ տեսնել Սարիղամիշը, չհասցրեց, մահացավ, դուստրը մորը խոստացել էր նրա փոխարեն գնալ ու ծնողների տունը գտնել: «1993 թվին գնացի մեր Կարսը տեսա, Սարիղամիշ չկարողացա գնալ, քրդերն ասին՝ ընդեղ կռիվներ են, չի կարելի գնալ: Ես Կարսից հող ու ջուր բերեցի՝ տարա մորս գերեզմանին»:
Տիկին Ժենյան պատմում է, որ Կարսում շատ քրդերի է հանդիպել. «Մեզ շատ են սիրում, շատ հարգանքով էին: Մի ռուս կնոջ էլ հանդիպեցի Կարսում, ասում էր՝ ամուսինը թուրք է, բայց ինքն իր որդիների համար հայ աղջիկ էր ուզում, ասում էր՝ լավ կպահեմ: Էհ, չգիտեմ, բոլորի մեջ էլ համ լավը կա, համ վատը: Չգիտեմ, մեր հայրենիքը մերը պիտի լինի, շատ ափսոս է, որ դրանցն է: Էն ժամանակ, որ գնացել էի Կարս, չթողեցին Անի գնայինք, միայն հեռվից նայեցինք մեր գեղեցկուհուն, շատ ափսոս է, շատ»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում` Թուրք եւ հայ ընկերուհիները հագուստները
փոխած նկարվել են. աջից հայ աղջիկն է:

«Առավոտ» օրաթերթ
25.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930