Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանացի գրողը խուսափեց պատասխանել՝ Բունդեսթագում քննարկվող Հայոց ցեղասպանության բանաձեւի վերաբերյալ հարցին

Ապրիլ 27,2015 13:46

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը այսօր ներկայացրեց արեւմտահայ դասականների գործերի գերմաներեն թարգմանված գիրքը՝ «Ափ մը մոխիր» վերնագրով: Գրքում ներկայացված են 10 գրողների ստեղծագործություններ՝  Սիամանթո, Ռուբեն Սեւակ, Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Զարդարյան, Թկատինցի, Գեղամ Բարսեղյան, Արտաշես Հարությունյան: Հայ գրողների գործերի թարգմանիչները գերմանացի ժամանակակից գրողներ են, պարոն Միլիտոնյանը հիացած է թարգմանությամբ:

«Փորձել ենք աշխարհին ներկայացնել այն ուժը, որ փորձել են վերացնել, բայց հանճարեղ անուններին հնարավոր չէ վերացնել: Սա հսկայական օվկիանի չափ ուժ է, նպատակն է ՝ աշխարհին ցույց տալ, թե ինչ  մեծ գրողների են սպանել»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց պարոն Միլիտոնյանը, ապա ներկայացրեց նաեւ գերմաներեն թարգմանված մի ուրիշ գիրք, որտեղ տեղ են գտել  հայ եւ գերմանացի դպրոցականների շարադրությունները՝ ցեղասպանության թեմայով: Շարադրությունները ամփոփված են «Ուրացված, մոռացվա՞ծ» ձեռնարկում:

Մայիսի 10-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի ս. Հովհաննես եկեղեցում տեղի կունենա այս գրքերի շնորհանդեսը:

Գերմանացի գրող Յուրգեն Յանկովսկին էլ ասաց, որ հայ գործերի գերմաներեն թարգմանելու նպատակը փոխճանաչումն է:  Հարցին, թե Հայաստանում անցկացրած իր օրերի մասին պատրաստվո՞ւմ է հուշեր գրել,ասաց՝ արդեն երրորդ անգամ Հայաստան այցելելը, նշանակում է՝ գրելու է:

Հարցին, թե Գերմանիայի Բունդեսթագում քննարկվում է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը, իսկ Գերմանիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դա գերմանացիների համար սպասելի՞ էր, նախադրյալներ կայի՞ն, որ կճանաչեն, ասաց. «Նախադրյալներ կային, որովհետեւ մտավորականները պնդում էին, որ ցեղասպանություն է ու պետք է ցեղասպանությունը ցեղասպանություն կոչել»:

Հարցին, թե Բունդեսթագում քննարկվող բանաձեւը ի վերջո կհաստատվի՞, ասաց՝ «ես պառլամենտից չեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930