Յաւարտ կանանց միամսեակի եւ ի նշան տղամարդկանց «ձայնի իրաւունքի» վերականգնման թոյլ տուէք մի քանի դիտարկում անել հայոց տօնացոյցի վերաբերեալ: Հայաստանում գործող պաշտօնական տօնացոյցը յաճախ զաւեշտ է յիշեցնում: Տօնն, առհասարակ, կարեւոր առաքելութիւն պիտի ունենայ, որի կարեւոր բաղադրիչներից մէկը ուսուցողական լինելն է: Արդեօ՞ք այդպէս է մեր պարագայում: Հայաստանում նշուող որոշ տօներ կամ յիշատակի օրեր պարզապէս անյարիր են մեզ, եթէ չասեմ՝ ամօթալի: Ցայտուն օրինակ են Մարտի 8-ը եւ մեռելոցները: Մեծագոյն խանդավառութեամբ Մարտի 8 են նշում մի երկրում, որտեղ սեռային անհաւասարութիւնն առաւել քան ընդգծուած է եւ որտեղ մեծ թիւ են կազմում յղիութեան՝ սեռով պայմանաւորուած արհեստական ընդհատումները: Խնդիրն այն է, որ այս տօնը վերածուել է կրկէսային ներկայացման եւ փոխանակ օգնի յաղթահարել սեռային անհաւասարութիւնը, դեռ մի բան էլ ընդգծում է արական սեռի «վերադաս» դիրքը, նրա «ողորմածութիւնը» ու «մեծահոգութիւնը»: Եթէ ես կին լինէի, պարզապէս կ՚ամաչէի, երբ այդ օրն ինձ շնորհաւորէին: Այս տօնն անհեթեթ է նաեւ պատմական տեսանկիւնից: Կարծէք՝ հազարամեակներ շարունակ հայերը խարխափում էին խաւարի մէջ եւ ահա Ռոզա Լիւքսեմբուրգն ու Կլարա Ցետկինը լուսաւորեցին մեզ: Գուցէ Հրանուշ Յակոբեանին խնդրենք յետմահու մեդալ շնորհի նրանց:
Ի վերջոյ, ի՞նչ է նշանակում «կանանց եւ գեղեցկութեան օր»: Խտրականութիւնը վերացնելու նպատակով «կանանց եւ նրանց գեղեցկութիւնը» գովերգելն արդէն իսկ խտրականութիւն է նշանակում: Այս համատեքստում աւելի ընկալելի կը լինէր Ապրիլի 7-ը նշելը, քանզի մայրութիւնն իսկապէս եզակի երեւոյթ է կենդանական աշխարհում՝ մանաւանդ հաշուի առնելով, որ այդ տօնը գեղեցիկ քրիստոնէական նախապատմութիւն ունի: Առանձնակի ծաղրուծանակ է այդ օրերին Երեւանի քաղաքապետարանի ակտիվութիւնը. ծաղիկներ են բաժանում օդակայանում, բակերում, հրապարակներում, որը երբեմն աւարտւում է կանանց հրմշտոցով ու ծեծուջարդով: Յարգելի Տարօն Մարգարեան, Դուք կարեւորը անկարեւորից ունա՞կ էք տարբերել. բազմաբնակարան շէնքերի աղբի գարշահոտութիւնը (մարդ ամաչում է՝ արտասահմանցի ընկերներին Երեւան հրաւիրի), երթեւեկութիւնը շախմատի ձիու դիրքով եւ բազում այլ խնդիրներ շատ աւելի հրատապ են, քան փողոցում ծաղիկ բաժանելը: Աւելին, վերջերս Երեւանում վերելակն ընկաւ հորը ու մի կին մահացաւ: Քաղաքակիրթ երկրներում Ձեզ վաղո՜ւց պաշտօնանկ կ՚անէին նման անփութութեան համար: Մինդեռ քաղաքապետարանը օդապարիկներով ու կառքերով կանանց օրն է նշում:
Յաջորդ ամօթալի իրողութիւնը մեռելոցն է: Ի՞նչ է նշանակում տարին 5 անգամ հանգուցեալների յիշատակի օր: Ե՞րբ պիտի սգաւորի մեր հոգեբանութիւնը փոխուի: Ե՞րբ պիտի կերպարանափոխուենք ու դառնանք կենսախինդ ազգ: Որոշ հոգեւորականներ մեռելոցի փաստը բացատրում են այն հանգամանքով, թէ իբր տաղաւար տօնին եկեղեցի յաճախելու փոխարէն մարդիկ գնում են գերեզմաններ: Եթէ Յարութեան տօնին, որը դատարկ գերեզմանն է խորհրդանշում, մարդիկ այցելում են գերեզմաններ, ուրեմն ի սկզբանէ այդ տօնի իմաստը չեն հասկացել: Ուրեմն եկեղեցին խնդիր ունի իր հօտին բացատրելու այս պարզ ճշմարտութիւնը, եւ տաղաւար տօնին յաջորող օրը ոչ աշխատանքային դարձնելը բնաւ լուծում չէ: Ի վերջոյ, հանգուցեալներին եկէք հանգիստ թողնենք: Նրանց շիրիմներին մոմ վառելը կէս ժամուայ գործ է: Ու բնաւ կարիք չկայ դէմքին միւռոն քսել ու վիշտն աշխարհով մէկ տարփողել:
«Սգապաշտութեան» մէկ այլ կարկառուն օրինակ է Մեծ եղեռնի օրը: Զոհերի յիշատակը սառնասրտօրէն, նպատակասլաց, առանց աւելորդ յուզականութեան նշելու փոխարէն տարեցտարի անհաճոյ բաղադրիչներ ենք աւելացնում, ինչպէս օրինակ դպրոցականների պատուոյ պահակախումբը: Դա այն աստիճան քաղքենի է, որ կը գերադասէի շրջանցել, եթէ չլինէր մտայղացման հեղինակի անթաքոյց հրճուանքը: Հաւանաբար, սոյն պաշտօնեան կարծում է, թէ դա կարեւոր ռազմահայրենասիրական քայլ է: Յարգելի նախարար, այդ երեխաներին ուրիշ բանով զարմացրէք. 21-րդ դարի գիտութիւնն ու կրթութիւնը վաղո՜ւց թեւակոխել են կոմունիստական այդ յետամնաց մտածելակերպը:
Պարզւում է Ապրիլ 24-ը բաւարար չէ Ցեղասպանութեան յիշատակը ոգեկոչելու համար: Եւ վերջերս, ԱԺ-ում քննարկւում էր եւս մի օր «յատկացնել» ցեղասպանութիւններին (կարծեմ՝ դեկտեմբերին): Վստահեցնում եմ, որ անթիւ-անհամար մեռելոցներով եւ ցեղասպանութեան օրերով կարող ենք Գինեսի ռեկորդ սահմանել:
Անձնապէս, իմ խորին փափագն է, որ մի օր հայերը օգոստոս 11-ին վերստին նշեն հին հայկական ամանորը՝ Նաւասարդը եւ կազմակերպեն Նաւասարդեան խաղեր: Դա կարող է իսկական խրախճանք առաջացնել ամբողջ Հայաստանով մէկ՝ գրաւելով բազմահազար զբօսաշրջիկների, ներառեալ՝ սփիւռքահայերը: Օգոստոսեան կիզիչ արեւ, հիանալի բնութիւն, միրգ-բանջարեղէն, երգուպար. ուրիշ ի՞նչ է պէտք ուրախանալու համար: Այդ օրերին կարելի է կազմակերպել միջմարզային մրցոյթներ, փառատօներ: Կարելի է մէկ օր նուիրել ազգային փոքրամասնութիւններին, ծանօթանալ նրանց մշակոյթին, խոհանոցին: Ի վերջոյ, Հայաստանում յոյներ, ասորիներ, հրեաներ, հնդիկներ, իրանցիներ են ապրում, որոնք անասելի հարուստ մշակոյթ ունեն, եւ բազմաթիւ հայաստանցիներ, ցաւօք, անհաղորդ են նրանց մշակոյթին: Կարելի է եւ անհրաժեշտ է Նաւասարդեան օրերին ժամանակակից շունչ հաղորդել. օրինակ՝ բնապահպանական օր յայտարարել՝ «Ճանաչենք հայրենի բնութիւնը եւ յուշարձանները» կարգախօսով: Կազմակերպենք արշաւներ, ծանօթանանք մեր մշակութային ժառանգութեանը, խնամենք ու կարգի բերենք պատմական յուշարձանները, կանաչ գոտիները:
Միով բանիւ, ըստ իս, հայոց տօնացոյցը 4 հիմնական շրջան պիտի ունենայ՝ (Ամանոր) Սուրբ Ծնունդ եւ Զատիկ, որ խորհրդանշում են քրիստոնէութիւնը, Նաւասարդ, որ խորհրդանշում է հեթանոսական մեր անցեալը եւ Անկախութեան օր՝ որպէս պատմական արդի իրողութիւն: Որպէս յիշատակի օր պէտք է թողնել միայն Ապրիլ 24-ը: Մնացածը կա՛մ երկրորդական տօներ են (Յունուար 28, Մայիսի 8-9 եւ այլն ) եւ պիտի նշուեն աւելի համեստ կա՛մ էլ անպիտան տօներ են (Մարտի 8, Մայիսի 1, մեռելոցներ):
ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐԵԱՆ
Մայնի Ֆրանկֆուրտ,
Գերմանիա
«Առավոտ» օրաթերթ
25.03.2015