Լրահոս
Օրվա լրահոսը

«Գութաներգի» ռեժիսորը կոմիտասյան թեման զարգացնողներ է փնտրում

Ապրիլ 27,2015 14:00

Ըստ կինովավերագրող Գագիկ Հարությունյանի,
երբեմն օտարները փորձում են յուրացնել Կոմիտասի երաժշտությունը

Անցյալ տարի կինովավերագրող Գագիկ Հարությունյանն (լուսանկարում) իր «Գութաներգ» ֆիլմը ներկայացրեց Կաննի փառատոնի կինոշուկայում, իր խոսքերով՝ համատեղ պրոդյուսերություն գտնելու նպատակով, քանի որ խնդիր ուներ այս թեման զարգացնելու: Կաննից հետո «Գութաներգը» ցուցադրվել է Մարսելում, Սանկտ Պետերբուրգում, Թեհրանում, ինչպես նաեւ «Ոսկե ծիրանին»՝ ոչ մրցութային ծրագրում: Կինոռեժիսորը իր նախաձեռնությամբ հիշյալ նկարը ներկայացրել է Երեւանի գրականության եւ արվեստի թանգարանում, Ճարտարագիտական եւ Հայ-ռուսական համալսարաններում, ՆՓԱԿ-ում, Ա. Իսահակյանի անվան գրադարանում, Ժողովրդական արվեստի թանգարանում եւ այլուր:
«Առավոտը» ռեժիսորից հետաքրքրվեց, թե Կաննից հետո եղա՞ն առաջարկներ: Գագիկ Հարությունյանն առանց մանրամասնելու հայտնեց, որ առաջարկներ կան: Նա ներկայացրեց ապագա ֆիլմի սյուժեն. «Ժամանակին Կոմիտաս վարդապետը Լոռվա գութաներգը թարգմանել է ֆրանսերեն, որպեսզի ներկայացնի միջազգային երաժշտական ընկերությանը: Սակայն դեռ ժամանակակիցներն էին նշում, որ թարգմանությունն այդքան էլ հաջող չէր եւ այն մնաց չհրատարակված: Հարյուր տարի անց ցանկություն առաջացավ ճանաչված երաժիշտներին ներկայացնել այդ ուսումնասիրությունը՝ «Գութաներգը», եւ փորձել հասկանալ, թե ինչու է հենց այս գործը Կոմիտասը ցանկացել ներկայացնել Եվրոպայում»: Հավելեց նաեւ, թե երբ ասվում է անաղարտ հայկական երաժշտություն, միանգամից մտաբերում ենք կոմիտասյան «Կռունկը», «Անտունին»: Նրա ձեւակերպմամբ, «Մենք լավ գիտենք, որ այդ ստեղծագործությունները ճակատագրին հնազանդ մարդու երգեր են, ցավոք, «Գութաներգի» խնդիրն այսօր էլ արդիական է»:
Մեր հարցին՝ գուցե ի՞ր մեղքն էր, որ «Գութաներգը» լայն ճանաչում չստացավ, Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Երեւի իմ մեղքն է, որ չկա կինոյի պատշաճ ներկայացման հնարավորություն, բացի ցուցադրումներից, ցանկալի կլիներ անցկացնել քննարկումներ: Ինքս կցանկանայի հակադրել այս ֆիլմը, իր քննարկումների հետ մեկտեղ, նաեւ հեռուստալսարանին, ինչու չէ՝ շոուներին: Եթե առաջարկներ լինեն, ես սիրով կլսեմ ու ընթացք կտամ դրանց: Իսկ ընդհանրապես՝ գութանի գաղափարը, հավատացած եմ, իմ համեստ ֆիլմի միջոցով ճշմարտության դռներ բացեց»:

full

Կինոռեժիսորը հաստատեց այն տեղեկությունը, թե ինքը ժամանակին բախվել է Կոմիտասի անձին առնչվող մի կեղծիքի. «Ռուսաստանից ոմն Միրզա փորձում էր սեփականացնել Կոմիտասի ժառանգությունը, տարածելով, թե վարդապետն իր երգերը առաջին անգամ գրառել է եզդիերենով… Բարեբախտաբար, Գրականության եւ արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող Մարինե Մուշեղյանը հերքեց դա»:

Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ ընթացիկ տարվա ապրիլի 17-ին տեղի ունեցավ գիտաժողով, որի ընթացքում ներկայացվեցին կոմիտասյան բոլոր բացահայտված փաստերը:

Կինոռեժիսորը ցավով հայտնեց, որ Գերմանիայում ապրող իր բարեկամ, բանասեր, մշակութաբան Կարինե Հայրապետյանը փոխանցել է, որ Հումբոլտի համալսարանի արխիվում «քրդական երաժշտություն» թեմայով դիպլոմային աշխատանք պահանջելիս առաջարկում են հայ հոգեւոր երաժշտություն:

Գագիկ Հարությունյանը հիշեց նաեւ, որ մի քանի տարի առաջ, երբ Հայաստանի պետական համալսարանի պատմաբան եւ իրավաբան ասպիրանտներին ներկայացնում էր իր «Ցեղասպանություն առանց մեկնաբանության» ֆիլմը, մի երիտասարդ հարց է ուղղել իրեն՝ լավ, բա մենք հեչ մեղք չունեի՞նք այդ ցեղասպանության մեջ: Կինոռեժիսորը պատասխանել է. «Երբ չկա պետականություն եւ դու ուրիշի լծի տակ ես ապրում, շատ դժվար է որոշել այն սահմանը, որը կոչվում է դավաճանություն, մանավանդ՝ երբ խոսքը գնում է ընտանիքիդ փրկության մասին…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930