Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերի ցեղասպանությունն Ադրբեջանում. անպատիժ հանցագործություն

Ապրիլ 25,2015 16:30

Թուրքիայում Գերմանիայի ռազմական կցորդ գեներալ-մայոր
Օտտո Լոսովի վկայությունից՝ 5 մայիսի 1918 թվական.
«Թուրքերն անցել են Անդրկովկասում հայերի ամբողջական ոչնչացմանը»։

Օսմանյան կայսրությունում Գերմանիայի դեսպան Յոհան Բերնսթորֆի՝ Գերմանիայի ԱԳՆ ուղղված հեռագրից՝ 23 մայիսի 1918 թվական. «Թուրքերի կողմից Ելիզավետպոլի եւ Բաքվի նահանգների անեքսիան թաթար բնակչության համաձայնությամբ արդեն տեղի է ունեցել… Քուրդ եւ թաթար կամավորներն ուղեկցում են թուրքական բանակին՝ հայկական քաղաքներում իրագործելով կողոպուտ եւ սպանություններ»։

Երբ խոսում ենք հայերի ցեղասպանության մասին, մենք նկատի ենք ունենում անցյալում տեղի ունեցած իրադարձությունները։ Միաժամանակ, երբ խոսում ենք ցեղասպանությունը չճանաչելու մասին, բոլորը հիշում են դրա հետեւանքները՝ 20-րդ դարի մյուս ցեղասպանությունները՝ Հոլոքոստը, Ռուանդան, Կամբոջան։ Կարծես մոռացության է մատնվում ներկայիս Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի այլ տարածքներում հայերի ցեղասպանությունը թե՛ դարասկզբին, թե՛ դարավերջին։ Մինչդեռ դարավերջի ցեղասպանական իրադարձությունների վկաներն ու վերապրածները ողջ են՝ մեր մեջ եւ, ինչպես դարասկզբին՝ նաեւ աշխարհասփյուռ։ Ավելին՝ եթե Թուրքիայում պահպանվել են եւ այսօր կան հայկական դպրոցներ, հայ համայնք, ապա Ադրբեջանում այդ ամենը բացակայում է։ Էլ ավելին՝ եթե Թուրքիայում 1915թ. իրադարձությունների շուրջ տեղի է ունեցել դատավարություն, որն առնվազն դատապարտել է հայերի նկատմամբ իրականացվածը, իսկ մեղավորներին դատապարտել մահապատժի, ապա Ադրբեջանում ոչ մի նման գործընթաց տեղի չի ունեցել։

Պետք է շեշտել, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում հասարակության բոլոր շերտերը մինչ օրս էլ ամբողջապես չեն գիտակցում եւ չունեն համապարփակ պատկերացում Թուրքիայի եւ Ադրբեջանի պետական քաղաքականության անքակտելի միասնության մասին։ Այնինչ որպես ազգային ռազմավարություն՝ դրա երկարաժամկետ հակահայկական ուղղվածությունը, մասնավորապես երկրում եւ դրանից դուրս հայերին ցեղասպանելու «հմտությունների» եւ գաղափարախոսության տարածումը, մեծ ռեսուրսների ներդրումով պատմության անընդմեջ կեղծումը, Հայաստանի քաղաքական մեկուսացումը, միջազգային շրջանակում հայության կերպարի ապաքաղաքակիրթ եւ դիվային ներկայացումը, ինչպես եւ հայկական քաղաքակրթության հետքի վերացումն այդ միասնության անկյունաքարերն են։

Ի դեպ, Ադրբեջանի կողմից 1988-1992թթ. հայերի ցեղասպանությունը լայն հնչեղություն է ստացել միջազգային հանրության շրջանում՝ դատապարտվելով ԱՄՆ սենատի, ՌԴ գերագույն խորհրդի, Եվրախորհրդարանի կողմից։ Իսկ ավելի քան 130 հանրային գործիչներ ամբողջ աշխարհից միջազգային հանրությանն ուղղված բաց նամակում ընդգծել են. «Մեզ առանձնահատուկ մտահոգում է այն հանգամանքը, որ սպառնալիքն ուղղված է հայ ժողովրդի դեմ, որը 1915թ. Օսմանյան կայսրությունում շատ թանկ է վճարել ուրույն լինելու իրավունքի դիմաց. այնտեղ հայազգի բնակչության կեսը դարձել է ռասիզմի վատագույն արտահայտման՝ ցեղասպանության զոհ»։

Պետք է ճանաչել եւ հատուկ կարգավիճակ տալ Ադրբեջանի կողմից «սումգայիթներում» սպանված բոլոր հայերին, ովքեր մինչ օրս համարվում են ոչ թե ցեղասպանության զոհեր, այլ «խուլիգանություն անող տարրերի գործողությունների արդյունքում մահացած հայազգի անձինք»։ Ադրբեջանի կողմից հայերի ցեղասպանության հանցագործությունը մինչ օրս անպատիժ է նաեւ այն պատճառով, որ մենք դեռեւս չենք կատարել բոլոր անհրաժեշտ քայլերը, այդ թվում՝ այս առաջնահերթ քայլը։

Մենք՝ հայերս, հերթական անգամ հայտնվել ենք քաղաքակրթական հակամարտության առաջին գծում, եւ մեր պայքարը ոչ միայն մեր, այլեւ համայն մարդկության, այդ թվում Թուրքիայի եւ Ադրբեջանի ժողովուրդների փրկության համար է։

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ՀՀ առաջին օմբուդսմեն

«Առավոտ» օրաթերթ
24.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930