Օննիկ Յուսուֆ-Կարապետյանը ծնվել էր 1899թ., Կոստանդնուպոլսի մոտ գտնվող Ադաբազար հայաշատ գյուղաքաղաքում:
Տեղահանման ժամանակ նրա ընտանիքն անմասն չմնաց. հայրը, մայրը, քույրերը, մորաքրոջ եւ հորաքրոջ ընտանիքները: Ականատեսը հասավ Դեր Զոր:
Նրա հուշերը գրի է առել որդին:
Թեեւ անտրամաբանական եւ սուտ էր թվում լսված խոսքերը, բայց ոչ քաղաքապետ հասարակ մարդկանցից ոմանք ասում էին՝ սուտ չկա, սխալ կա: Կամաց-կամաց մտահոգությունը տիրում էր բոլորին, որը երկար չտեւեց: Զենքերը հավաքելուց 4-5 օր հետո պաշտոնապես հայտարարվեց, որ քաղաքի բոլոր հայերը տեղափոխվելու են մոտակա գյուղերը ժամանակավորապես եւ հետո նորից հետ են վերադառնալու: Մեկնելու համար տրված էր միայն երկու օր ժամանակ:
Մտածելու, տատանվելու ժամանակ չկար, բացի հրամանին ենթարկվելուց: Ամեն տուն պատրաստության մեջ էր: Գույքի անհրաժեշտ մասը կապում էին հետները վերցնելու համար, մի մասը թաղում էին գետնի մեջ, մի մասն էլ պահ էին տալիս ծանոթ թուրք բարեկամներին, որոնք սիրահոժար ընդունում էին եւ նույնիսկ օգնում:
Թուրքերի մեջ կային մարդիկ, որոնք տեսնելով հայերի այս վիճակը՝ ի սրտե ցավում էին, բայց անզոր էին որեւէ բան ասել, հրամանը վերեւից էր: Քաղաքի չորս հազար տուն հայությունը մի օրվա մեջ տներից դուրս էր թափվել, ովքեր ձիու, եզան կառքեր ունեին, բարձած ամենաանհրաժեշտ իրերը, արդեն ճանապարհ էին ընկել Էսկիշեհիրի ուղղությամբ, իսկ մնացյալներն էլ իրենց իրերը տեղափոխում էին կայարան՝ երկաթուղով գնալու համար: Ունեցվածքի տեղափոխման համար ոչ մի արգելք կամ սահմանափակում չկար, բայց օժանդակություն եւ հնարավորություն չլինելու պատճառով, փաստորեն, հնարավոր չէր բոլոր իրերը վերցնել. ստիպված գույքի մեծ մասն անխտիր թողնում էին: Թուրք ժանդարմները եւ փոլիսները լցված հայերի թաղամասերում շտապեցնում էին տներից ժամ առաջ դուրս գալու բոլորին:
Ինչպես բոլորը, ծնողներս եւս կապեցին մեր գույքը: Մի քանի արկղ ամանեղեն հայրս թաղեց հողի մեջ, տան ներքեւի հարկում, իսկ մեր ավելորդ գույքից չորս հակ հայրս տարավ Հալիմ էֆենդիի տուն՝ ի պահ մինչեւ մեր վերադարձը, որը սիրահոժար ընդունեց, ասելով, որ իշալլահ, շուտով կվերադառնաք եւ հետ կստանաք: Հալիմ էֆենդին լաց էր լինում բարեկամի, հորս հեռանալու եւ նրանից բաժանվելու համար: Մեզ անհրաժեշտ իրերը հորս թուրք բարեկամի` Օսման աղայի սայլով տեղափոխեցինք կայարան, ուր արդեն տեղափոխված էին մորաքրոջս եւ մորեղբորս ընտանիքները իրենց գույքով. մենք էլ միացանք նրանց, մտածելով իրարից չբաժանվել: Մեր մեջ ամենաշատ գույք ունեցողը մորաքրոջս ամուսին եւ իմ «շուկայի քերականության» վարպետ Հաճի Ստեփան աղա Եղիայանն էր, որը չէր վստահել ոչ ոքի մոտ թողնելու իր արժեքավոր գույքը, որոնք կապված էին քսաներկու հակերի մեջ:
Մորեղբայրս՝ Ակոնայան Գրիգոր էֆենդին, որը քաղաքի հայտնի դեմքերից էր, փողապաշտ չլինելով, մեկ տարի առաջ սնանկացել էր: Հիշում եմ, Հուրիեթից հետո Կոմիտաս վարդապետը մի քանի անգամ եկավ Ադաբազար եւ հյուր եղավ մորեղբորս՝ Գրիգոր էֆենդիի տանը, որպես քաղաքի ամենահարմար տունը: Մորեղբայրս, որը քաղաքում ուներ «Պոնմառշե» կոչված մեծ վաճառատուն, գործով եղել էր Լոնդոն, Մանչեստր, Փարիզ քաղաքներում, ուներ շատ ծանոթներ, ինքը շատ մարդասեր եւ հյուրասեր լինելով, նրանց տանը հյուրերն անպակաս էին: Կոմիտաս վարդապետը նրանց տանը քնում էր չոր տախտակամածին, միայն կարպետի վրա՝ հրաժարվելով փափուկ անկողնուց: Կոմիտաս վարդապետին տեսել էի նրանց տանը, մի անգամ էլ եկավ մեր դպրոցը եւ աշակերտներիս համար երգեց «Քելեր, Ցոլեր» եւ «Հով արեք, սարեր ջան» երգերը:
Առաջին անգամ լսելով Կոմիտասի թրթռուն հմայիչ ձայնը, մինչեւ սրտիս խորքը տպավորվեց, որը մինչեւ օրս էլ հոգուս խորքում է եւ չեմ կարող մոռանալ:
Աբելյան, Արմենյան եւ Զարիֆյան թատերախումբը նույնպես Հուրիեթից հետո մի քանի անգամ եկավ Ադաբազար եւ ներկայացում տվեց Հալիմ էֆենդիի շերամանոցի շենքում, քաղաքում ուրիշ հարմար շենք չլինելով՝ նրանք նույնպես հյուր էին լինում մորեղբորս տանը: 1915 թ. հունիսի կեսերին, երկու օրվա մեջ դատարկվեցին Ադաբազարի հայոց տները, ծխնելույզները դադարեցին ծխելուց, լույսերը հանգեցին տներում, ամայացան ճանապարհները եւ տները, խավար պատեց հայոց թաղամասերին, եկեղեցիների զանգերը քարացան` չհամարձակվելով խանգարել ամայացած թաղերի խորհրդավոր լռությունը: Եկեղեցին էլ ամայացել էր սրբերից եւ Քրիստոսի հավատացյալներից: Փոթորիկը սկսած էր բոլոր հայերին հանել տներից դուրս եւ քշում էր դեպի անհայտություն սեւ ու մութ ճանապարհով: Ուր էր հասցնելու, թե ինչ էր լինելու, ոչ ոք չէր հասկանում: Երկյուղը ծանրացել էր բոլորի սրտերին: Քաղաքի հայերի մի քանի տոկոսը կարողացավ հեռանալ քաղաքից իր սայլերով, մնացածը թափվել ու խռնվել էին իրար վրա կայարանում, ինչպես ոչխարի հոտերը փոթորիկի նախօրյակին, զգալով վտանգը՝ հավաքվում են իրար քով: Միակ մխիթարականը նա էր, որ բոլորն անխտիր կայարանում էին: Հաճի աղաները, էֆենդիները, հարուստներն ու աղքատները իրար հետ խառնված, կողք կողքի, նույն բախտի հարվածի տակ հավասարված: «Ընդհանուրով մահը հարսանիք է» ասելով՝ իրար քաջալերում էին: Ամեն մարդ մտահոգվում էր իր մասին, ուրիշի մասին մտածելու ի վիճակի չլինելով, այլ կերպ չէր էլ կարող լինել: Կայարանում անընդհատ դատարկ գնացքները գալիս եւ իսկույն լցվելով տեղահանված հայերով՝ շարժվում էին Էսկիշեհիրի կողմը: Մեր հերթը եւս շուտ հասավ: Մեր երեք տանը հաջողվեց մի վագոնի մեջ լցվելու: Թուրք ժանդարմները շտապեցնում էին՝ ինչքան հնարավոր է արագ կատարվի վագոնների լցվելը եւ շարժվելը՝ ժամ առաջ կայարանը դատարկելու համար: Բոլորն էլ ուզում էին ժամ առաջ հասնել իրենց նշանակված տեղերը: Մեր գնացքի դատարկ վագոնները բոլորն էլ լցվել էին, երբ մեր քաղաքի արեւը հեռացավ մեզնից առանց գիշեր բարիի հրաժեշտի: Մեզ համար բարի օր եւ բարի գիշեր այլեւս չէր լինելու:
Ինձ համար այդ օրը ուրախության օր էր: Կյանքումս առաջին անգամ լինելով, գնացք էի նստել, տեսնելու էի նոր-նոր տեղեր, Հաճի աղաների եւ էֆենդիների հետ նստած էի կողք կողքի վագոնի տախտակամածին, մեծերի շարքում էի, միայն մտիկ անողի դերում: Մորեղբայրս վագոնի մեջ ամենախելոք մարդն էր, բայց սնանկացած. թեեւ խելոք մարդը չպետք է սնանկանար: Նա կարծես զգում էր մեզ սպասող վտանգը. բոլորը կծկվել եւ լուռ մտահոգության մեջ էին, խզելով լռությունը՝ կամացուկ ասաց.
-Հաճի աղա, այս ճանապարհորդությունը լավ չեմ տեսնում, այլեւս դժվար թե մեր տները մեկ էլ տեսնենք:
«Առավոտ» օրաթերթ
25.03.2015