Լրահոս
Օրվա լրահոսը

Գոա․ երկինքի թե՞ երկրի վրա (Ֆոտոշարք)

Ապրիլ 27,2015 11:09

Հարգելի ընթերցող, արդեն պատմել եմ Ձեզ Գոայի պատմության մասին, դե իսկ այժմ էլ ժամանակն է խոսել տեղանքի աշխարհագրության մասին։ Հենց հիմա ես գտնվում եմ Բիչոլիմ քաղաքում, Մայեմ գեղատեսիլ լճի շրջակայքում ու կփորձեմ պատումս էլ նույնքան գեղատեսիլ դարձնել։ Մանավանդ, որ խոսելու ենք անչափ հետաքրքիր և ուսանելի աշխարհագրության մասին։

Գոան գտնվում է Հնդկաստանի հարավ-արևմուտքում, այն երկրի 28 նահանգներից ամենափոքրն է։ «Мал золотник, да дорог»,- ոնց ասում է իմաստուն ռուս ժողովուրդը։ Նահանգի տարածքը զբաղեցնում է 3702 քառակուսի կիլոմետր, դե իսկ առափնյա գծի երկարությունն այստեղ կազմում է 101 կիլոմետր։ Այո, այո, Գոայի հյուսիսի, կենտրոնի ու հարավի բոլոր դրախտային լողափերը ձգվում են այստեղ 101 կիլոմետր երկայնքով։

Գոան գտնվում է Հինդուստան թերակղզու արևմտյան ափի կենտրոնական հատվածում։ Դրա հարևաններն են՝ հյուսիսում Մախարաշտրա նահանգը, կենտրոնը՝ Մումբաի կամ Բոմբեյ, որտեղ հանրահայտ Բոլիվուդն է գտնվում՝ հնդկական «անուրջների ֆաբրիկան»։ Դե իսկ արևելքում՝ Կարնատական, կենտրոնը՝ Բանգալոր։ Ափը ողողվում է Արաբական ծովի կապտա-կանաչավուն ջրերով, որոնք մասն են կազմում խորը, անհատակ Հնդկական օվկիանոսի, գտնվելով դրա հյուսիսային մասում։ Գոայի բարձրությունը կազմում է 0-1167 մետր ծովի մակերևույթից վերև։ Մայրաքաղաքն ու վարչական կենտրոնը՝ Փանաջի կամ Պանջիմ։ Նախկին մայրաքաղաքը կամ «հին քաղաքը»՝ Հին Գոա (Old Goa)։ Բնակչությունը՝ 1,5 մլն մարդ (1 457 723 մարդ)։ Խոսում են այստեղ անգլերեն ու պորտուգալերեն, ու նաև հինդի, կոնկանի, մարատհի տեղական լեզուներով ու դիալեկտներով։

PrevPhoto
NextPhoto

Դե իսկ հիմա էլ կլիմայի մասին։ Այս անչափ օգտակար տեղեկությունը կհետաքրքրի հատկապես տուրիստներին, թե որ սեզոնին որտեղ գալ և որտեղ կազմակերպել հանգիստը։ ԵՎ այսպես, կլիման այստեղ մերձէկվատորիալ է, ասել է թե՝ մերձհասարակածային, 2 անփոփոխ սեզոնով։ Հոկտեմբեր ամսից մինչև մայիս այստեղ նորմալ, չոր կլիմա է, այսպես ասած, տուրիստական սեզոն, երանություն։ Օդի ջերմաստիճանը՝ 30-35 աստիճան, իսկ ջրինը՝ 28 աստիճան։ Մայիսին այստեղ շատ շոգ է դառնում, ուղղակի անտանելի, և նույնիսկ օդափոխության համակարգը չի փրկում։ Ի դեպ, մեկ վայրում օդափոխության առկայության, դրա լինել-չլինելու հարցն այստեղ գրեթե գոյաբանական է։

Մայիս ամսին այստեղից Հիմալայներ փախչելու անհաղթահարելի ցանկություն է առաջանում։ Դե կամ էլ պարզապես տանը նստելու և գրելու, ինչպես որ ես եմ այժմ վարվում։ Դե իսկ արդեն մեկ ու կես ամսից, հունիսի կեսերից սկսվում է մուսոնների ու անձրևների սեզոնը։ Օդի ջերմաստիճանը իջնում է, չէ, շատ չէ, մինչև 25-30 աստիճան, իսկ ջրինեը՝ ընդհակառակը, բարձրանում մինչև 30 աստիճան։ Այս ժամանակ լողանալ առանձնապես խորհուրդ չի տրվում։ Կարելի է պարզապես անձրևանոցի կամ էլ ապահով ծածկի տակ նստել ու վայելել անձրևը․․․դրա կաթիլների սիմֆոնիան, կաթիլների, որոնք բախվում են չոր տանիքին և, հաղթահարելով նյութի դիմադրությունը, ստեղծում բնական հարմոնիա։ Դրան գումարած նաև հարևան անտառից, պարզ ասած՝ ջունգլիից, եկած անտառային կենդանիների թռչունների ձայները, և կիսաֆանտաստիկ, բայց շատ իրական, տեղ-տեղ սյուրռեալիստական բնանկարը պատրաստ է։

Ի դեպ, Գոայի բուսականությունը այդքան առատ է, խիտ ու փարթամ հենց այս անմարդկային հորդառատ անձրևների պատճառով։ Ամեն բան այստեղ դեպի երկինք է ձգվում, դեպի արարիչը, Բրահմանը։ Մի խոսքով, հարգելի ապագա տուրիստներ ջան, հորդորում եմ Ձեզ, Գոա եկեք հոկտեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում։ Դե եթե հանգիստն եք Ձեր ուզում վայելել, դե իսկ եթե ուզում եք կյանքի ժամանակա-տարածական մեկ այլ, վերացական չափման մեջ հայտնվել, դե ասենք օրինակի համար, գնալ աշրամ (հինդուիստական վանք, հոգևոր համայնք), զբաղվել յոգայով, մեդիատացիայով, անվերջ մանտրաներ կրկնել և կամ էլ այուրվեդայի բուժիչ սեանսներին հաճախել, ապա ուրեմն այցելեք հենց հիմա։ Առայժմ այսքանը։ Շարունակելի․․․

 

Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆ

Հնդկաստան, Գոա նահանգ, Բիչոլիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930