Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն ամենը, ինչ նախատեսել էինք եւ ծրագրել, իրականացրեցինք»

Ապրիլ 25,2015 16:33

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը «Առավոտի» հետ զրուցել է Ուկրաինայում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման միջոցառումների մասին

Ուկրաինայի Գերագույն Ռադան երեկ կայացած նիստի ժամանակ պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկու առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Իր խոսքում պատգամավորը հիշեցրեց, որ հայերն ու ուկրաինացիները կողք կողքի են ապրել դարեր շարունակ, եւ առաջին զոհը, որ եղավ Կիեւում՝ Պատվի հեղափոխության ժամանակ, հայ էր ազգությամբ: Նա նաեւ ասաց, որ Ուկրաինայում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ազգությամբ հայ 52 մարդ է զոհվել:

«Առավոտը» Ուկրաինայում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ անցկացված միջոցառումների մասին զրուցեց այդ երկրում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ:

-Պարոն Մանուկյան, պարբերաբար լուրեր ենք լսում այն մասին, որ տարբեր երկրներում Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված միջոցառումների առջեւ խոչընդոտներ են ստեղծվում, արգելքներ են լինում: Ասացեք, խնդրեմ, Ուկրաինայում խոչընդոտներ չե՞ն եղել:

– Տեղեկացնեմ, որ Ուկրաինայում հայ համայնքի հետ միասին Հայաստանի դեսպանությունը ողջ Ուկրաինայում մարտի 24- ից ապրիլի 24-ը հայտարարել էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակի միջոցառումների մեկամսյակ, եւ արդեն մեկ ամիս շարունակ Ուկրաինայի տարբեր քաղաքներում, հիմնականում, իհարկե, Կիեւում տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ՝ գիտաժողովներ, սիմպոզիումներ, կլոր-սեղաններ, ֆոտո- ցուցահանդեսներ, կինոդիտումներ եւ այլն: Նախորդ օրը՝ ապրիլի 23-ին, Կիեւի ազգային օպերային դահլիճում մեծ համերգ էր՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ավելի քան երկու ժամ տեւած այդ համերգին ներկա էին Ուկրաինայում ներկայացված դիվանագիտական կորպուսի, Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչները, մասնավորապես Ուկրաինայի ներքին գործերի հայազգի նախարար Արսեն Ավակովը, շատ պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ եւ մեր ուկրաինացի բարեկամները, մշակույթի, հասարակության եւ գիտության ներկայացուցիչներ:

Ukr_exern_3 Ukr_exern_2 Ukr_exern_1

Լեփլեցուն դահլիճում հնչեցին մեր մեծ կոմպոզիտորների գործերը՝ Արամ Խաչատրյան, Սպենդիարով, Կոմիտաս, Բաբաջանյան, Տիգրանյան, Մանսուրյան, նաեւ՝ Մոցարտ, Վիվալդի, Պրոկոֆեւ եւ այլն… Այդ համերգը շատ մեծ հնչեղություն ունեցավ: Ու նաեւ դրա արդյունքն էր, որ այսօր՝ ապրիլի 24-ին, Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկին, որը նախորդ օրը մասնակցել էր համերգին, հարց բարձրացրեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը հարգելու մասին, եւ բոլորը (կառավարության գրեթե ողջ կազմը ներկա էր նիստին) հոտնկայս հարգեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը: Իսկ դրանից հետո հունահռոմեական եկեղեցում (հայկական եկեղեցին մենք դեռ կառուցում ենք) կայացավ ժամերգություն, որին մասնակցում էին քրիստոնյա թեմի գրեթե բոլոր առաջնորդները, եւ մեր սրբազանն անցկացրեց այդ ժամերգությունը՝ զոհերի հիշատակին: Բացի այս բոլոր միջոցառումներից, Ուկրաինայի բոլոր քաղաքներում արդեն մեկ ամիս է՝ փակցված են մեծ տեղեկատվական պաստառներ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին: Կիեւի գլխավոր փողոցի՝Կրեշչատիկի վրա, մենք ունենք շատ մեծ պաստառ՝ 1000 քառակուսի մետր տարածքով: Միայն Կիեւում 217 հատ պաստառ կա դրված: Իսկ ապրիլի 24-ին երեկոյան ժամը 18-ին Կիեւի հայ երիտասարդներն իրենց բազմաթիվ ուկրաինացի ընկերների հետ մայրաքաղաքի կենտրոնում մեծ ֆլեշմոբ են անելու Ցեղասպանության թեմայով:

Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա ասեմ, որ իհարկե, ինչպես դուք շատ լավ գիտեք, Ղրիմի հարցով մենք Ուկրաինայի հետ ունենք որոշ հակասություններ: Թուրքիան եւ Ադրբեջանը Ուկրաինայի կողմից են հանդես եկել, իսկ մենք չենք աջակցել ընդդեմ Ռուսաստանի բանաձեւին: Դա լուրջ խնդիրներ առաջացրեց, եւ, դրանից օգտվելով, թուրքական ու ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչություններն իրենց նոտաներով անընդհատ ցանկանում էին արգելքներ ստեղծել մեր միջոցառումների համար: Բայց ես ուզում եմ անպայման նշել, որ մեզ հաջողվեց իրականացնել այն ամենն, ինչ ծրագրել էինք: Եվ բոլոր հնարավոր ձեւերով մեր բարեկամ ուկրաինացի ժողովրդին տեղեկացրեցինք մեր ցավի մասին: Տարբեր հեռուստա եւ ռադիոհաղորդումներ եղան, հոդվածներ եւ հարցազրույցներ տպագրվեցին հեղինակավոր թերթերում՝ «Զերկալո նիդելի», «Սեգոդնյա», «Կոմսոմոլսկայա պրավդա», «Գոլոս Ուկրաինի» եւ այլն, բազմաթիվ կայքերում նույնպես եղան Ցեղասպանության մասին հրապարակումներ:

-Պարոն Մանուկյան, հաշվի առնելով ձեր նշած հակասությունը մեր երկրների միջեւ, որն առաջացավ Ղրիմի պատճառով, ինչպես նաեւ Ուկրաինայի ջերմ հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ՎՈՒԱՄ-ին անդամակցությունը եւ այլն, հասկանալի է, որ դժվար թե մոտ ապագայում երկիրը, որտեղ դուք իրականացնում եք ձեր դիվանագիտական առաքելությունը, ընդունի Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ, հայտարարություն, կամ առավել եւս՝ օրենք: Սակայն, արդյո՞ք ինչ-ինչ քայլեր արվում են այդ ուղղությամբ:

-Անկախության տարիներից ընթացքում սա առաջին դեպքն էր, որ Ուկրաինայի Գերագույն Ռադան անդրադարձավ Հայոց Ցեղասպանությանն ընդհանրապես, եւ մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը: Մեծ աշխատանք է դրա համար տարվում, իհարկե: Հայ համայնքը՝ դեսպանատան ղեկավարությամբ, մեծ ջանքեր է թափում, աշխատում է այդ ուղղությամբ, որպեսզի Ուկրաինան՝ որպես քրիստոնյա երկիր, մեր բարեկամ ժողովուրդ, նույնպես ընդունի եւ դատապարտի Ցեղասպանությունը: Այդ մասին ես պարբերաբար տարբեր հրապարակումներում բարձրաձայնում եմ: Իհարկե, նրանք ասում են՝ դուք ընդունեք ՌԴ կողմից Ղրիմի բռնազավթումը, եւ մենք կընդունենք Ցեղասպանությունը: Բայց ես դա նախապայման չեմ համարում, որովհետեւ ուկրաինացի ժողովրդին ես համարում եմ մեր իսկական բարեկամ: Եվ կարեւոր է, որ այն բոլոր խոչընդոտները, որ կողքից փորձում էին ստեղծել մեզ համար, չկարողացան ստվերել մեր աշխատանքը, որովհետեւ ուկրաինացիները միանշանակորեն մեր կողքին էին: Այդ ամենը զգացին նաեւ նրանք, ու այդ պատճառով ադրբեջանական եւ թուրքական մամուլում վերջին օրերին հրապարակումներ են լինում, թե Ուկրաինան թքել է Ադրբեջանի եւ Թուրքիայի երեսին, մեջքով շուռ է եկել դեպի Ադրբեջանը, դեմքով դեպի՝ Հայաստանը: Հայ համայնքի եւ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան ուժերով հսկայածավալ աշխատանքներ են տարվել դրա համար:

Զրուցեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ, 25.04.2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930