Լրահոս
Օրվա լրահոսը

«Կյանքը չընդհատվեց հասարակ մարդկայնության շնորհիվ». Միխայիլ Յուրովսկի

Ապրիլ 25,2015 10:25

Սա այնպիսի համերգ է, որի մասին հետո շատերն են խոսելու,- համոզված է թավջութակահար, միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր Նարեկ Հախնազարյանը:

Խոսքը աշխարհի 43 երկրներից Հայաստան ժամանած 123 կատարողներից կազմված «24/04» համաշխարհային նվագախմբի համերգի մասին է, որը ապրիլի 24-ին պետք է կայանար Հանրապետության հրապարակում, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տեղափոխվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն:??????????????????????????????????????????????????????

«Այս համերգով մենք այսօր՝ ապրիլի 24-ին, մի նոր էջ ենք բացում մեր պատմության մեջ: Ցեղասպանությունից հարյուր տարի հետո պիտի հաղթական մի նոր էջ լինի մեր պատմության մեջ, որով ցույց կտանք, որ մենք ողջ ենք, որ մենք առաջ ենք գնում, ունենք բացառիկ մշակույթ, հիանալի երաժիշտներ, ֆանտաստիկ կոմպոզիտորներ»,- համերգից րոպեներ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Հախնազարյանը:??????????????????????????????????????????????????????

«Երաժշտությամբ և ընդհանրապես արվեստով կարելի է մարդկանց սրտերում տարբեր զգացմունքներ արթնացնել,- հավելեց ՀՀ վաստակավոր արտիստ, բարիտոն Գևորգ Հակոբյանը.- երաժշտությունը շատ մեծ ուժ է՝ ինչ-որ բան արթնացնելու կամ որևէ ասելիք փոխանցելու համար, ընդ որում՝ թե´ լավ, թե´ վատ, բայց քանի որ դասական երաժշտությունն աշխարհում ամենավեհն է, ամենաբարձրը, ուրեմն՝ դասական երաժշտությամբ կարելի է միայն լավն ասել»:

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին նվագախմբի կազմում ելույթ ունեցան երաժիշտներ աշխարհի բոլոր ծայրերից՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսրայելից, Իտալիայից, Շվեյցարիայից և այլ երկրներից:

Որպես մենակատարներ հանդես եկան ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյանը, բարիտոն Գևորգ Հակոբյանը, սոպրանո Մարիա Գուլեգինան:

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգի ընթացքում համաշխարհային նվագախումբը կատարեց նշանավոր կոմպոզիտորների՝ վերջին 100 տարում գրած ստեղծագործություններից:

Չորս մասերից (հիշողություն, երախտագիտություն, միջազգային ճանաչում և վերածնունդ) բաղկացած համերգում հնչեցին Ա. Խաչատրյանի, Ղ. Սարյանի, Մ. Եկմալյանի, Է. Միրզոյանի և այլոց ստեղծագործությունները:

Ելույթներն ուղեկցվեցին տեսապատկերներով, որոնց միջոցով ներկայացվեցին Արևմտյան Հայաստանի բնակավայրերը, մշակութային կոթողները: Ցուցադրվեցին տեսարաններ ջարդերից, գաղթի ճանապարհից:

Համերգը ղեկավարեցին դիրիժորներ Ջանլուկա Մարչիանոն, Հովհաննես Չեքիջյանը, Սերգեյ Սմբատյանը, Միխայիլ Յուրովսկին: Ի դեպ, հենց Երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանին է պատկանում այս համերգային մեգանախագծի գաղափարը:

Ապրիլի 24-ի համերգով համաշխարհային նվագախմբի երաժիշտները ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և վերհիշելով մեծ ողբերգությունը՝ իրենց ուղերձները հղեցին աշխարհին՝ խաղաղության, սիրո, ներդաշնակության կոչեր անելով:

«Մենք՝ աշխարհի 43 երկրներից Հայաստան ժամանած երաժիշտներս, միավորվել ենք, որպեսզի մեր երաժշտությամբ հարգանքի տուրք մատուցենք բոլոր զոհերի հիշատակին և աշխարհին լսելի դարձնենք մեր կոչը՝ ո´չ ասենք չարիքին ու բռնությանը»,- ասաց ռուս դիրիժոր Միխայիլ Յուրովսկին և հավելեց. «Ցեղասպանություն, Հոլոքոստ. այս ամենն անցյալ է, սակայն այսօր էլ բռնությունն անում է իր գործը և նույնպիսի ցասումով ոչնչացնում մարդկանց: Մենք պարտավոր ենք ամեն օր հիշել սրա մասին:

Բռնությունը ծնունդ տվեց գերմանական ֆաշիստների աննախադեպ վայրագություններին Եվրոպայում և, մասնավորապես, Խորհրդային Միության երկրներում: Սակայն ռուսները միայնակ չէին այդ պայքարում: Հաղթանակը Հայրենական պատերազմում կերտվել է բոլոր այն ազգերի շնորհիվ, որոնք ուս ուսի տված ելան ահարկու թշնամու դեմ: 1915 թ. Հայոց ցեղասպանությունն այս նույն չարիքի դրսևորումներից էր: Ողբերգության ու արհավիրքի մեջ հայերը 1915 թվականին, բարեբախտաբար, միայնակ չմնացին: Աշխարհի տարբեր ծայրերից նրանց օգնության ձեռքեր մեկնվեցին: Միսիոներներն իրենց մարդասիրության, ինքնազոհության ու խիզախության արդյունքում փրկեցին հազարավորների: Իսկ այդ հազարավորները դարձան կենդանի վավերագրեր, պատմական ոճրագործության ամենաուժեղ փաստերն ու փաստաթղթերը, վկաներն ու ապացույցները: Կյանքը չընդհատվեց հասարակ մարդկայնության շնորհիվ»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930