Պատմական ու աննախադեպ իրադարձություններ եղան մեր երկրում այս օրերին. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին հիշատակի և պահանջատիրության զանգվածային միջոցառումներ իրականացվեցին մայրաքաղաքում ու մարզերում, հարյուրամյակների ընդմիջումից հետո սրբադասման կարգ կատարվեց Մայր աթոռում՝ արդարոց երկնային զորքը զորացնելով մեր միլիոնավոր նահատակների հոգիներով, Ծիծեռնակաբերդի բարձունքում մեր երկրի նախագահը ողջ հայ ժողովրդի անունից ընդունեց հարյուրավոր երկրների բարձրաստիճան պետական այրերի ցավակցությունն ու զորակցումը:
Ազդեցիկ ու սրբագործված օրեր էին: Հայաստանն աշխարհի ուշադրության կիզակետում էր, ու մենք ազգովի պետք է ապացուցեինք, որ անդառնալի ենք վերադարձել ժողովուրդների մեծ ընտանիք և արժանի ենք այդ ընտանիքի լիիրավ անդամը լինելու իրավունքին: Եվ ապացուցեցինք՝ մեր միասնականությամբ, զուսպ ու արժանապատիվ կեցվածքով, ինքնահարգ հյուրամեծարությամբ:
Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության ողջ անձնակազմին՝ հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների ու հյուրերի անվտանգության ապահովման դժվարին առաքելությունն անթերի կատարելու, օրեր շարունակ, եղանակային բոլոր պայմաններում, շուրջօրյա ծառայությունն անտրտունջ իրականացնելու, հայ ոստիկանին վայել կեցվածքով ու վարքով աշխարհին ներկայանալու համար
Շնորհակալ եմ մեր քաղաքացիներին՝ այս օրերին ցուցաբերած բարձր իրավագիտակցության, անխուսափելի դժվարություններին ըմբռնումով մոտենալու, ոստիկանությանը սրտացավ ու զգոն օգնելու համար, ինչի շնորհիվ զանգվածային միջոցառումների ընթացքում որևէ անցանկալի միջադեպ չունեցանք:
Կարդացեք նաև
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր գերատեսչություններին, կառույցներին ու կազմակերպություններին՝ հասարակական կարգի և հանրային անվտանգության ապահովման գործում մեզ ըստ ամենայնի աջակցելու համար:
Երախտագիտությունս բոլորին, որ գործուն օժանդակությամբ ու բարի խոսքով ոստիկանության կողքին եղան, իսկ չարախոսողներին արդեն իսկ պատասխանել ենք այս օրերի պրոֆեսիոնալ աշխատանքով, որ ողջ հանրության աչքի առաջ է:
Աստված մեզ պահապան:
Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ,
գեներալ-լեյտենանտ