Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հնդկաստան, Գոա նահանգ, ժամանում Դաբոլիմ օդանավակայան․․․

Ապրիլ 25,2015 14:04

Արդեն ուշ գիշեր է։ Հոգնած աչքերդ ակամայից փակվում են, կոպերդ ծանրացել են երկարատև օրվա դեռևս վառ լույսերից։ Երբ քիչ-քիչ բոլորը լքում են քեզ, նստելով իրենց ինքնաթիռներն ու ուղևորվում հեռու-հեռուները։ Իսկ դու էլ հերթով ճանապարհում ես հայրենակիցներիդ, մեկին՝ Հորդանան, մյուսին՝ Դուբայ, մեկ այլին՝ Չինաստան, Պեկին։ ՈՒ քանի որ գիտես, որ այս յոթժամյա տրանզիտային չվերթի ամենավերջին ուղևորը դու ես, մատերդ խաչում ես ու սպասում․․․սպասում մինչև քո հերթն էլ գա։ Դե պարզապես քեզ ճանապարհող չի լինի։ Բոլորն արդեն մեկնել են, իսկ դու իջնում ես Շարժայի միջազգային օդանավակայանի ներքնահարկ, գեյթ 24, հարմարավետ տեղավորվում աթոռին, սպասում այդ օրվա վերջին թռիչքին։ Իսկ ինչու՞ վերջին, դե որովհետև երևի դրախտ պիտի թռչենք անվերադարձ, դե իսկ մինչև այդ էլ ըստ հինավուրց քրիստոնեական սովորության պիտի տանջվենք, նոր հեռանանք աշխարհից։ Միգուցե այդպես է, բայց եթե մի պահ վերանանք վերացական մատերիաներից ու իրավիճակը սթափ գնահատելու լինենք, կհասկանանք, որ սա զուտ միֆ է, հորինվածք, արևմտյան պատրանք արևելքի մասին, արևելքի, որ սկզբում հեքիաթներ է խոստանում, իսկ հետո խժռում է մարդկանց իրենք երազանքներով։

Էքզիստենցիալ ներխոհական մտքերով տոգորված, արաբական նամազի ու մուղամի ուղեկցությամբ քիչ-քիչ սպասասրահ են իջնում մարդիկ․․․ԵՎ դու միանգամից հասկանում ես, որ Գոայի չվերթը ռադիկալ կերպով տարբերվում է բոլոր մյուսներից, հատկապես կոնտինգենտի առումով։ ԵՎ այսպես, սրահը լցվում է բոլոր ռասսաների, մաշկի գույնի, լեզվի, կրոնի, ազգային պատկանելության՝ բոլորովին տարբեր մարդկանցով, տարօրինակ, էպատաժային։ Սկզբում մտածում ես ահա, այդքան սպասված հիփփիները, ես հասա նրանց վերջապես։ Բայց չէ որ՞ հիփփիները ինքնաթիռներով չէին ճամփորդում, այն էլ այսքան մարդաշատ։ «Այս աշխարհի ծաղիկներին» որտեղից՞ գումար։ Նրանք երկար ճանապարհներով էին գալիս ու հասնում Գոա՝ ավտոբուսով, ընկերոջ մեքենայով, ծովով, ջրով, երկաթուղով, բայքով, սկուտերով․․․հազար ու մի բանով։ Խնդիր կար վայելել ճանապարհը, ոչինչ չանելու քաղցրությունը՝ Dolce per fare niente, իտալացիները կասեին։ Երկար սպասում մինչև կորուսյալ դրախտ, որից մարդկությանը արտաքսել են։ Թե չէ ով՞ է տեսել երեք ժամում հիփփիներին բերել ու գցել երկինք։ Ամեն դեպքում, այն, որ ոչ ստանդարտ մարդկանց պակաս այստեղ չէր զգացվում, դա հաստատ է։ Պրպտող աչքը միանգամից կնկատի, ահա, նրանք Գոա են մեկնում։ Այո, մեկնում ենք, մտնում օդանավ, զբաղեցնում մեր տեղերը, պատրաստվում, որ մոտ մի երեք ժամ, չհաշված յոթ ժամ տևող տրանզիտը, մենք պետք է սպասենք, մինչև կհասնենք զով բրիզին ու արմավենիներին։

Նստած եմ մեջտեղում, մի կողքիս մի տղա է Լիբանանից, անունն անգամ չեմ հարցնում։ Նա բազմատանջ տեսքով ինձ է նայում ու հարցնում, թե եթե գիշերվա չորսին հասնենք Գոա, նա ինչքան՞ ժամանակում կհասնի Անջունա, տուն կվարձի։ Հետո էլ ասում է, որ իր ընկերն է այնտեղ ապրում, բայց հիմա նա կորել է․․․Դե ես էլ ասում եմ, որ առավոտը կբացվի ու տուն գտնելը խնդիր չի լինի, պարզապես ավելի լավ կլինի տուն գտնի Վագատորում, այնտեղ ավելի էժան է, բացի այդ, մոտ է Անջունային։ Տղան հանգստանում է, ննջում։ Փոխարենը ինձ հետ շարունակում է խոսել մի ռուս կին, ով որպես տուրիստ որոշել է ճամփորդել։ Ընդհանրապես ասած, Գոայում ռուսները շատ- շատ են, միայն ծովն ու արմավենիները, մեկ էլ կոկոսն ու պապայան հիշեցնում են, որ մենք Ռուսաստանում չենք։ Դե ինչ, թռնում ենք։ Ճանապարհին Բիթլզ եմ լսում, քանի դեռ հեռախոսիս մարտկոցը թույլ է տալիս՝ «Lucy in the sky with diamonds»: Ասում են, այս երգը թմրանյութի պրոպագանդա է, չեմ հավատում։ Նաև ասում են, որ Բիթլները եղել են Հնդկաստանում, գնացել Բանյանի ծառի մոտ, խոտ են ծխել, զրուցել գուրու Բաբայի հետ, ընկել նիրվանա ու երբեք այլևս այդտեղից դուրս չեն եկել․․․ու ստեղծել իրենց հրաշք երաժշտությունը։ Դե չէ, տաղանդավոր մարդիկ առանց խոտի էլ են տաղանդավոր։ Մի խոսքով, լսում եմ և ես էլ սահուն Մորփեոսի գիրկն եմ անցնում, իսկ ավելի պարզ՝ քնում եմ։IMG 3

Ինքնաթիռը ժամանել է, և ապագա անջունացի կամ վագատորցի, բայց դեռևս լիբանանցի տղան ուժգին կերպով հրում է ինձ, ուզում է անցնել, վերցնել իր ուսապարկը։ Դե իսկ ես էլ հիշեցնում եմ իրեն քաղաքավարության մասին։ Կուլտուրա ունեցեք։ Հասկացանք, ուզում եք ժամ առաջ Անջունա ընկնել։ Դուրս ենք գալիս, արդեն Դաբոլիմում ենք, որն ի դեպ տեղի միակ միջազգային օդանավակայանն է, տեղակայված համանուն գյուղից ոչ շատ հեռու։ Այստեղ երկու տերմինալ կա, որոնցից մեկը սպասարկում է օտարերկրացիներին, տուրիստներին։ Կառուցվել է պորտուգալական կառավարության ժամանակ, երբ Գոան նրանց գաղութն էր, 1950-ական թվականներին։ Իրականում այն ռազմական միջազգային օդանավակայան է, այժմ պատկանում է Հնդկական հանրապետության ռազմածովային ուժերին։ 1962 թվականից հնդիկների ձեռքն է։ Բայց դե հնդիկները դրանով սակավ են ճամփորդում, այդքան փող չկա, փոխարենը լավ գնացքներ կան Մումբայից ու Պունայից։ Այստեղ կարծեմ թե ավիավթար էլ երբեք չի եղել, երկու անգամ գուցե, այն էլ ոչ հնդիկների մեղքով։ Օդանավակայանում ամեն բան հանգիստ է, միայն թե այստեղ գալուց պատրաստ եղեք, որ մինչև հնդկական հազար ու մի անտրոպոմորֆ ու զոոմորֆ աստվածների սրբազան հողի վրա ոտքը դնելը գիշերվա հազարին շատ առույգ ու սթափ հնդիկները Ձեզ կստիպեն շատ թղթեր լրացնել, այն աստիճան, որ ուզում ես հետ գնալ, նստել օդանավ ու հետ թռչել՝ եսիմ ուր։ Լրացնում ենք ամենը, հանգիստ ու անշտապ։ Դե իսկ լիբանանցի տղան անգլերենի հետ լավ չի, ուր մնաց հինդիի, կոնկանիի ու մարատհիի՝ տեղի պաշտոնական լեզուների։ Դե իսկ ռուսներն ու ուկրաինացիները՝ ճամպրուկներին սպասելիս մոտ տասն անգամ ինձ հասցրին ասել, որ իրենք Արամբոլ են գնում, ես արդեն անգիր էի արել։ «Գնանք արևայրուկ ընդունենք»,- ասում են։ Ես լսում եմ, վերցնում երկու թեթև ուսապարկերս, անցնում տերմինալն ու վերջապես դուրս գալիս։

IMG 4
Դիմավորում են ընկերներս, նստում ենք հին ու բարի բայքն ու ճանապարհվում գիշերային փողոցներով։ Գիշերային Գոան նույնպես հրաշք է։ Զգացվում է, որ ծովն արդեն շատ մոտ է, մեղմ քամի է փչում, բրիզ, եթե արագ ենք քշում, այն այդքան էլ մեղմ չէ, լավ էլ ուժեղ է։ Մազերս թափահարվում են, ասես դուրս նետելով բոլոր ավելորդ մտքերն իմ գլխից։ Հիմա ես tabula rasa եմ։ Բարյացկամ հնդիկներն ինչ կուզեն, այն էլ կգրեն վրաս։ Դե իսկ ինչ որ նրանք կգրեն, այն էլ ես հաջորդիվ կգրեմ, կներակայցնեմ ու կփոխանցեմ։ Առայժմ այսքանը։ Շարունակելի․․․

 

Մարիա Թոքմաջյան

Հնդկաստան, Գոա նահանգ, Դաբոլիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    «Lucy in the sky with diamonds»: Ասում են, այս երգը թմրանյութի պրոպագանդա է, չեմ հավատում։»

    60 ականների վերջին հրատարակված, հատնի, Հանթեր Դայվիսի Բիթլսների մասին գրքի համաձայն (նա բավական ժամանակ շփվել էր տղաների հետ) այդ երգի գաղափարի «հեղինակը» Ջոնի տղա, Ջուլիանն է եղել: Նա դպրոցում նկարել է իր դասընկերուհի Լյուսիին, շատ գունավոր …որը Ջոնին շատ է դուր եկել, ու հենց միանգամից նա սկսել է երգը գրելը… ԼՍԴ ի մասին բամաբասանքները հետո է սկսվել…

  2. Մարիա Թոքմաջյան says:

    Հարգելի Գալուստ Ենոքյան, շատ շնորհակալ եմ ուշադրության ու արձագանքի համար։ Դե կարծում եմ, որ արդեն այսօր 60-ականները՝ այդ բաղձալի ու երանելի պսիխոդելիկ ռոքը; սեքսի, թմրանյութերի ու ռոքնռոլի սերունդի ծաղկման ու կործանման ժամանակները, նրանց ստեղծած երաժշտությունը պարզապես լեգենդներով, միֆերով է պատվել։ Այն աստիճան, որ դժվար է իրականությունը հորինվածքից տարորոշել։ Վարկածները տարբեր կարող են լինել, իսկ ճշմարտությունը հավերժ կորսված է պատմության լաբիրինթոսում։ Սակայն Ձերն ամենից հավանականներից է, էնպես որ շնորհակալ եմ հետաքրքիր ու օգտակար տեղեկության համար։ Հուսով եմ, որ ընթերցողին նույնպես սա կօգնի շատ։ Շարունակեք, խնդրեմ, հետևել իմ այս ճամփորդական գրառումներին։ Հարգանքներով՝ հեղինակ։

  3. Մարիա Թոքմաջյան says:

    Չէ, իրականում ես շատ ուզում եմ, որ մարդիկ մեկնաբանեն գրառումներս, քանի որ ըստ էության մարդկանց, հասարակ ընթերցողի համար եմ գրում։ Ինչ-որ մշակութա-տուրիստական travel guide-book է ստացվում: Էնպես որ հանգիստ քոմենթներ գրեք, մեկնաբանեք, մեջբերեք, հարցեր տվեք։ Դե իսկ ես էլ անպայման ուժերիս ու գիտելիքներիս ներածին չափով կփորձեմ բավարարել Ձեր հետաքրքրասիրությունը։ Նամանավանդ, որ շատ խելացի, դիպուկ ու բանիմաց գրառում էր իմ ամենից սիրելի ժամանակների՝ անցյալ դարի 60-ականների ռոքի փառահեղ էպոխայի, որ այդքան դեպքեր ու դեմքեր ծնեց։ Դուք անկասկած շատ բանիմաց ու գիտուն եք այդ հարցում, երևի դուք էլ եք այդ հրաշք տիեզերական երաժշտությունը շատ սիրում։ Ցավոք, հիմա Գոայում այդ ամեն ինչից շատ բան չի մնացել՝ ծերացած կամ ծերացող հիփփիներ Անջունայում և շատ կոմֆորմիստ երիտասարդություն։ Շնորհակալ եմ շատ․․․

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930