Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային բանակը եւ «ձեդովշչինան»

Ապրիլ 27,2015 12:00

Խորհրդային բանակում ծառայած իմ սերնդակիցները լավ են հիշում, որ, բանակային գրված կարգուկանոնից բացի, խորհրդային բանակում նաեւ չգրված կարգուկանոն ու օրենքներ էին գործում:

Համաձայն այդ չգրված օրենքների՝ նորակոչիկներն անհամեմատ ծանրաբեռնված էին ծառայում, քան մի տարուց ավելի ծառայածները, եւ մի տարուց ավելի ծառայած վետերաններն ու «ստարիկներն» իրենք էին վերահսկում նորակոչիկների ծառայությունն ու շարքայինների կարգուկանոնը: Բանակի կամ տվյալ զորամասի բարձրաստիճանները քաջատեղյակ էին այդ հարաբերություններին, բայց, քաջատեղյակ լինելով հանդերձ, չէին միջամտում եւ, փաստորեն, թողնում էին, որ շարքային հին ու նոր զինվորականներն ընդունված իներցիայով վերահսկեին իրար: Վետերաններն ու «ստարիկները» բացարձակ իշխանություն ունեին «մոլոդոյների» ու «սալագների» վրա: Բացառություններ եղել են, իհարկե, բայց դրանք օրինաչափություն չէին դառնում:

Փաստորեն, բանակային ու բանտային ներքին դրվածքները որոշ ու որոշակի ընդհանրություն ունեին: Այսօր էլ որոշ չափով ունեն: Նաեւ՝ Հայաստանում: Կան եւ հոլովվում են «զոն նայողներ» եւ «չաստ նայողներ» արտահայտությունները:
Բանակում ծառայածները սովորաբար սիրում են պատմել իրենց բանակային կյանքից ու քաջագործություններից: Ըստ այդ հրաշապատումների հեղինակների՝ նրանցից որեւէ մեկը բանակում «սալագ» չի եղել: Առաջ էլ էին գլուխ գովում, հիմա էլ: Առաջ այդ հեքիաթներին հավատացող չկար, հիմա կա: Հիմա ամեն ինչի հավատում ենք, որովհետեւ ինչպես դրսի կյանքում, այնպես էլ բանակայինում, փողն է շատ բան որոշում: Շատ ծառայածներ գլուխ են գովում, որ ոչ միայն «սալագ» չեն եղել, այլեւ հազարից մեկ են զորամասում քնել: Փողին մուննաթ:

Մենք առավոտից իրիկուն կոռուպցիայից ենք խոսում, բայց բանակում տիրող կոռուպցիայի մասին գրեթե չենք խոսում: Բանակում տիրող անառողջ բարքերի մասին շատ ենք խոսում, բայց բանակում տիրող կոռուպցիայի մասին չենք խոսում կամ գրեթե չենք խոսում: Առավել եւս՝ բանակում տիրող կոռուպցիան չի բացահայտվում կամ գրեթե չի բացահայտվում: Լավագույն դեպքում գոմեշի մսի հետ կապված ինչ-որ հանգամանքներ են ի հայտ բերվում, բայց դրանք բանակում տիրող կոռուպցիայի մի չնչին մասն են, ընդ որում՝ ոչ ամենակարեւոր:

Փաստը փաստ է, որ մեր ազգային բանակում սպանություններն ու ինքնասպանություններն անպակաս են: Արդեն նույնիսկ դասալքության եւ ադրբեջանցիների կողմն անցնելու փաստ ունենք, եւ չնայած որեւէ մեկս դասալքությունն ու դավաճանությունն արդարացնելու պատճառներ չենք փնտրում, դա ամենեւին չի նշանակում, թե պիտի աչք փակենք մեր բանակում տիրող անկարգությունների ու անառողջ բարքերի վրա:

Ասացինք, որ խորհրդային բանակում «ձեդովշչինան» որոշակի կարգուկանոն էր ապահովում, եւ չնայած «ձեդովշչինան» անօրինական երեւույթ էր, այդուհանդերձ, բազմիցս փորձված եւ, փաստորեն, լավագույն տարբերակն էր, եւ, փաստորեն, «ձեդովշչինայի» շնորհիվ սովետական բանակում հարաբերական հավասարություն էր ապահովվում. առաջին շրջանում դու էիր «պախատ» անում, երկրորդ շրջանում՝ ուրիշները: Համարյա երկաթյա օրենք էր:

Ասվածը չի նշանակում, թե մեր ազգային բանակում էլ պիտի «ձեդովշչինա» մտցվի: Եթե հնարավոր լիներ, վաղուց մտած կլիներ: Չնչին չափով «ձեդովշչինա» երեւի կա, բայց միայն արտոնյալների ու ընտրյալների համար: Այսինքն՝ «պապայի բալեքի» համար, որոնք ծառայության առաջին օրվանից են արտոնյալ վիճակում հայտնվում:
Իսկ առավել արտոնյալներն ընդհանրապես կամ բժշկի թղթով են բանակից ազատվում, կամ էլ ասպիրանտուրա ընդունվում, դիսերտացիա են պաշտպանում ու էդպես են բանակից խուսափում:

Մինչդեռ բանակ գնացած սովորական ծնողների սովորական երեխաների համար, ինչպես նաեւ համեստ ու ոչ «դուխավիկ» տղերքի համար բանակն իսկական պատիժ ու տանջանք է դառնում:

Չենք կարծում, թե բանակի հրամանատարների ու ղեկավարների համար բանակում կարգուկանոն ապահովելը հեշտ գործ է:

Փաստորեն, «ձեդովշչինան» բացառվում է, եւ մնում է բանակում օրինական կերպով ու օրինական ճանապարհով կարգուկանոն ապահովելու տարբերակը: Փաստորեն, այլ տարբերակ ու այլ ճանապարհ չկա: Խստությունն ու խստապահանջությունը միակ տարբերակն է, ընդ որում՝ բոլորի հանդեպ անխտիր ու հավասարապես:
Դժվարին խնդիր է, բայց այլ տարբերակ ու այլ ճանապարհ չունենք: Այս կիսապատերազմական վիճակում այլ ճանապարհ չկա: Եթե, իհարկե, չենք ուզում, որ սահմանին ու մեր բանակի ներսում նորանոր զոհեր լինեն:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
25.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930