Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանությունը վերապրածի պատմությունը. 5-ամյա Մեսրոպը թուրքի կին դարձած մոր հետ չմնաց

Ապրիլ 25,2015 15:30

Սասունցի Մեսրոպ Մինասյանը Հայոց ցեղասպանությունից փրկվածներից էր, որ տեղափոխվել էր Հայաստան, բայց անգամ խորհրդային տարիներին խաղաղ պայմաններում կացնից չէր բաժանվում: «Հայրս մինչեւ կյանքի վերջին օրը վախից կացինը մոտն էր պահում եւ ամեն դռան թակոցի հետ տեղից վեր էր թռնում՝ կարծելով, թե թուրքեր են եկել»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է Մեսրոպ Մինասյանի դուստրը՝ Մարիամ Մինասյանը: Դստեր պատմելով՝ Մեսրոպ Մինասյանն իր ամբողջ կյանքում կարոտով մնաց իր Սասունին, վախենում էր գնալ, ասում էր. «Սասունին նաեւ Սոնգուռլու էր ասում հայրս, ամեն անգամ պատմելիս՝ լաց էր լինում, ասում էր՝ չեմ կարա գնամ, այնտեղ արյան ծով կա, ես չեմ գնա, որդի»:

Մեսրոպն ընդամենը 5 տարեկան էր, երբ 1914 թվականին իր աչքի առաջ հորը՝ մսավաճառ Հակոբին, իր իսկ կացնով թուրքերը գլխատեցին, իսկ մորը՝ Արեգնազին, փախցրել են, իբր թե մի թուրք իրեն որպես կին է փախցրել Արեգնազին:

Մեսրոպ Մինասյանը Հայոց ցեղասպանության սարսափելի պատմության մասին հուշեր է գրել. ասում էր՝ ինչքան էլ գրեն, ինչքան էլ պատմեն, էլի քիչ է, պետք է անընդհատ խոսվի, բարձրաձայնվի, մինչեւ աշխարհը հասկանա, թե ինչ է կատարվել մի ամբողջ ազգի հետ՝ այդ նույն աշխարհի անտարբերության պատճառով:

«Տղամարդկանց տարան, կոտորեցին, հետո հերթը հասավ մեզ, եկան բոլորին՝ աղջիկ, կնիկ, երեխա, տներից հանեցին ու քշեցին չոլերը՝ ոնց որ սուրուի միջից ուլիկին ջոկեին մորից, այդպես էլ մեզ ջոկեցին մեր մերերից: Ինձ խորեցին հողի մեջ, ամբողջ մարմինս թաղեցին, միայն գլուխս թողեցին, ասեցին՝ վաղն էլ սրան կսպանենք: Գնացին ու սկսեցին սիրուն աղջիկներին ջոկել, տգեղներին սպանում էին կամ շպրտում գետը: Հղի կնիկների փորը ճղում էին սրերով, որ տեսնեին՝ արգանդում տղա՞ է, թե՞ աղջիկ: Կույս աղջիկների հետ ավելի վայրագ էին վարվում, կրծքներն էին կտրում: Ես այդ ամենը տեսել եմ հողում թաղված, արդեն պատմեցի՝ միայն գլուխս էին թողել, երեւի, որ ամեն ինչ տեսնեմ, երեւի մտածել են՝ էդպես ավելի դաժան մահ կունենամ…»,- այս պատմությունը գրի է առել Մեսրոպ Մինասյանը, որի դուստրն էլ մեզ է փոխանցում:

Հետո, ինչպես գրել է Մեսրոպ Մինասյանը, մութն ընկնելուն պես, թուրք մարդասպանները նրան այդպես թաղված թողել՝ հեռացել են, 5 տարեկան տղան այնպես է լաց եղել այդպես հողում թաղված, որ նրա ձայնը մի թուրք է լսել ու փոքրիկ Մեսրոպիին հողից հանել ու տարել է. «Տարավ մոլլայի մոտ եւ սյունեթ ըրեցին՝ թլպատեցին, հետո տկլոր պառկեցրին գյուղի մեջտեղում, որ եկող-գնացողը տեսնեն ինձ սյունաթած: Այդտեղ ինձ նման մի հայ տղա էլ կար, ինձնից մեծ, նրան էլ ստիպում էին, որ անունն ու հավատը փոխի, նա մեծ էր, չփոխեց, թուրքերն ասեցին՝ գյավուր դրվուրն խփեք: Հավաքված թուրքերը քարերով էնքան խփեցին, որ լխճելով սպանեցին նրան: Ինձ թուրքը տարավ որպես իրեն հոտաղ»: Մեսրոպի դուստրը պատմում է, որ թուրքը հորը տարել է մոլլայի մոտ, որ թուրքերեն սովորի, այս մոլլան էլ ասել է. «Ով մի գյավուր սպանի, նրա հոգին դրախտ կերթա»: Մեսրոպին չեն սպանել, որովհետեւ թլպատել էին ու համարում էին հավատափոխ, մուսուլման: Մեսրոպ Մինասյանի դուստրը պատմում է, որ հորը վերցրած թուրքը նրան բանեցնում էր ոչ միայն որպես հոտաղ՝ հովիվ, նաեւ բոլոր տեսակի ստորացուցիչ գործեր էր տալիս: «Էդ իմ «տերը» ինձ ծառայի պես էր պահում. նստում էր պետքի, ինձ ասում էր, թե՝ գյավուր, քար բեր սրբի, մի օր էլ ուշացրի քարը տանել, «տերս» ինձ վրա նեղացավ ու փորձեց քարով խփել, նրա հարսը իրեն մեջտեղ գցեց, խղճաց ինձ երեւի, ես ազատվեցի քարի զարկից»,- հուշերում գրել է Մեսրոպ Մինասյանը:

Մեսրոպի այդ «տերը» մի օր որոշել էր երեխային ուղարկել՝ մորը տեսնելու. փոքրիկը հանդիպոււմ է մորը՝ որպես թուրքի կնիկ. «Գնացի տեսնեմ՝ 4 թուրք կնիկների հետ մայրս տերեւի տոլմա էր փաթաթում: Ինձ որ տեսավ՝ ոչ մի բան չասեց, միայն մի տերեւ ջրի մեջ թաթախեց տվեց, որ ուտեմ: Մեկ էլ ասաց՝ արի ինձ հետ ապրի: Պիտի էլի թուրքի տանը ապրեի, վիրավորված ասացի՝ հորս սպանողը ինձ էլ կսպանի, չեմ գա, ու հետ դառա իմ «տիրոջ» մոտ, էլի թուրքի մոտ»:

Մեսրոպը որոշ ժամանակ ապրելով թուրքի հետ՝ տանջանքներին, նվաստացումներին չդիմանալով՝ մի օր որոշում է փախնել, ու հաջողվում է: 5-ամյա տղան փախնում է, գտնում է մի գետնահոր կացարան, որտեղ թուրքերը 17 հայ կին ու երեխաներ էին պահել: Մեսրոպը այդ գետնահորի հայերին երդիկից կերակրել է աղբի միջից գտած չորացած հացեր կամ էլ՝ երբ ինչ-որ կերպ հաջողացրել է թարմ հաց գտնել, ինքը չի կերել. հացը կապել է թելին ու էլի երդիկից իջեցրել է կացարան: «Էդպես էի անում, մինչեւ զորքերն եկան ու ազատեցին 17-ին էլ, ինձ էլ հանձնեցին տեղի որբանոց: Այդտեղ էին իմ փոքր եղբայր Կարապետն ու քույրս՝ Վարսենիկը, նրանց վերջին անգամ հենց էդ որբանոցում տեսա ու վերջ»: Մեսրոպի քրոջն ու եղբորը հայ այլ երեխաների հետ տեղափոխել են Ամերիկա, իսկ Մեսրոպին մի հայ ընտանիք է որդեգրել եւ Մինասյան ազգանունը տվել, Մեսրոպի ազգանունը Իքիլիզյան է եղել:

«Մի օր էլ եկան մեզ տարան Գատ գյուղ, էնտեղ 4 տարի «Արամյան» դպրոցը գնացի, այստեղ մեզ նման անտեր մնացածներին օգնում էին: Հայաստան գալու ժամանակ շատ ուրախացանք, բայց էստեղ էլ շատ նեղություն տեսա, բերեցին Գյումրի, հետո Էջմիածին, հետո տեղափոխել են Գառնի, հետո՝ Երեւան: Որ հիշում եմ, թե էդքանից հետո ոնց եմ ողջ մնացել՝ սիրտս մղկտում է»:

Մեսրոպ Մինասյանի դուստրը՝ Մարիամը, մեզ հետ զրույցում ասում է, որ հայրը շատ էր ուզում իր եղբորն ու քրոջը գտնել, շատ է փորձել, բոլոր հնարավոր միջոցներին դիմել է. «Կոմունիստների ժամանակ հորս անունով Ներքին գործերի մինիստրությունը նամակ է ստացել, որ հորս եղբայրն է արձագանքել եւ ուզում է հորս հասցեն իմանալ, որպեսզի կապ հաստատի, գումար ուղարկի: Բայց քանի որ այստեղ էլ ահը սրտում էր ապրում, վախից հենց մինիստրությունում այրել է այդ նամակը՝ մտածելով, թե ծուղակ է, կվնասեն իրեն էլ: Տենց էլ չգտավ իր հարազատներին»:

Մեսրոպ Մինասյանը Հայրենական մեծ պատերազմին էլ է մասնակցել, դուստրն ասում է՝ պարգեւներ է ստացել, աշխատանքային հերոսի մեդալներ են տվել. «Բայց ամբողջ կյանքում վախը սրտում ապրեց, ու մեռնելուց չվախեցավ՝ էդքան բան էր տեսել»:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հերոսական պատմություն. հենց այս մարդիկ են իսկակա՛ն հերոսները:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930