Մայիսի 17-ին ՝Վանաձորի «Շառլ Ազնավուրի» անվան պալատում, «Հորովել» երգի-պարի անսամբլը , Գյումրու Վ. Աճեմյանի և Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնները հանդես կգան համատեղ համերգ-ներկայացմամբ: Մինչ համերգի նշանակված օրը նախատեսվում են հանդիպումներ հորովելցիների և մեծանուն արվեստագետների հետ: Այս անգամ հորովելցիներին հյուրընկալվել է օպերային ռեժիսոր Ժաննետ Աստերը: Տեղեկացնենք, որ Ֆրանցիայից ժամանած օպերային ռեժիսորն Հայաստան է եկել մասնակցելու «Վերածնունդ» 7 -րդ միջազգային մրցույթ -փառատոնին, որտեղ ռեժիսորը ժյուրիի անդամ է, և ինչպես ժյուրիի մյուս անդամները նա ևս մասնակիցների համար վարպետության դասեր կանցկացնի Երեւանում և Գյումրիում:
Օպերային ռեժիսորը, ներկա լինելով հորովելցիների փորձին և տեսնելով նրանց կատարած աշխատանքը՝ տպավորություններով կիսվեց մեզ հետ և իր գնահատականը տվեց հորովելցիների կատարած աշխատանքին:
Ժաննետը Երեւան կատարած այցելության ժամանակ շատ պարային խմբերի է այցելել, բայց ինչպես ինքն է փաստում ՝«Հորովել» երգի-պարի անսամբլը զարգացած է տեխնիկապես և հաջողությամբ կատարում է ամեն հնարավորը՝ հայ ազգի մշակույթը պատվով ներկայացնելու համար:
«Այսօր մենք ապրում ենք համընդհանուր հասարակության մեջ, սակայն դա չի նշանակում, որ մենք բոլորս նույնն ենք. յուրաքանչյուրը բերում է իր անհատականությունն ու ինքնությունը: Հորովելցիները նաև իրենց բարձր աստիճանի կարգապահությամբ են աչքի ընկնում»,-մեզ հետ զրույցում նշեց ռեժիսորը: Մեր զրուցակիցը կարևորեց ժամանակակից պարարվեստում թատրոնի եւ պարի միաձուլումը:
«Կարծում եմ՝ այսօր, նույնիսկ ազգային պարի ավանդույթները պահպանելու դեպքում, դա կարեւոր է, քանի որ հասարակությունը էմոցիոնալ պասիվություն է ցուցաբերում եւ նրանք ուժեղ տեսողական ու դրամատիկ էլեմենտների կարիք ունեն կենդանի կատարմանը մասնակցելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ պարը ցանկացած տեսակի էմոցիոնալ ամենաբնական ու բնազդային դրսեւորումն է, ուստի հրաշալի է, որ Հայաստանն ունի ցանկություն պահպանելու եւ աճելու իր իսկ մշակույթում, որի հիմքերը ազգի արմատներում են, որը վերջին տարիներին ընդարձակել է պարային տեսակը՝ միաձուլելով դասական եւ ժամանակակից պարերը ազգային-ավանդական պարերի հետ: Ժաննետը դժվարացավ ասել, թե ինչ կտանի հանդիսատեսը իր հետ համերգից հետո, սակայն մի բան նրա համար հստակ է՝ հանդիսատեսը կլցվի հորովելցիների լույսով եւ էներգիայով:
Ստելլա Հարությունյան