«Հայ ազգային-ազատագրական շարժումները եւ 1915թ. Ցեղասպանությունը» գրքի համար ազգությամբ թուրք (հայրը Էրզրումի թուրք է, իսկ մայրը` Բիթլիսի քրդուհի) Ռեջեփ Մարաշլին շուրջ 17 տարի խոշտանգվել է թուրքական բանտերում: Նրան հաջողվել է ավարտել գիրքը միայն այն բանից հետո, երբ փախել է Թուրքիայից եւ հաստատվել է Բեռլինում, որտեղ էլ ստեղծել է իր «Ցեղասպանության զոհերի հետ զորակցություն կազմակերպությունը»: Նրա գիրքը տպվել է երկու անգամ, մեծ քանակությամբ սպառվել է:
Երեկ Երեւան էր եկել իր հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, քանի որ կարծում է, որ մինչև Ցեղասպանությունը չճանաչվի եւ չդատապարտվի, մարդիկ չեն կարող հանգիստ ապրել: Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նա գրաֆիկական աշխատանք է պատրաստել, որի վրան գրված է` «Մեր գլուխը կախ է, մեր ամոթը` մեծ. մինչև այսօր ապրում ենք հայերի հողերի վրա»:
«Քանի որ իմ առօրյայում հանդիպում էի հայերի, տեսնում էի նրանց աչքերում այդ ամբողջ ցավն ու տառապանքը, ուսերիս վրա ծանրություն էի զգում, որ ուրիշների չարածը ես պետք է անեմ, և իրականում մեր արածը շատ չնչին բան է»,- նշեց Ռեջեփ Մարաշլը: Նա ասաց, որ Գերմանիայում թուրքական համայնքը երկու մասի է բաժանված` մի մասը ծառայում է Թուրքիայի իշխանությանը, մի մասն է վտարանդիներ են, որոնք տուժել են այդ պետության կողմից. «Վերջիններիս թիվը անցնում է տասնյակ հազարներից, բայց նույնիսկ նրանց մեջ շատ դժվար է հայամետություն մտցնելը: Բայց գնալով մեր շարքերն ընդարձակվում են»:
Տարածաշրջանային փորձագետ, հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանի ներկայացմամբ Ռեջեփ Մարաշլը Հանրապետական Թուրքիաի պատմության մեջ առաջին մարդն է եղել, որին երբ 1985թ-ին դատում եւ ուզում էին կանխել, պաշտպանվելու փոխարեն դատարանում Հայկական հարցի մասին ելույթով հանդես եկավ, որի ընթացքում հայտարարեց, որ Թուրքիայում ամեն ինչ հայերի հետ է կապված, եւ մինչև Հայոց ցեղասպանության հարցը չբարձրաձայնվի եւ չդատապարտվի, ոչ մի թուրք ապրելու բարոյական իրավունք չունի:
Կարդացեք նաև
Ռեջեփ Մարաշլը վստահ է, որ եթե Թուրքիայի վարչական մեքենան իմանա, որ նվազագույն վնասով կկարողանա դուրս գալ ճանաչման գործընթացից, ապա կճանաչի Հայոց ցեղասպանությունը, բայց Թուրքիայի իշխանությունները գիտակցում են, որ ճանաչումը նաև հատուցում է պահանջում. «Ինչպես Օսմանյան կայսրության ժամանակ թուրքերը կարողացան քրդերին մեղսագործ դարձնել, այնպես էլ այսօր են աշխատում այդ ուղղությամբ. քրդերն այսօր համագործակցում են Անկարայի հետ, իսկ թուրքական իշխանությունները փորձում են նրանց հայերի դեմ հանել»,- նշեց թուրք մտավորականը: