Լոնդոնի գրքի տոնավաճառը հիմնադրվել է 1971 թվականին և 44 տարիների ընթացքում, իրավամբ, ձեռք բերել «Եվրոպական հրատարակիչների Մեքքա» անվանումը: Համաշխարհային հրատարակչական համայնքի հեղինակավոր այս հարթակը համարվում է նաև տարբեր մշակույթների հանդիպման վայր` հնարավոր բոլոր դրսևորումներով:
Լոնդոնի գրքի տոնավաճառը 2015 թվականին անցկացվում էր ապրիլի 14-16-ը, «Օլիմպիա» ցուցահանդեսային կենտրոնում: Այս տարի տոնավաճառի այցելուները հանդիպեցին գրքի և հրատարակչական գործի, ավելի քան 25.000 մասնագետների` գրողների, թարգմանիչների, հրատարակիչների, գրավաճառների, գրադարանային ոլորտի մասնագետների, գրքի գործակալների` աշխարհի 120 երկրից: Տոնավաճառի մասնակիցները հնարավորություն ունեցան շփվել հեղինակների հետ և առաջին ձեռքից ծանոթանալ հրատարակչական գործի ամենավերջին միտումներին: Լոնդոնի գրքի ցուցահանդեսի հիմնական առավելություններից մեկն այն էր, որ այստեղ ցուցադրված գրքերը ներկայացված էին մասնագիտական թեմատիկ բաժիններով, որոնցից են` գիտական-ակադեմիական, արվեստի, ճարտարապետության և դիզայնի, գեղարվեստական, պատմական, մանկապատանեկան և երիտասարդական, տեխնիկական, բնագիտական գրականության, անգլերենի ուսուցման և գրահրատարակչական գործի մեթոդական ձեռնարկներ, քարտեզներ, զբոսաշրջային ուղեցույցներ և այլն:
Հայաստանի Հանրապետությունն այս հեղինակավոր միջազգային հարթակին մասնակցում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ:
Ցուցահանդեսում ներկայացված էին վերջին տարիներին, ինչպես պետական պատվերով ու աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակչությունների նախաձեռնությամբ հրատարակված շուրջ 300 անուն գիրք` Հայաստանից և արտերկրից: Գեղարվեստական, պատմական, արվեստաբանական, գիտահանրամատչելի, մանկական գրականությունն ու արժեքավոր պատկերագրքերն այստեղ ներկայացվել են հայերենով, անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով: Առանձին բաժին էր հատկացված Հայոց ցեղասպանության թեման արծարծող գրականությանը:
Կարդացեք նաև
Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը տեղի է ունեցել ապրիլի 14-ին, ժամը 17:00-ին: Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը: Նախարարի տեղակալը, մասնավորապես նշել է, որ Հայաստանը վերջին տարիներին ակտիվորեն է մասնակցում Լոնդոնի գրքի տոնավաճառին: 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հեղինակավոր այս հարթակում Հայաստանը ներկայացել է Հայոց ցեղասպանության թեման բարձրաձայնող արժեքավոր հրատարակություններով, գրքերի շնորհանդեսներով և թեմատիկ այլ միջոցառումներով:
Բացման արարողության շրջանակում հոլանդացի բանաստեղծ, լրագրող, կինոքննադատ Սերժ վան Դայնհովեն, ով «Գրական տապան» փառատոնի շրջանակում այցելել էր Հայաստան, ներկայացրել է հայաստանյան թեմայով իր ստեղծագործություններից հատվածներ: Նրա խոսքով. «Սարսափներին վերաբերվելու հայկական ձևը ամենախորհունն ու խորն է: Հայերի պատասխանը շատ է տարբերվում դաժանության տկար մեթոդներից և իրենց դեմ սանձազերծված արնախմությունից: Հայերը բացառիկ զուսպ են և օժտված են ամեն գնով մարդկային, գթասիրտ ու խոնարհ մնալու կարողությամբ»:
Ապրիլի 14-16-ը տաղավարում կազմակերպվել են Հայոց ցեղասպանության թեմայով գրված և վերջերս հրատարակված մի շարք գրքերի ընթերցումներ, շնորհանդեսներ՝ հեղինակների մասնակցությամբ:
Կիպրոսում ծնված, Անգլիայում կրթություն ստացած գրող Նուրիցա Մաթոսյանը ներկայացրել է իր «Սև հրեշտակ. Արշիլ Գորկու կյանքը» կենսագրական գիրքը: «Արշիլ Գորկու մասին պատմող գիրքս լույս է տեսել 1998 թվականին և մեծ արձագանք ունեցել, որից հետո հրատարակվել է ևս երկու անգամ և թարգմանվել մի քանի լեզուներով: Նպատակս է աշխարհին ցույց տալ, որ Պիկասոյի կողքին կա նաև հայկական ծագումով մեծություն` Արշիլ Գորկին, ում ստեղծագործություններն ամբողջությամբ տոգորված են հայկական շնչով: Ուսումնասիրելով նրա կյանքը ես իմացա, որ մեծ նկարիչը նաև քաջարի մարտիկ էր, և դեռևս 13 տարեկանում մասնակցել է Վանի պաշտպանական մարտերին»:
Կայացել է Վասիլի Գրոսմանի «Հայկական ալբոմ» գրքի շնորհանդեսը, որը ներկայացրել է թարգմանիչ Ռոբերտ Չանդլերը: Գիրքը պատմում է Գրոսմանի՝ Խորհրդային տարիներին Հայաստանում անցկացրած ամիսների տպավորությունների մասին:
Ապրիլի 15-ին տեղի է ունեցել Ջորջ Ջերջյանի «Լուսաբաց մեկ դար անց» գրքի և ֆիլմի ներկայացումը: Այս վավերագրական ֆիլմը պատմում է գրող Ջորջ Ջերջյանի «Լուսաբաց մեկ դար անց» գրքի մասին: Գրքում ներկայացված է իր պապի կողմից արված հայրենի քաղաքի և քոլեջի լուսանկարների հավաքածուն: Հեղինակի պապը` Գրիգոր Ջերջյանը, 1900 թվականից մինչև 1907 թվականն իր հայրենի քաղաք Արաբկիրի և Էրզրումի շուրջ 240 լուսանկար է արել, որոնցից պահպանվել է միայն 100-ը: Այս լուսանկարներն արտացոլում են հայ ժողովրդի կյանքը: Ավելի քան մեկ դար լուսանկարները պահվել են մոխրագույն պողպատե արկղի մեջ, որը Արաբկիրից տեղափոխվել է Ալեքսանդրիա (Եգիպտոս), որտեղ այն մնացել է շուրջ 50 տարի: Ժառանգների հետ այդ արկղը տեղափոխվել է Խարթում (Սուդան), մնացել 20 տարի, ապա Լոնդոն (Անգլիա)` 30 տարի և հետո Վաշինգտոն՝ շուրջ 10 տարի: Այժմ, մեկդարյա խավարից հետո, այդ լուսանկարները լույս տեսան:
Այնուհետև, գրող Դագլաս Քալաջյանը ներկայացրել է «Հայրիկիս պատմությունները, որոնք երբեք չէին ավարտվում» գիրքը. «Հայրս երկար տարիներ լռում էր իր վշտի մասին, իսկ երբ սկսեց պատմել, ապա այդ պատմություններն ընդմիջվում էին երկար ու ծանր դադարներով: Հորս լռությունը` ծանր լռության տարիներ էին»: Գրքում հեղինակը ներկայացնում է եղեռնից մազապուրծ իր հոր` Նշանի դառը մանկությունը, կյանքը և հակադրում իր անհոգ, խաղաղ մանկությանը: Գրողի խոսքով, ինքը փորձել է մեկ պատմության մեջ միացնել երկու տարբեր աշխարհներ: Գիրքը հրատարակվել է 2014 թվականին, ԱՄՆ-ում:
Ապրիլի 15-ին, ժամը 18:30-ին, Լոնդոնի հեղինակավոր Բրիտանական ակադեմիայում տեղի է ունեցել նաև Ջեֆրի Ռոբերթսոնի «Անհարմար ցեղասպանություն. ո՞վ է հիմա հիշում հայերին» գրքի շնորհանդեսը: Միջազգային իրավունքի հանրահայտ մասնագետն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրներին և պատմական փաստի ճանաչման անհրաժեշտությանը: Հեղինակը՝ ներկաներին պատմել է նաև գրքի ստեղծման դրդապատճառների մասին, մասնագիտական գնահատական տալով Հայոց ցեղասպանությանը։ Իր ելույթից հետո հեղինակը պատասխանել է ներկաների հարցերին:
Ապրիլի 16-ին կայացել է Ռուբինա Սևաջեանի «Սուլթանի ստվերի տակ», Ջոնաթան Թեյլորի «Հյուրընկալում օտարներին»` Հայոց ցեղասպանության թեման արծարծող գրքերի ներկայացումը` հեղինակների կողմից:
Տոնավաճառի օրերին տաղավար են այցելել օտարազգի գրողներ, գրական գործակալներ, հրատարակիչներ, մտավորականներ, օտարագիր հայ գրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլոք:
Այս տարի ՀՀ մշակույթի նախարարության և Հայ գրականության հիմնադրամի համագործակցությամբ մեկնարկել է նպատակային թարգմանություններին աջակցելու ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է աջակցել արտերկրի այն հրատարակչություններին, որոնք կթարգմանեն և լույս կընծայեն Հայոց ցեղասպանությանը նվիրված գեղարվեստական և հանրամատչելի գրականություն: Լոնդոնի գրքի միջազգային ցուցահանդեսի ողջ ընթացքում ծրագրի ներկայացման նպատակով մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել արտերկրի հրատարակչությունների ներկայացուցիչների և գրական գործակալների հետ:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին