Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նոր՝ «1915» գեղարվեստական ֆիլմն այսօր ներկայացվեց նաև հայ հասարակությանը: Մինչև հայաստանյան պրեմիերան, ֆիլմը ներկայացվել է ԱՄՆ-ում և Ռուսաստանում, իսկ մայիսից կցուցադրվի աշխարհի մի շարք երկրներում:
«Մի քանի տարի առաջ ես և Ալեք Մուհիբյանն սկսեցինք աշխատել այս ֆիլմի ստեղծման վրա: Մենք այն ժամանակ արդեն զգում էինք Ցեղասպանության 100-րդ տարելիցի ստվերը մեզ վրա և որոշեցինք մինչև այդ մի ֆիլմ ունենալ՝ հստակ նպատակադրմամբ, որ այն սովորական ֆիլմ չի լինելու»,- այսօր՝ «1915» գեղարվեստական ֆիլմի պրեմիերայից առաջ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գլխավոր ռեժիսոր և սցենարիստ Կարին Հովհաննիսյանը:
Հստակեցնելով «ոչ սովորական ֆիլմ» ձևակերպումը՝ Կ. Հովհաննիսյանն ասաց. «Ուզում էինք հարգել մեր անցյալը, հիշել մեր նահատակներին, և, միևնույն ժամանակ, նոր լեզու գտնել՝ խոսելու 1915-ի մասին: Ուզում էինք ժամանակակից լեզվով ժամանակակից հանդիսատեսին հասցնել Ցեղասպանության ողբերգությունը: Դրա համար մեր շուրջը հավաքեցինք տաղանդավոր մարդկանց, ինչպես, օրինակ, Սիմոն Աբգարյանին, Անժելա Սարաֆյանին, որոնք բացառիկ դերասաններ են, Սերժ Թանկյանին, որին դուք ճանաչում եք որպես ռոք երաժիշտ, իսկ ես ճանաչում եմ որպես երաժշտության մեծ վարպետ, որը, միաժամանակ, հասկանում է 2015-ի ցավը, զայրույթն ու պահանջը»:
Նշենք, որ Սիմոն Աբգարյանն ու Անժելա Սարաֆյանը ֆիլմի գլխավոր դերակատարներն են, իսկ Սերժ Թանկյանը՝ ֆիլմի երաժշտության հեղինակը:
Կարդացեք նաև
Կ. Հովհաննիսյանի խոսքով՝ ֆիլմը Ցեղասպանության հոգեբանության, դրա անտեսանելի հետևանքների մասին է: Քաղաքական կամ պատմական որևէ ուղերձ կամ շեշտադրում չունի. «Մենք չենք ուզում, որ ֆիլմը դիտելիս մարդն այնպիսի զգացողություն ունենա, թե իրեն դաս են տալիս,- ասում է ռեժիսորը.- ուզում ենք, որ դիտելուց հետո նա լցվի այն զգացումով, որ անցյալը չի մեռել, որ 1915-ի չճանաչված միլիոնավոր ուրվականները դեռ մեր շուրջն են, որ մենք պատմության հետ դեռ չավարտած աշխատանք ունենք, որ 1915-ի ստվերը մեր վրա է, մենք դեռ դրանից չենք ազատվել»:
82 րոպե տևողությամբ գեղարվեստական ֆիլմը նկարահանվել է Լոս Անջելեսում՝ քսան օրվա ընթացքում. «Մեր ֆիլմի թշնամին ժամանակն էր. հարյուր տարվա պատմությունը քսան օրվա մեջ սեղմելը դժվար էր, բայց նպատակը հստակ էր՝ ունենալ ֆիլմ մինչև 100-րդ տարելիցը»,- նշեց Կ. Հովհաննիսյանը:
Ֆիլմի երաժշտության հեղինակ Սերժ Թանկյանը հավելեց, որ իր աշխատանքը դժվարին էր, բայց շնորհակալ է տրված հնարավորության համար։
«Ֆիլմի գաղափարն ու իմ երաժշտությունը փոխկապակցված են՝ փորձել հետաքրքիր էլեմենտներ մտցնել, որպեսզի միաձուլվեն հայկական ավանդականն ու ռոք երաժշտությունը»,- ասաց նա:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ