Մոսկվայում և Ռուսաստանի մյուս քաղաքներում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների պսակը, բոլոր իրավունքներով կարելի է անվանել «Ռուս հայկական համագործակցություն» և «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպությունների համատեղ կազմակերպմամբ Գորկու անվան կենտրոնական զբոսայգում տեղի ունեցած հանրահավաքը: Ճիշտ այնպես, ինչպես որ մյուս միջոցառումները` Միությունների տան Սյունազարդ դահլիճում, Երաժշտության միջազգային տան Սվետլանովյան դահլիճում և այլ հեղինակավոր հարթակներում: Դրանց հայկական ճանաչված կազմակերպությունների անդամների հետ միասին մասնակցեցին Ռուսաստանի պետական, քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Դատելով միջոցառումների մասնակիցների կազմից, ռուսաստանյան քաղաքական վերնախավը սկսել է ավելի բաց ու համարձակ խոսել Հայոց ցեղասպանության մասին: Հարցն այն է, որ գործնականում ռուսաստանյան պետական ու քաղաքական կառույցների կողմից հայերին աջակցության ամեն մի քայլ և խոսք առաջացնում է թուրքական ու ադրբեջանական դիվանագետների կայծակնային բողոքը, ովքեր հանդես են գալիս նամակներով, բողոքներով ու վերջնագրերով… Բայց, 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, մասնակիցների մեծ քանակությունը, պետական կառույցների և որ ոչ պակաս կարևոր է` բնակչության անկեղծ աջակցությունը, խամրեցրին և ոչ նշանակալից դարձրեցին թուրքական կողմի բողոքներն ու կոչերը: Ավելին, դրանք անտեղի և ձանձրալի դարձան:
Հնարավոր է, որ այդ պատճառով էլ հանրահավաքի կազմը հեղինակավոր ու տպավորող էր: Ռուսաստանի, Հայաստանի, ԼՂՀ և այլ երկրների դրոշներով պատված հրապարակում, ուր հավաքված էր ավելի քան երեք հազար մարդ, ինչը թեև շաբաթվա վերջին, բայց աշխատանքային օրվա համար աննախադեպ է, հանդես եկան ռուսաստանյան և հայ քաղաքական և հասարակական գործիչները. «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը, «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանը, Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովը, ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների հարցերով կոմիտեի փոխնախագահ, ներքին գործերի գեներալ-մայոր Տատյանա Մոսկալկովան, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Օլեգ Պոխալկովը, Մոսկվայի քաղաքային Դումայի պատգամավոր, անվտանգության կոմիտեի նախագահ Իննա Սվյատենկոն, Ռուսաստանի գրողների միության Մոսկվայի քաղաքային կազմակերպության նախագահ Վլադիմիր Բոյարինովը: Ռուսաստանյան բարեկամների հետ միասին հանրահավաքում ելույթ ունեցան ազգային համայնքների ներկայացուցիչները. «Ռուսաստանի վրացիների միության» նախագահ Միխայիլ Խուբուտիան, «Հոլոքոստ» գիտա-լուսավորչական կենտրոնի համանախագահ Իլյա Ալտմանը, Հունական երիտասարդական կազմակերպությունների ընկերակցության նախագահ Ալեքսեյ Չերքեզովը:
Կարդացեք նաև
Բոլոր ելույթ ունեցողները համերաշխություն և աջակցություն հայտնեցին ցեղասպանության ճանաչման և հետագայում դրա չկրկնման հարցում հայ ժողովրդի պահանջին: Նրանք արժանին մատուցեցին հայ ժողովրդի հերոսությանը և համբերությանը, ով իր մեջ ուժ գտավ և թուրք ժողովրդի նկատմամբ անհանդուրժողություն ու չարություն չդրսևորեց: Բոցաշունչ ելույթներից բացի հնչեցին նաև վառ բանաստեղծություններ հայ ժողովրդի ճակատագրի և օրհնյալ Արարատի մասին: Միտինգի ընթացքում, մասնակիցների և Հայաստանի ու Ղարաբաղի դրոշներով մեքենաների մեծ քանակության պատճառով մոտակա Ղրիմյան կամրջի վրա և այլ վայրերում խցանում էր առաջացել: Բայց, որքան էլ զարմանալի է, դժգոհություն և բողոքներ չեն լսվել և արձանագրվել:
«Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանի կարծիքով, 100-րդ տարելիցի միջոցառումների համառուսաստանյան հանձնաժողովի կողմից ապրիլին նախատեսված բոլոր միջոցառումները անցան կազմակերպական պատշաճ մակարդակով, ռուսաստանյան մեծ թվով քաղաքական գործիչների և ԶԼՄ-ների մասնակցությամբ: Նա հավելեց, որ ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը, այսօր ունենալով իր պետականությունը, բանակը, արտաքին քաղաքականությունը և դաշնակցային հարաբերություններ աշխարհի շատ երկրների հետ, իրավահավասարության դիրքերից է հետամուտ իր խնդիրների լուծմանը: Դա թույլ է տալիս, որ Ցեղասպանության 100–րդ տարելիցի սահմանը հատած հայ ժողովուրդը ավելի ինքնավստահ նայի Արարատին և իր ապագային:
Էդվարդ Սախինով