Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ մնում է միայն է՛լ ավելի համախմբվել, ինչը ավելի կարեւոր է, քան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը»

Ապրիլ 25,2015 15:00

«Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված զարգացումները ծանր դրության մեջ են գցել թուրքական իշխանություններին, իսկ ապրիլի 12-ին Վատիկանում տեղի ունեցած պատարագից եւ Հռոմի պապի ելույթից հետո Թուրքիան հայտնվել է շոկի մեջ»,- այս կարծիքին է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Այս օրերին էլ համաշխարհային եւ թուրքական մի շարք պարբերականների առաջին էջերին կարելի է հանդիպել արձագանքների՝ ուղղված Հռոմի պապի հայտարարությանը։

Թուրքիան իր քաղաքականությունն իրականացնելու համար օգտագործում է տնտեսական, քաղաքական, ռազմական լծակներն ու սպառնալիքները: Այդուհանդերձ, մասնագետների գնահատմամբ՝ այս ճնշողական լծակները բավականին թույլ էին եւ էական նշանակություն չունեցան Վատիկանի համար: Այդ պատճառով Թուրքիան մշակեց հատուկ քաղաքականություն՝ ուղղված Վատիկանին. «Երբ հայկական որեւէ պատվիրակություն հանդիպում էր կազմակերպում Վատիկանի հետ, նույնն անում էր նաեւ Թուրքիան»,- նկատում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը՝ վստահեցնելով, որ նրա այդ բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Թուրքիան անում էր ամեն հնարավորն ու անհնարը՝ տեղի ունեցածը իր մեկնաբանությամբ ներկայացնելու համար:
«Թուրքիայի դիրքորոշումը հստակ էր. պաշտոնական Անկարան հարցը տեղափոխում էր կրոնական բախումների հարթություն եւ շեշտում, որ Հռոմի պապի հայտարարությունը քրիստոնեական աշխարհի առաջնորդի կողմից մեծ հարված էր մնացյալ աշխարհին»,- ասաց թուրքագետ Լեւոն Հովսեփյանը: Այս մասին են վկայում թուրքական իշխանամետ մի շարք պարբերականների հրապարակումներ. «Հաբերթուրք»-ը իրադարձությունները որակում է որպես «Եվրոպայում աճող ռասիզմին շնորհված մրցանակ», իսկ «Հուրրիյեթ»-ը գրում է, որ Հռոմի պապին սազական չէր նման քայլը:

Թուրքագետ Լեւոն Հովսեփյանը կարծում է, որ Թուրքիան դեռ երկար կշարունակի շահարկել այս խնդիրը: Թուրքագետը վստահ է, որ սրանով է՛լ ավելի է սաստկացնում իր նկատմամբ ձեւավորված բացասական կարծիքը։ Թուրքիան տեղեկատվական դաշտում 100-ամյակի հետ կապված հայտնվել է բավական բարդ, ոչ նպաստավոր դիրքում: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գտնում է, որ սա մեծ հաջողություն է, երբ 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի մասին անդադար խոսում եւ գրում են:

Շատ կարեւոր է, որ տիրող աշխուժությունը նկատվի նաեւ ապրիլի 24-ից հետո: Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը կարծում է. «Հռոմի պապն իր հայտարարությամբ դժվարին կացության մեջ է դրել այն երկրների առաջնորդներին, ովքեր Թուրքիայի հետ կապված ինչ-ինչ քաղաքական, տնտեսական հաշվարկներից ելնելով՝ խուսափում են արտաբերել «ցեղասպանություն» բառը»:

Այս ամենն իր դրական ազդեցությունն է ունենալու Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի կարծիքով՝ այս պատարագը մենք կարող ենք որակել արտաքին քաղաքական ամենակարեւոր ձեռքբերումը մեր անկախ պետականության 24 տարիների ընթացքում։ Իսկ Կարեն Քոչարյանը ասում է. «Վերջին մեկ շաբաթում տեղի ունեցավ այն, ինչ չէր եղել երկար ժամանակ «Հայաստան» բրենդի ճանաչման համար թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական մակարդակներում։ Մեզ մնում է միայն է՛լ ավելի համախմբվել, ինչը ավելի կարեւոր է, քան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը»։

ԼԻԼԻԱՆԱ ՕՍԻՊՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930