Ապրիլի 24-25-ին Չինաստանի Նանջինգ և Շանհայ քաղաքներում տեղի ունեցան համայնքի կողմից կազմակերպված մի շարք միջոցառումներ՝ նվիրված ՀայոցՑեղասպանության 100-րդ տարելիցին:
Հայոց ցեղասպանության հիշատակման հիմնական միջոցառումները տեղի ունեցան
Նանջինգ քաղաքում: Նանջինգն ընտրված էր, որպես ցեղասպանության հիշատակման կենտրոն, քանի որ 1937թ. ճապոնացիները Նանջինգում կոտորել են 300.000
չինացիների և այս առումով հայերին ու չինացիներին միավորող նմանատիպ վիշտ
կար: Ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում, այնպես էլ Նանջինգի
կոտորածների դեպքում՝ կազմակերպիչները չեն ընդունում իրենց
մեղավորությունը:
Ապրիլի 25-ին Չինաստանում հայկական համայնքի անդամներն այցելեցին
Նանջինգի Ցեղասպանության թանգարան և ծաղիկներ դրեցին՝ ի հիշատակ Հայոց
ցեղասպանության և Նանջինգի կոտորածների զոհերի հիշատակի:
Ապրիլի 25-ին Նանջինգի Արվեստի համալսարանի ցուցասրահում կայացավ
Գեղանկարիչ Սեվադա Գրիգորյանի «Զարթոնք» խորագիրը կրող նկարների
ցուցահանդեսը, որը ներկայացնում է հայկական գաղթը և հայրենիք
վերադառնալու մեծ երազանքը: Սևադա Գրիգորյանն իր խոսքում կարևորեց
հայկական մշակույթն օտար ազգերին ներկայացնելու հանգամանքը: Բացման
արարողությանը ներկաներն ունկնդրեցին Հայոց ցեղասպանության խորհրդանիշը
հանդիսացող Դլե յաման ստեղծագործությունը, որը կատարեց դուդուկահար Վահե
Դեր Հովակիմյանը:
Նանջինգի Արվեստի համալսարանի Մեծ համերգասրահում՝ Մոսկվայի արվեստի և
մշակույթի համալսարանի ավագ դասախոս, դաշնակահար Միքայել Հայրապետյանը
հանդիսատեսին ներկայացրեց «Հայաստանի գաղտնիքները» դաշնամուրային
համերգային ծրագիրը, որը ներկայացնում է հայ կոմպոզիտորների դասական
երաժշտության ստեղծագործությունները:
Միքայել Հայրապետյանը նշեց. «Մեր համար մեծ պատիվ է չինացի ընկերներին
ներկայացնել հայկական դասական երաժշտությունը»:
Համերգից հետո ցուցադրվեց Միքայել Հակոբյանի հայոց ցեղասպանության մասին
պատմող «Գետը հոսում է կարմիր» ֆիլմը: Կարևոր է նշել, որ ֆիլմն առաջին
անգամ թարգմանվել է չինարեն:
Կարդացեք նաև
Համերգից հետո տեղի ունեցավ հուշ-երեկո, որի ընթացքում Չինաստանի
հայկական համայնքի անդամները ներկայացրեցին իրենց նախնիների՝
ցեղասպանության մասին պատմած տեղեկությունները՝ հաստատելով, որ հիշում են
և պահանջում:
Միջոցառումներին մասնակցեցին Գուանջոում, Շենժենում, Հոնկոնգում
Նանջինգում, Պեկինում, Շանհայում, Սուջոյում, Տիանճինում, Սիանում,
Ֆոշանում, բնակվող հայերը: Միջոցառումները կարևորվում են նրանով, որ
մասնակցեցին հարյուրավոր չինացիներ և այլազգիներ, ստացան Հայոց
ցեղասպանության մասին տեղեկատվություն, ծանոթացան հայկական արվեստին:
Ապրիլի 24-ին Շանհայի կենտրոնում՝ Բունդում, տեղի ունեցավ Հայոց
ցեղասպանության հիշատակման երեկո: Ներկաները ծանոթացան հայկական դասական երաժշտությանն ու պարարվեստին: Չինացի նկարիչ ուսանողները ներկայացրել էին Հայոց ցեղասպանության վերաբերյալ նկարներ: Շանհայ քաղաքում ուսանող ջութակահարուհի Աստղիկ Պողոսյանը նշեց, որ նպատակ են ունեցել չինացի ընկերների հետ կիսվել մեր հարուստ մշակույթով: Երեկոն ավարտվեց
ցեղասպանության զոհերի հիշատակին կազմակերպված մոմավառությամբ:
Ապրիլի 24-ին ՀՀ դեսպանատանը ցուցադրվեց Ռուբեն Գինեյի մրցանակակիր
փաստագրական ֆիլմը, որը կոչվում է «Անդին. Հայոց ճանապարհորդության
տարեգրությունը»: Ֆիլմը պատմում է Չինաստանում հայերի ներկայության
պատմությունը, ինչպես նաև անդրադառնում է 2 հին քաղաքակրթությունները
միավորող կապերին:
«Չինաստանը հյուրընկալել է հայերին մոտ 400 տարի, հայերն ու չինացիները
բազմաթիվ մշակութային նմանություններ ունեն: Մեր մշակույթը ներկայացնելու
միջոցով շնորհակալություն ենք հայտնում չինացի ընկերներին մեզ
հյուրընկալելու համար»:
Չինաստանի հայկական համայնք