Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ երեք մարզերում կներդրվի «Կրթություն Հայաստան» ծրագիրը

Ապրիլ 25,2015 13:00

Ավելի քան 20 շրջանավարտներ այս տարվա սեպտեմբերին հնարավորություն կստանան բարձր աշխատավարձով աշխատանքի անցնելու Լոռու, Տավուշի եւ Արմավիրի մարզերի դպրոցներում:

Լարիսա Ռայանն ազգությամբ հայ է: Երբ նա ուսանում էր Ամերիկայում, դիմել էր Teach For America ծրագրին ու այնտեղ հնարավորություն ստացել երկու տարվա ընթացքում դասավանդել ԱՄՆ-ի սոցիալապես վատ վիճակում գտնվող դպրոցներից մեկում: Լարիսայի մայրն առաջարկում է աղջկան, որ ծրագիրն իրականացվի նաեւ Հայաստանում: Եվ ահա, տարիներ անց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ինչպես նաեւ մի շարք այլ կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում կյանքի է կոչվում այդ գաղափարը:

ԱՊՀ երկրներից Հայաստանն առաջինն է, որը միացել է առաջնորդության հմտությունները զարգացնող ծրագրին, իսկ ընդհանուր առմամբ` այս ծրագրից օգտվում է 36 երկիր: «Կրթություն Հայաստան» ծրագիրը նախատեսում է Հայաստանի եւ Սփյուռքի համալսարաններից հավաքագրել եւ ընտրել լավագույն շրջանավարտներին, որոնք հինգ շաբաթվա վերապատրաստման դասընթացներից հետո հնարավորություն կունենան աշխատել կարիքավոր մարզային դպրոցներում: Ըստ այդմ էլ` ծրագրում ներառված յուրաքանչյուր դպրոցում առավել հավանական է, որ աշխատանքի կտեղավորվեն երկու մասնագետներ: Բացի բարձր աշխատավարձից, նրանց կտրամադրվի նաեւ կրթաթոշակ, որը բավարար կլինի առօրյա ծախսերը հոգալու համար:

«Կրթություն Հայաստան» ծրագրի հավաքագրման եւ ընտրության տնօրեն Թենի Ավագյանը համոզված է՝ սա հիանալի հնարավորություն է ոչ միայն մասնագիտական փորձ ձեռք բերելու, այլեւ մանկավարժի որակավորում ստանալու համար:

«Կրթություն Հայաստան» ծրագրի նախաձեռնողներն այդ երկու տարիների ընթացքում իրականացնելու են շարունակական վերահսկողություն եւ վերապատրաստում, իսկ մենթորները կապահովեն մասնակիցների մասնագիտական եւ առաջնորդության զարգացումը: Թենի Ավագյանը չբացառեց նաեւ, որ հինգ շաբաթվա վերապատրաստման փուլում ծրագրից դուրս կմնան այն մասնակիցները, ովքեր իրենց գիտելիքներով կամ բնավորության գծերով չեն բավարարի ծրագրի չափանիշներին:

Թենի Ավագյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ հանրապետության շատ մարզային դպրոցներում կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա առարկաների, ինչպես նաեւ լեզուների մասնագետների խիստ պահանջարկ կա. «Մենք չենք հավաքագրում մասնակիցներ կոնկրետ ֆակուլտետներից: Աստվածաբանության ֆակուլտետն ավարտած շրջանավարտը կարող է ունենալ նաեւ հմտություններ՝ այլ առարկաներից եւս: Միեւնույն ժամանակ, չենք բացառում, որ շատ հնարավոր է՝ նաեւ աշխատել համայնքում գործող այլ դպրոցներում եւս: Հինգ շաբաթվա մասնագիտական լուրջ վերապատրաստման փուլն ավարտելուց հետո կնքվելու է աշխատանքային պայմանագիր, իսկ արդեն սեպտեմբերից մեր լավագույն 20 մասնագետները մտնելու են դասարաններ ու իրենց գիտելիքներով ու փորձով օգտակար են լինելու դպրոցականներին»:

Ծրագրի նպատակն է կատարելագործել մասնագետներին, հնարավորություն ընձեռել մարզային դպրոցների աշակերտներին եւս որակյալ կրթություն ստանալ:
Ընտրված 20 մասնակիցները վերապատրաստման դասընթացներն անցնելու են Դիլիջան քաղաքում` UWC միջազգային դպրոցի աջակցությամբ: Հինգ շաբաթների ընթացքում նրանք օրվա առաջին կեսը համայնքի երեխաների համար ամառային դպրոց են վարելու, որպեսզի դասարանում լինելու պրակտիկ փորձ ձեռք բերեն: Իսկ ահա երկրորդ կեսին անցկացվելու են բուն դասընթացները, որի ժամանակ մասնակիցները ուսումնասիրելու են հոգեբանություն, սովորելու են դասերի մատուցման արվեստ, խնդիրների լուծում եւ այլն:
Հավելենք նաեւ, որ «Կրթություն Հայաստան» ծրագրին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել՝ լրացնելով առցանց հայտադիմումը www.teachforarmenia.org կայքում, որտեղ կարող եք գտնել մանրամասն տեղեկություններ նախաձեռնության եւ մասնակիցների ընտրման ընթացակարգի, ինչպես նաեւ կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930