Ապրիլի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Իզաբել Դինգիզյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Հ. Հակոբյանը կարևորեց Սփյուռքում մեր հայրենակիցների քաղաքական ակտիվ գործունեությունը, նաև ի նպաստ հայկական համայնքի համախմբման, զարգացման: Խոսվեց նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին՝ կարևորելով դրանք պատմական, քաղաքական իրավական, հոգեբանական և այլ առումներով:
Նախարարը մասնավորապես նշեց. «Սփյուռքում հայկական համայնքը հայ պահելու համար մենք պետք է օգնենք պահպանել լեզուն, մշակույթը, հավատքը, ընտանիքը: Մենք ծրագրեր ենք մշակում, որպեսզի Սփյուռքը ավելի մոտենա Հայաստանին, Հայաստանն էլ՝ Սփյուռքին»: Նա հանգամանորեն ներկայացրեց գերատեսչության բոլոր ծրագրերն ու միջոցառումները, որոնք ուղղված են այդ խնդիրների լուծմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Իզաբել Դենգիզյանը նշեց, որ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային գլոբալ համաժողովը չափազանց կարևոր էր իր համար և՛իբրև Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահի, և՛ որպես վերապրողի ժառանգորդի:
Կարդացեք նաև
Քննարկվեցին նախարարության ծրագրերին Շվեդիայի հայ երիտասարդների մասնակցությունն ավելի ընդլայնելու, հետագայում ավելի սերտ համագործակցության հարցեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ