Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրիլի 25-ից կարելի է նոր էջ բացել հայ-թուրքական հարաբերություններում». Ուֆուկ Ուրաս

Ապրիլ 25,2015 15:57

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների առթիվ Թուրքիայից Հայաստան ժամանած քաղաքական գործիչ Ուֆուկ Ուրասն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանում անցկացրած մի քանի օրերն իր կյանքի ամենաերջանիկ և, միևնույն ժամանակ, ամենադժբախտ օրերից էին:

«Երջանիկ եմ, որ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հնարավորություն ունեցա ելույթ ունենալու աշխարհի գրեթե բոլոր երկրներից ժամանած պատգամավորների հետ, և տխուր եմ, որովհետև շատ կցանկանայի, որ այսօր այստեղ ներկա լինեին նաև մեր պետության ղեկավարները»,- ասաց Ուֆուկ Ուրասը՝ ընդգծելով, որ ներկայումս մասնակից լինել ժխտողական քաղաքականությանը, նշանակում է մասնակից լինել նույն հանցագործությանը: Նրա խոսքով՝ 1915 թ. տեղի ունեցածի հետ առերեսումը կարող է նոր ապագայի կառուցման հնարավորություն տալ. «Այսօր արդեն ապրիլի 25-ն է, ու կարող ենք նոր էջ բացել հայ-թուրքական հարաբերություններում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո կարելի է ու պետք է ընդհանուր հայրենիք ստեղծել»,- կարծում է թուրք քաղաքական գործիչը:

Դառնալով Ա. Դավութօղլուի հայտարարությանը, թե հայերի տեղահանությունը հանցագործություն է մարդկության դեմ, Ուֆուկ Ուրասն այն դրական քայլ որակեց. «Ճիշտ է, Դավութօղլուն իրերն իրենց անունով չի կոչում, բայց սա առաջին քայլն է ընդունելու, որ դա մարդկության դեմ ուղղված հանցագործություն է»,- ասաց նա:

Ըստ բանախոսի՝ Հայաստանի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների. «Թուրքիան ոչ միայն պետք է ներողություն խնդրի, այլև առանց նախապայմանների արձանագրությունները վավերացնի, ինչպես նաև սահմանադրորեն փոխհատուցի իր կողմից հասցված վնասները: Այսինքն՝ Թուրքիայի սահմանադրությունում պետք է հստակ հոդված լինի, որը հնարավորություն կտա փոխհատուցել վնասները»,- ընդգծեց թուրք քաղաքական գործիչը:

Ուֆուկ Ուրասը լիահույս է, որ Էրդողան-Պուտին հարաբերությունների մերձեցումը կարող է առիթ հանդիսանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:

«Ես օդային ճանապարհով եմ Հայաստան եկել և այդտեղ տրամաբանություն բոլորովին չեմ տեսնում. եթե հնարավորություն կա հարևան երկիր գնալ ցամաքային ճանապարհով, ինչո՞ւ գնալ օդայինով: Ես կարծում եմ, որ պետք է համատեղ ուժերով պայքարենք նման անտրամաբանական երևույթների դեմ»,- ասաց Ուֆուկ Ուրասը:

Նա հարկ համարեց անդրադառնալու նաև երեկ Ստամբուլի Թաքսիմի հրապարակում տեղի ունեցած միջոցառմանը, որի ժամանակ թուրքերն ասում էին՝ հայեր, ներեցեք մեզ:

«Կարևոր էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց այդ միջոցառումների համար: Մենք էլ շնորհակալ ենք նրա արձագանքի համար: Ես, պարզապես, ուզում եմ, որ Էրդողանն ու Դավութօլուն այդ ձեռնարկներին վերաբերվեն ոչ թե որպես վիրավորանք, այլ որպես բարեկամությանն ուղղված առաջին քայլ»,- ամփոփեց Ուֆուկ Ուրասը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930