Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշտվել «սխոդկաներով», քահանաների միջոցով, թե՞ հաշտարարով. Զոհրաբյանը քննադատում է ֆինանսական հաշտարարը

Ապրիլ 27,2015 13:56

Այսօր ԱԺ նիստում շարունակվեց կառավարության ներկայացրած ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը:

Նախագծով առաջարկվում է, որ դատական վեճերը հաշտեցնելու համար հայտարարներ աշխատեն, որը կարող է լինել ցանկացած մարդ՝ համապատասխան որակավորում ստանալուց հետո: Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանն ասաց, որ ՀՀ դատական համակարգում 2012-ի ընթացքում 1613 վճիռ է կայացվել՝ վեճը հաշտությամբ ավարտելու վերաբերյալ, իսկ 2014-ին՝ 1003 վճիռ է կայացվել: Նախագծով առաջարկվում է նոր խթաններ՝ վեճը հաշտությամբ լուծելու համար:

Արսեն Մկրտչյանը, խոսելով ֆինանսական հաշտարարի մասին, ասաց, որ այն իրեն արդարացրել է: Սա բարկացրեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանին:

Նա չհամաձայնեց, որ Ֆինանսական հաշտարարի ինստիտուտը Հայաստանում կայացել է. «Անկախ նրանից, որ 65 տոկոսը դիմել է, ես այդ ինստիտուտը համարում եմ խայտառակ տապալված ինստիտուտ, որի արդյունավետությունը ուղղակիորեն 0 է: Հիմա մենք նորից նոր ինստիտուտ ենք ներմուծում: Գաղափարը լավն է, բայց արդյո՞ք դա կոռումպացված դատական համակարգում, ինչպիսին ՀՀ-ում է, աշխատելու է: Ինչ վերաբերում է մասնագիտական որակավորմանը, ես շատ մեծ դժվարությամբ եմ պատկերացնում, որ, օրինակ, կոնսերվատորիան ավարտած բակալավրը կամ մագիստրոսը կարող է հաշտարար աշխատել: Այստեղ հստակ եւ կոնկրետ մասնագիտական որակավորման խնդիր կա: Ես չեմ պատկերացնում, որ օպերային երգիչը կարող է հաշտարարի գործով զբաղվել, ինչքան էլ համապատասխան որակավորում ստանա: Ինչպես տապալվել է Ֆինանսական հաշտարարի ինստիտուտը, այնպես էլ տապալվելու է սա, քանի դեռ մենք չենք լուծել թիվ մեկ խնդիրը՝ դատական համակարգում կոռուպցիայի խնդիրը»:

Փոխնախարարը պատասխանեց, որ ինքը չի այն պաշտոնյան, որ պետք է ասի՝ ինչքանով է կայացել Ֆինանսական հաշտարարի ինստիտուտը. «Ես պարզապես ներկայացրեցի վիճակագրություն: Դա կարծես փոքր օմբուդսմեն է, պաշտպան է: Իսկ հիմա փորձում ենք փոփոխություն կատարել, քայլ, որ կողմերը, եթե հնարավոր է, հաշտվեն: Սա նորույթ չի մեր ազգի համար: Մեր կենցաղում կա, որ երբ երկու անձ վիճում են, դիմում են ավելի խելացի մարդկանց, ավելի ավագ մարդու»:

Փոխնախարարն ասաց, որ մասնագիտական որակավորման կարիք չկա, պարզապես մարդիկ կարող են վերապատրաստում անցնել, ձեռք բերել հմտություններ, ունակություն, որ կողմերին կարողանան հաշտեցնել. «Պետք չի բարդեցնել: Ցանկացած անձի կարելի է նշանակել հաշտարար»:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, կարեւոր խնդիրները թողած՝ դետալների հետեւից է ընկնում կառավարությունը: Այսօր մինչեւ դատական համակարգի կոռումպացվածության հարցը չլուծվի, անիմաստ է հայտարարներ նշանել. «Ինչ վերաբերում է մեր ազգի մենթալիտետին, դուք այստեղ խոսում եք ըստ էության սխոդկայի մասին, երբ երկու կողմերը դիմում են մեկին՝ վեճերը հաշտեցնելու համար: Այո, այդ ավանդույթը մեր երկրում լավ գործում է: Բայց եկեք խնդիրները տարբերակենք միմյանցից»:

Ըստ Էդմոն Մարուքյանի, առաջ մարդիկ վեճերը լուծում էին քահանաների միջոցով, հիմա մարդիկ գնում են դատարաններ եւ չեն կարող հազարավոր դատավորների նշանակել՝ այդ վեճերը լուծելու համար. «Հույս ունեմ, որ հաշտարարի ինստիտուտը կարող է հաջողություն ունենալ: Տարիներով կարող են վեճերը դատարանում ձգձգվել: Լավ փաստաբանը կարող է դա անել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930