Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Խեչանյան. «Սպորտն անկանխատեսելի է անակնկալներով»

Ապրիլ 27,2015 13:00

Թբիլիսիում ավարտված ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտում նվաճեց 1 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ:

«Առավոտի» հետ զրույցում մեր ընտրանիների ընդհանուր մասնակցությունը գնահատում եւ անելիքները ներկայացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանը:

– Գո՞հ եք մեր հավաքականների ցույց տված արդյունքներից:

– Ընդհանուր առմամբ՝ մասնակցությունը գնահատում եմ լավ: Եթե նկատի առնենք, որ վերջին տարիներին մենք Եվրոպայի չեմպիոն չունեինք, Տիգրան Մարտիրոսյանի նվաճած ոսկին անխոս առաջընթաց քայլ է: Անցած տարվա երկու արծաթե մեդալներից մեկը վերածվեց ոսկու: Իսկ մեր ծանրորդների նվաճած ընդհանուր ութ մեդալները (2 ոսկե, 4 արծաթե, 2 բրոնզե) 40-ից ավելի երկրների պայքարում վատ ցուցանիշ չէ: Թեեւ, կրկնում եմ, ավելիին էի սպասում: Բայց սպորտն անկանխատեսելի է հաճելի եւ տհաճ անակնկալներով:

– Մենք բոլորս ուղիղ հեռարձակմամբ հետեւում էինք մեր մարզիկների մրցելույթներին: Ու տեսանք, որ հույսերն ավելի շատ արդարացրին ամենափորձառուները:

– Դա եւ ուրախացնող փաստ է, եւ հուսադրող: Ուրախացնող է, որ Տիգրան Մարտիրոսյանը, որը երկար ժամանակ վնասվածքներից ապաքինվելու պատճառով ոչ միայն մրցումների չէր մասնակցում, այլեւ՝ մարզումների, համառության ու նպատակասլացության շնորհիվ երեք-չորս ամսում կարողացավ մարզավիճակ ձեռք բերել եւ վերադարձնել Եվրոպայի ոսկին՝ դառնալով Հին Աշխարհամասի եռակի չեմպիոն: Ուրախացնում է Հռիփսիմե Խուրշուդյանը, որը մայր դառնալուց հետո իր խոստմանը հավատարիմ՝ վերադարձել է մեծ սպորտ եւ մրցումից-մրցում ավելացնում է բարձրացվող կիլոգրամները, վստահությունը վերականգնում: Նույնը վերաբերում է Սմբատ Մարգարյանին եւ Անդրանիկ Կարապետյանին: Մյուսներն էլ, բացի Աղասի Աղասյանից, միավորներ բերեցին թիմային հաշվարկին:

– Երիտասարդ ծանրորդների մասին ի՞նչ կասեք:

– Նրանցից էլ ակնկալիքներն ավելի մեծ էին: Բայց արեցին այն, ինչ այդ պահին կարողացան: Անդրանիկ Կարապետյանը դեռ 20 տարեկան է, Սիմոն Մարտիրոսյանը՝ 18, Իզաբելլա Յայլյանը՝ 20: Նրանք աճելու տեղ դեռ ունեն ու իրենց դեռ ցույց կտան:

– Նկատի ունեք մինչեւ աշխարհի առաջնությո՞ւնը:

– Նաեւ օլիմպիական խաղերը:

– Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությունում վերջնականապես որոշվելու է, թե Հայաստանը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում քանի՞ ծանրորդով հանդես կգա: Ձեր կանխատեսումները:

– Անցած տարվա արդյունքներով մենք օլիմպիական խաղերում ունենք տղամարդկանց՝ 5, կանանց՝ 2 տեղ: Մեր նպատակն այս տարի տղամարդկանց հինգ տեղերը պահպանելն է, իսկ կանանց համար վերջնահաշվարկում մեկ տեղ ավելացնելը:

– Դրա համար ի՞նչ է հարկավոր անել:

– Աշխարհի առաջնությունում առավելագույն վարկանիշային միավորներ վաստակել: Իսկ դրա համար ֆեդերացիայի նախագահ Արմեն Շահազիզյանը ոչինչ չի խնայելու: Ուսումնամարզական հավաքները, որ կազմել ու հաստատել է ֆեդերացիան, կանցկացվեն ամենաբարձր մակարդակով: Ավելին ասեմ. նախատեսել եւ այդ ուղղությամբ արդեն աշխատում ենք, որպեսզի այս տարվա աշխարհի առաջնության նախապատրաստության եզրափակիչ հավաքը կազմակերպենք ԱՄՆ-ում, քանի որ ծանրորդների կլիմայափոխությունը վճռորոշ դերակատարություն է ունենալու: Իսկ մինչ այդ, աշխարհի առաջնության եւ օլիմպիական խաղերի թեկնածուները կգտնվեն լիարժեք հավաքներում, մի քանիսը կմասնակցեն միջազգային պաշտոնական մրցումների ու այնտեղ «ետ կբերեն» այն մեդալները, որոնք չնվաճվեցին Եվրոպայի այս առաջնությունում:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930