Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ աշակերտների ստեղծած «Autoschool» ծրագիրը կօգնի վարորդական իրավունք ստանալ

Ապրիլ 27,2015 13:30

«Autoschool»-ը «Այբ» ավագ դպրոցի սաների կողմից ստեղծված հայկական ծրագիր է, որի օգնությամբ կարելի է սովորել ճանապարհային նշաններն ու գծանշման ձեւերը: Նաեւ հնարավոր է հանձնել թեստեր՝ վարորդական իրավունքի քննություններին պատրաստվելու համար ու ստանալ գրեթե բոլոր հարցերի ճիշտ պատասխանների բացատրությունները: Ծրագրում տեղադրված են հենց այն թեստերը, որ հրապարակել է ոստիկանությունը եւ պետք է հանձնել քննության ժամանակ:

Ծրագիրը ստեղծած 3 աշակերտները

Ծրագիրը ստեղծած 3 աշակերտները. Մարտին Միրաքյան, Սամվել Աբրահամյան եւ Ալեքսեյ Գասպարյան

Հատկանշական է, որ ծրագիրը ստեղծել են 11-12-րդ դասարանների 3 աշակերտներ: Աշխատանքները տեւել են մեկ տարի: «Autoschool» ծրագրի ղեկավար, «Այբ» ավագ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Արամ Բաղդասարյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ իրենց դպրոցում, բացի հիմնական առարկաներից, կան ընտրովի առարկաներ, որոնք արդեն ծրագրի հիման վրա են, այսինքն՝ ընտրովի առարկաների վերջում պետք է նախագիծ ունենան. «Ունենք նաեւ «Մոբայլ» դաս, որի ընթացքում պետք է ծրագիր գրեին: Այդպես խումբը հավաքվեց, իրենք առաջարկեցին գաղափարը եւ սկսեցինք իրականացնել»:

Սովորաբար Android օպերացիոն համակարգի «Google Play» առցանց խանութում հայաստանյան ներբեռնումների առաջին տասնյակում արտասահմանյան ծրագրերն են, օրինակ` Facebook, Instagram, Viber, Skype, WhatsApp եւ այլն: Քիչ են լինում դեպքեր, երբ հայկական ծրագիրը հայտնվում է ներբեռնումների առաջատար տասնյակում: Այս առումով «Այբ»-ը լավ ցուցանիշ է գրանցել: Արամ Բաղդասարյանի տվյալներով՝ այս պահին ծրագիրը ներբեռնել է 62.000 հոգի, իսկ միջին գնահատականը 4.7 է. «Մի պահ ծրագիրը նույնիսկ առաջին տեղում էր»:

Ծրագրի ղեկավարն ասաց, որ «Autoschool»-ի iOS եւ Windows Phone օպերացիոն համակարգերի համար նախատեսված տարբերակը մոտակա ժամանակներս չի լինի. «Շատ երկար աշխատանք ու ժամանակ է դա պահանջում, որ աշակերտները սովորեն: Այժմ ավելի շատ հակված ենք այս տարբերակն ավելի լավացնելու: Իրենք դեռ պետք է սովորեն ինչպես iOS-ի եւ Windows Phone-ի համար ծրագիր գրել: Առաջիկա թարմացումից հետո հասանելի կլինի նույն թեստերի ռուսերեն տարբերակը, ինչպես նաեւ ավտոդպրոցների կոնտակտային հասցեներ, որտեղ նրանք կկարողանան գնալ սովորել»:

Ծրագրի ղեկավար Արամ Բաղդասարյան

Ծրագրի ղեկավար Արամ Բաղդասարյան

Խոսելով նմանատիպ այլ ծրագրերի ու կայքերի նկատմամբ առավելություններից՝ Արամ Բաղդասարյանն ասաց, որ եթե մարդիկ կայքով են փորձում սովորել վարել, կայքը ցանկացած պահի հասանելի չի, իսկ այս ծրագիրն անընդհատ ձեռքի տակ է. «Արդեն կան մեկնաբանություններ, որ այս ծրագրով սովորելով կարողացել են հաջողությամբ քննություն հանձնել եւ վարորդական իրավունք ստանալ»:

Ծրագիրը ստեղծողները դեռեւս չեն մտածում եկամուտ ստանալու մասին: «Նպատակն այն էր, որ մարդկանց օգնենք հեշտ պարապեն քննության համար ու աշակերտները, բացի գիտելիքից, ստանան հմտություններ, թե ոնց կարող են դրանք կիրառել գործնականում ու քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծրագրավորողների կարիք կա, աշակերտներն այդ տարիքից կարողանան ծրագիր գրել եւ ապագայում հեշտ աշխատանքի ընդունվեն: Առաջին փուլն ավարտենք, ծրագիրը ավելի լավ տեսքի բերենք ու արդեն կարող ենք բիզնես մասը մտածել».-ասաց ծրագրի ղեկավարը:

Արամ Բաղդասարյանը նշեց, որ «Այբ»-ում կան տարբեր խմբակներ, որտեղ կարելի է ծրագրավորում սովորել. «Կա «Գրաֆիկ դիզայն»-ի խմբակ, որտեղ, օրինակ, շենքի նախագիծ են անում: Կա «Ռոբոտիքսի» խումբը, որը մասնակցում է տարբեր միջազգային մրցույթների: Իսկ որպես պատրաստի ծրագիր, միայն «Autoschool»-ն է այժմ հասանելի»:

«Այբ» ավագ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչը նաեւ ընդգծեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագետների պակասի եւ պահանջներին չբավարարելու խնդրի մասին. «Հենց դպրոցական տարիքից կարելի է այսպիսի նախագծեր իրականացնել, որ ընդհանուր տարածում ունենա: Ու երեխաներն էլ ոչ միայն գիտելիք ստանան, այլեւ գործնականում կիրառեն իրենց հմտությունները եւ հետագայում մտնեն աշխատաշուկա ու հեշտությամբ աշխատանք գտնեն»:

ԱՇՈՏ ԻՍՐԱԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930