Լրահոս
Օրվա լրահոսը

Վկայում եմ

Ապրիլ 25,2015 12:00

Ցեղասպանության ականատեսի վկայությունները

Սկիզբը կարդացեք այստեղ:

Կոտորածից անցել էր մոտ 3 ամիս, մենք արդեն ընտելացել էինք այդ կյանքին. ցնցոտիների, կեղտի մեջ: Մեզ խստիվ արգելված էր խոսել հայերեն: Մեր անունները փոխել էին՝ անունս դրել էին Հուսեյին, քրոջս անունը՝ Ֆաթիմա: Ինձ պատվիրում էին գառներին պահել, քրոջս եւ հորեղբորս աղջկան՝ ջուր բերել:

Մենք երեքով մնացինք այդտեղ: Ի՜նչ էր մեր քաշած կյանքը: Մեր մայրերին տանելուց ի վեր ո՛չ լողացել էինք, ո՛չ էլ շոր փոխել, ուտել դեռ ոչինչ, տան ուտելիքը դեռ չէր վերջացել: Ես առավոտ գառները տանում էի արածացնելու բերդի վրա, երեկոյան բերում տուն: Գյուղում շատ երեխաներ մնացել էին անտեր: Սոված, անտուն թափառում էին, քնում էին փողոցներում եւ անտերությունից մահանում: Մի օր ես ականատես եղա, թե ինչպես այդ անտեր երեխաներին թուրք երեխաները դնում էին քարի վրա, նշան էին բռնում, թե ով դիպուկ կզարկի եւ այդպիսով մեկ-մեկ սպանում էին: Մի օր էլ տեսա, որ մի թուրք երիտասարդ մի հայի փոքրիկի՝ 5-6 տարեկան, նստեցրել էր քարի գլխին, հրացանով նշան էր բռնում, չնայած երեխան շատ աղաչեց, մենք էլ միջամտեցինք, բայց ոչինչ չստացվեց: Մի անգամ կրակեց, չդիպավ, 2-րդ անգամ դիպավ կրծքին, մեջքից դուրս տվեց գնդակը: Անցավ մի քանի շաբաթ, երբ մի օր հերացուս ասաց. «Հուսեյին, այսօր միասին պետք է գնանք Բոռքնե»: Ինչ-որ անասուն պիտի բերեինք այնտեղից: Վերկացանք, գնացինք: Ես էլ ուրախացա, որ կգնամ, մեր երեխաներին կտեսնեմ: Մեր գյուղից մի քանի կմ հեռու, առաջից կրկին անցնում էր Եփրատ գետը: Հիշեցնեմ, որ մորս եւ հորեղբորս կնոջը տանելուց հետո, եղբորս եւ հորեղբորս տղային վերցնում են ձեռքերից, թե. «Մենք կպահենք», եւ այդ երեխաներին հանձնում են աղախնի հսկողությանը, որը մի թուրքի աղջիկ էր:

Դե պարզ է, թե թուրք աղջիկը ինչպես պիտի նայի: Հենց մտանք բակ, իմ եղբորը տեսա: Կուչ էր եկել մի անկյունում, արեւի տակ տաքանալու, որովհետեւ եղանակն արդեն ցուրտ էր: Գրկախառնվեցինք: Հերացուս, որ տեսավ, ինձ պատվիրեց, որ մնամ տեղում, տեղ չգնամ, մինչեւ գա: Եվ ինքը բարձրացավ վերեւ: Փոքր եղբայրս լաց լինելով անդադար կրկնում էր. «Ապար, ինձ այստեղից տար, ես չեմ մնա»: Ես որոշեցի անպայման տանել, թե չէ սրա գլուխն էլ կուտեին: Այդ խոսակցության մեջ էինք, երբ հայտնվեց հերացուս: Ես փաթաթվեցի «հորս» ոտքերին. «Տեսնո՞ւմ ես, հորեղբորս տղին խեղդել են, սրան նույնպես կխեղդեն»: Նա ինձ վրա ջղայնացավ, թե ձեզ շատ կարող եմ պահել, որ այդ լակոտին էլ տանեմ: Ընկա ոտքերը աղաչանք-պաղատանք արի, ոչինչ չօգնեց: Երկու եղբայր իրարից պոկ չէինք գալիս: Սրիկան քաշեց եղբորս թեւից, պոկեց ինձանից, այդտեղ մի գետնահարկ սենյակ կար, գցեց այնտեղ ու դուռը դրսից փակեց: Իմ թեւից բռնելով շպրտեց այն կողմ՝ «Շուտ ընկի առաջս»: Իսկ երեխան կտրտում էր իրեն, ուժեղ բախում դուռը: Այդ լացի ձայնը մինչեւ հիմա ականջիս մեջ է, գուցե գերեզմանում էլ չմոռանամ հարազատիս ձայնը: Վերադարձանք տուն, ես իսկույն գնացի փոքր հորեղբորս կնոջ մոտ, որն ամուսնացել էր մի քրդի հետ, պատմեցի եղելությունը, շատ աղաչեցի, խնդրեցի, որ գնա եղբորս բերի, այստեղ պահի միառժամանակ, մինչեւ տեսնենք ինչ կլինի դրությունը: Այդ անիրավը մերժեց, պատճառաբանելով, թե իր վրա կխոսեն, չի կարող: Գնացի քուրդ մորացուիս մոտ, խնդրեցի: Նա, թե. «Տեսնում ես 4 երեխա ես ունեմ, 3 էլ դուք եք, 7 երեխա ո՞նց պահեմ, չեմ կարող»: Էլ հույսս կտրվեց: Անցավ մի քանի օր:

Գառնարած ընկերներիս ասացի, վերցրեցինք գառները, ուլերը տարանք այդ Բոռքնե կոչված գյուղը, որ երեխաներին տեսնեմ: Իհարկե, տղաներին խաբեցի, թե այն գտնվում էր երեք կմ հեռավորության վրա մեր գյուղից: Նրա տակից էր անցնում մեծ Մազուր գետը: Երբ հասանք, ասացին, թե հորեղբորս տղան լվացվելու ժամանակ ոտքը սահել է, ընկել է ջուրը եւ խեղդվել, իսկ եղբայրս ողջ էր: Երբ տեսանք իրար, փաթաթվեցինք, լաց եղանք: Իմ առաջին հարցումն եղավ. «Խորեն ջան, Խոսրովն ո՞ւր է»: Երեխան լաց լինելով պատմեց, թե աղախինը տարել է գետի ափը լողացնելու, գցել է գետը, խեղդվել է: Այդ լուրը լսելուց ես շատ վշտացա: Ինչքան խնդրեցի, որ եղբորս տա, ուշադրություն չդարձրեց, պոկեց իմ գրկից, գցեց մարագի մեջ, դուռը դրսից փակեց ու մի երկու ապտակ ինձ հասցրեց: Իսկ եղբայրս կատվի նման ճանկռում էր դուռը, լաց լինում: Այդպես բաժանվեցինք իրարից: Մինչ օրս իր ձայնն ականջիս մեջ է եւ երբեք չեմ կարող մոռանալ, մինչեւ մահս: Մի քանի օրից նորից գնացի, որ տեսնեմ, այլեւս չկար: Վազեցի մտա այդ Հայմեդ կոչեցյալի որջը, որ մի րոպե առաջ իմ սիրելի եղբորը տեսնեմ: Այդ պահին դեմս դուրս եկավ լիրբ աղախինը, ծաղրելով. «Հա՞, եղբորդ ես նայում,- ասաց իր զզվելի ատամները ցույց տալով,- 2 օր առաջ ընկավ կրակի մեջ, վառվեց, մի օր ողջ մնաց ու մահացավ»: Այդ լսելուն պես աչքերս սեւացան, վայր ընկա: Թե ինչքան եմ մնացել, չգիտեմ:

Հարցուփորձ արեցի, ասացին, որ լվացվելու ժամանակ ընկել է ջուրն ու խեղդվել: Վերջում իմացա, որ ծառան է գցել ջուրը խեղդել: Ես ասացի. «Ցույց տվեք, որտե՞ղ եք թաղել, գոնե գերեզմանը տեսնեմ»: Քմծիծաղ տվեցին. «Ի՞նչ գերեզման, գցել ենք գետը»: Այդպես երկու անմեղ երեխաներ զոհվեցին:

ՍՏԵՓԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ծնվել է 1908-ին,
Արեւմտյան Հայաստանի
Խարբերդ գավառում

«Առավոտ» օրաթերթ
24.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930