Որ Հայաստանի օլիմպիական պատվիրակությունն ամբողջական կազմով մասնակցելու է Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին, կասկած չկա
– Դուք գիտեք, որ ազգային ֆեդերացիաների՝ օրացուցային պլանով եւ թե պետության աջակցության, եւ թե իրենց բյուջեում Եվրոպական խաղերի մասնակցություն նախատեսված չի եղել: Եվ առաջացած ֆինանսական բոլոր լրացուցիչ խնդիրները՝ թե լրացուցիչ ուսումնամարզական հավաքների կազմակերպում, մասնակցություն համապատասխան մրցաշարերին եւ այլն, իր վրա է վերցրել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
– Հետեւաբար, նախատեսված չեն եղել նաեւ տրանսպորտային ծախսերը:
– Բոլոր պատվիրակությունների տրանսպորտային ծախսերը վճարում է կազմակերպիչ կողմը, տվյալ դեպքում՝ Ադրբեջանը: Սակայն այս հարցում էլ ՀԱՕԿ-ի նախագահը հրաժարվել է դրանից եւ մեր ամբողջ մարզական պատվիրակության՝ Բաքու ու հետադարձ ճանապարհածախսը վերցրել իր վրա:
Կարդացեք նաև
– Ինչի՞ համար, ի՞նչ նկատառումներով:
– Կարծում եմ՝ բոլորիս էլ պարզ է եւ հասկանալի: Ուստի պատասխանելու անհրաժեշտություն չեմ տեսնում:
– Քանի որ տեւական կողմ ու դեմ կարծիքներից հետո որոշվել է մասնակցել, ասացեք, խնդրեմ, ընտրված բոլոր վեց մարզաձեւերից էլ մասնակցելո՞ւ ենք:
– Այո: Տվյալ մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները մասնակցության որոշում կայացրել են, ներկայացրել հայտերը եւ նախապատրաստվում են Բաքվում կայանալիք Եվրոպական 1-ին խաղերին:
– Հավաքականների կազմերը հայտնի՞ են:
– Այո: Մրցավայր մեկնող հավաքականները գլխավորապես համալրված են լինելու ուժեղագույն մարզիկներով: Մենք հայտարարել ենք, որ եթե մասնակցելու ենք Եվրոպական խաղերին, ապա այն մարզիկներով, որոնք ի վիճակի են պայքարել առնվազն մեդալների, էլ չեմ ասում՝ չեմպիոնական տիտղոսների համար: Հակառակ դեպքում՝ հարեւան հանրապետություն մեկնելը իմաստ չէր ունենա:
– Բաքու մեկնող մեր հավաքականների կազմերը կասե՞ք:
– Եկեք այս պահին ձեռնպահ մնանք կոնկրետ անուններ տալուց եւ բավարարվենք քիչ առաջ ասածովս՝ մեկնում են հիմնականում ազգային հավաքականների առաջին համարները: Մեկ կամ երկու բացառություն կարող է լինել:
– Հասկանալի է, որ ընտրվել են այն մարզաձեւերը, որոնցում մենք ուժեղ ենք եւ միջազգային ասպարեզներում արժանապատիվ ենք հանդես գալիս: Այդպիսի մարզաձեւ է նաեւ ջրացատկը: Մեր երեք տղաները հատկապես աշտարակացատկում վերջին տարիներին աշխարհում բարձր դիրքեր են զբաղեցնում: Ինչո՞ւ ջրացատկը դուրս մնաց ընտրված մարզաձեւերի ցանկից:
– Դա իր հիմնավոր պատճառներն ունի: Մենք մասնակցում ենք այնպիսի մարզաձեւերի, որոնք ընթանում են տրիբունաների բուռն աղմուկի ուղեկցությամբ: Ու դա սովորական երեւույթ է մարզիկների համար: Իսկ ջրացատկը հակառակն է պահանջում: Լողավազանում պետք է քար լռություն լինի, որպեսզի ցատկորդը կարողանա կենտրոնանալ, տրամադրվել եւ ցատկը կատարել հնարավորին չափ մաքուր եւ ճշգրիտ: Մի ձայնը կարող է ամեն բան ի չիք դարձնել: Հասկանալի է, որ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մեր մարզիկների կատարման ժամանակ լողավազանի տրիբունաներում բացարձակ լռություն կապահովվի: Եվ եթե սրան ավելացնենք, որ աշտարակացատկը նաեւ էքստրեմալ մարզաձեւ է՝ լի վնասվածք ստանալու վտանգներով, մարզիկի մեկ սխալ հաշվարկը, մեկ սայթաքումը կարող են վատ հետեւանքներ ունենալ: Այս եւ այլ հանգամանքներ հաշվի առնելով էլ նպատակահարմար չգտանք, որ ջրացատկորդները մասնակցեն Բաքվի խաղերին:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.03.2015