«Այսօր, ապրիլի 25-ը ոչ պակաս կարեւոր օր է, քան երեկ: Եթե երեկ նշեցինք ցեղասպանության 100-րդ տարելիցը, ապա այսօր մենք պետք է հասկանանք, թե որտեղ ենք մենք հայտնվել ապրիլի 24-ից հետո, ինչով ենք մենք սկսում այս նոր հարյուրամյակը եւ եթե ապրիլի 24-ը որոշ գործընթացների վերջ կարելի է համարել, այսօրը պետք է համարվի նոր գործընթացների սկիզբ»,-այսօր, այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Վարդանյանը «Այբ» ավագ դպրոցում տեղի ունեցած «Հայոց ցեղասպանության խնդրի կարգավորման ռազմավարությունները» խորագրով կլոր սեղան քննարկման ժամանակ: Նա նաեւ նշեց, որ 1991 թվականից հետո՝ Հայաստանի անկախացումից հետո, տեղափոխվեցինք մի շարք հետաքրքիր փուլ, երբ որ պետությունները շատ ակտիվ սկսեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ արդեն 2000 –ականներից սկսած մենք չենք բավարարվում սոսկ ճանաչումով, այլ նաեւ պահանջում ենք դատապարտում: Իսկ ինչ վերաբերվում է հատուցման խնդրին, պետք է միասին քննարկենք, թե որն է այդ հատուցումը, եւ որոնք են հատուցման ստորին եւ վերին սահմանները:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն էլ ասաց, որ ցեղասպանության ժխտողականությունն այլեւս գոյություն չունի եւ կարելի է համարել հնացած, իսկ Թուրքիայում ավելի շատ վախենում են բառից եւ ոչ թե փաստի ընկալումից: Ցեղասպանության փաստը ապացուցելու կարիք չկա:
Քննարկմանը ներկա էին նաեւ «Վուդրո Վիլսոնի ժառանգություն» հիմնադրամի նախագահ Դոնալդ Վիլսոն Բուշը, իսրայելացի պատմաբան Յաիր Աուրոնը եւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, իսկ քննարկումը վարում էր լրագրող Մարկ Գրիգորյանը:
Սուրեն Մանուկյանը առանձնացրեց իր համար մի քանի կարոր շեշտադրում, այն է՝ 2015 թվականի բոլոր նախագծերը, ծրագրերը գիտական դաշտում անքննելի եւ անհերքելի են: Պարոն Մանուկյանը կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ մինչեւ ապրիլի 24-ը հայերի մոտ նկատվեց համախմբում, որը շատ կարեւոր է:
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ