Լրահոս
Օրվա լրահոսը

Արքմենիկ Նիկողոսյան. «1,5 մլն զոհերից զատ՝ 300 անուն թերթ ու ամսագիր ենք կորցրել արեւմտահայ իրականության մեջ»

Ապրիլ 27,2015 12:17

Այսօր՝ ապրիլի 27-ին «Զարկերակ» ակումբում գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը խոսեց հայ գրականության միջոցով Հայոց ցեղասպանության ճանաչման, ժամանակից գրականության մեջ թեմայի արծարծման մասին: Անդրադարձ եղավ նաեւ բնույթով աննախադեպ հանրագիտակ անթոլոգիային՝ «Եղեռնազոհ գրողներին», որը նա եւ բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը միասին են կազմել:

«Ամենակարեւոր փաստագրական վկայությունները պահպանել է գրականությունը, Եղեռնը վերապրածների նրանց սերունդների վկայությունները արտացոլվել են գրականության մեջ եւ ծառայում են իբրեւ անժխտելի փաստ: Այս առումով ցեղասպանության ճանաչման գործում շատ մեծ տեղ է հատկացվում գրականությանը, քանի որ գրականությունն եւ կինոն շատ ավելի մերձ են աշխարհի ժողովուրդներին ու հասկանալի»,-համոզված է Արքմենիկ Նիկողոսյանը: Նրա խոսքով, 1915-ից հետո աշխարհում ստեղծվել է ահռելի ծավալի գրականություն, որոնց մեծ մասի մասին անգամ Հայաստանում տեղյակ չեն: Գրքում զետեղված են նաեւ եղեռնազոհ կին գրող Մառի Պեյլերյանի ստեղծագործությունները, նա բավականին ակտիվ գործիչ է եղել, Կահիրեում «Արտեմիս» ամսագիր է տպագրել ու սպանվել է 35 տարեկանում:

Arqmenik NikoghosyanԳրականագետը փաստում է, որ Անկախության տարիներին Ցեղասպանությունը որոշ առումով շահարկվեց, եւ հրավիրվեցին Հայաստան ու թարգմանվեցին այնպիսի գրողներ, որոնք ցեղասպանության հաշվին ցանկանում էին բարձրացնել իրենց հեղինակությունը, մինչդեռ նրանց գործերը գեղարվեստական առումով բարձրարժեք չէին:

Բանախոսը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների համատեքստում Սերժ Թանկյանի համերգը, ասում է՝ ոգու, մոտեցման տեսանկյունից դա լավագույն արտահայտություններից մեկն էր, քանի որ առաջնայինը ոչ թե խղճահարության արթնացումն է մարդկանց հետ, այլ արժանապատիվ ներկայանալը: Արքմենիկ Նիկողոսյանը այս համատեքստում բարձր է գնահատում, մասնավորապես Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը», Մհեր Բեյլերյանի «Մեղքի հարյուր տարին» կարեւորեց, ինչպես նաեւ կարեւորում է դրանց թարգմանությունը:

«Փաստագրական գրականությունից գիտենք, որ մի գիշերում ձերբակալվել է 800 մտավորական եւ դրանցից 8-ն է վերադարձել աքսորից, բայց չգիտես ինչու նրանցից 8-10-ի անունն է շրջանառվել: Այդ շրջանի արեւմտահայ գրականությունը գնահատելիս, բացի Զոհրապից, Սիամանթոյից եւ մյուսներից, չպետք է այլոց էլ մոռանալ: Գրքում ընդգրկված է 31 գրող որոնցից շատ շատերի անունները չեն շրջանառվել, նրանց ստեղծագործություններն ուղղակի հազարներով սկսում են մնալ արեւմտահայ մամուլի էջերում»,- հայտնեց Արքմենիկ Նիկողոսյանը:

Նա փաստեց, որ 1,5 մլն զոհերից զատ 300 անուն թերթ ու ամսագիր ենք կորցրել արեւմտահայ իրականության մեջ, 160 տպարան, 800 վարժարան է ավերվել. «Պարբերաբար կհրատարակենք այդ գրողներին, պետք է շրջանառել նրանց անունները: Մշակութային այդ բացը պետք է լցնել: Այս գիրքը սրբագրում է Եղեռնազոհ գրող արտահայտությունը, քանի որ բազմաթիվ գրողները սպանվել ու տանջանքի են ենթարկվել 1917-ին, 1921-ին, նրանց մեջ եղել են նաեւ գրողներ ու գործիչներ, որոնք ծնվել են Արեւելյան Հայաստանում, սակայն նրանց գործունեությունը կապված է եղել Արեւմտյան Հայաստանի հետ»:

Եղեռնազոհ գրողներից ամենաերիտասարդը բանաստեղծ Արմեն Դորյանը 23 տարեկան էր, ամենաավագը՝ 56:

Արքմենիկ Նիկողոսյանը հույս ունի, որ մշակույթի նախարարությունը կօժանդակի իրենց գործին: Ի դեպ, երկու տարի առաջ Թուրքիայի հրատարակիչներից մեկը դիմել է իրենց՝ գիրքը թուրքերեն հրատարակելու համար:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն says:

    Օդում կրակոցներ պետք չեն: Ժամանկն է որոշում, որն է բարձրարժեք, որը ոչ: Եվ կարքի չկա վիրավորել իրոք բարձրարժեք գործեր, որոնք տպագրվեցին այդ տարիներին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930