Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գերմանիայի Բունդեսթագում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ նախագիծը, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի մինչեւ ամառ

Ապրիլ 25,2015 01:56

Հղում անելով հեղինակավոր «Ռոյթերս» գործակալությանը՝ այսօր տեղեկացրել էինք, որ Գերմանիայի օրենսդիրները հավանություն են տվել Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւին:

Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ հարցի քննարկումը հետաձգվել է անորոշ ժամանակով:

varujanԳերմանիայում բնակվող մեր հայրենակից Վարուժան Բաբախանը, որը Գերմանիայում Ցեղասպանության 100- ամեակի վերաբերյալ կայքի պատասխանատուն է, ինչպես նաեւ աշխատում է հայագետ դոկտոր Թեսսա Հոֆմանի հետ՝ Ցեղասպանութեան ճանաչման հանձնախմբում եւ  100-ամեակի հանձնախմբի անդամ է, տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին Բունդեսթագում միայն քննարկում տեղի ունեցավ:

Առավել մանրամասնելով՝ պարոն Բաբախանը հայտնեց, որ գոյություն ունի Գերմանիայի կառավարության՝ Bundesregierung-ի նախագիծը, որում ընդհանրապես ընդգրկված չէ «Ցեղասպանություն» բառը, ինչպես նաեւ երկու այլ տարբերակ, որոնցում  հստակ խոսվում է Ցեղասպանության մասին։

Թե ինչու քննարկումը հետաձգվեց, պարոն Բաբախանը բացատրում է այսպես. «Քանի որ պատգամավորները միաձայն կողմ էին Ցեղասպանություն՝  Völkermord, բառի գործածմանը և դատապարտմանը, և կառավարությունը վերջին պահին համաձայնվեց ընդգրկել Ցեղասպանություն բառը վերջնական նախագծում, այդ պատճառով կառավարության նախագիծը ապրիլի 24-ին չդրվեց քվեարկութեան: Նախագծերն ուղարկվեցին արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ auswärtiger Ausschuss, որի ղեկավարը հայամետ է՝ Norbert Röttgen, այնտեղ ամենաուշը ամռան սկզբին կձևավորվի վերջնական տեքստը, որում մեծ հավանականությամբ կընդգրկվի ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»։

Չնայած այն բանին, որ Ցեղասպանության մասին հայտարարության ընդունումը Բունդեսթագում հետաձգվեց, պարոն Բաբախանի խոսքերով՝ աննախադեպ է այն, ինչ կատարվում է Գերմանիայում. «Գերմանիայի ԶԼՄ-ները յուրաքանչյուր մի քանի ժամը մեկ խոսում են Հայոց Ցեղասպանութեան մասին»: Մասնավորապես, ըստ Վարուժան Բաբախանի, ժամը 22-ի լուրերի գլխավոր թողարկման 30 րոպեներից մոտ 15-ը  Հայոց ցեղասպանութեան մասին էր։

Պարոն Բաբախանը նաեւ կանխատեսում է, որ Գերմանիան այսուհետ օգնություն կցուցաբերի Թուրքիայում գործող այն բոլոր կազմակերպություններին, որոնք աշխատում են Ցեղասպանության ճանաչման համար. «Նման օգնությունը Թուրքիայի հասարակությանը բավականին կլուսաբանի, եւ դա կազդի թուրք ժողովրդի և գալիք սերնդի լուսաբանման մէջ։
Գերմանիան շատ մեծ դեր կարող է խաղալ այս հարցում, քանի որ ունի մեծ ազդեցություն Թուրքիայում: Իսկ մենք՝ փոքրաթիվ հայերս, այստեղ պետք է անենք այն, ինչ կարող ենք Ցեղասպանութեան ճանաչման հարցով, որն ուղղակի Հայաստանի ապագայի երաշխիքն է լինելու»։

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ.Գ. – Ավելի ուշ պարոն Բաբախանը «Առավոտին» հայտնեց, որ իրեն նոր տեղեկություններ են հասել այն մասին, որ Բունդեսթագն, այնուամենայնիվ, ուզում  է ապրիլի 30-ին ճանաչել Ցեղասպանությունը: Սակայն, թե այդ լուրերի հավաստիության վերաբերյալ պարոն Բաբախանը լիակատար վստահություն չուներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930