Ապրիլի 23-ին Ատլանտայի հրեական Ժառանգության թանգարանը միջոցառում էր կազմակերպել՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանությունը: Մեր երգչախումբը նույնպես հրավիրված էր մասնակցելու:
Մեր երգչախումբը փոքր է, Ատլանտան էլ Գլենդել չի, որ ունենա անսահման հայկական ռեսուրսներ: Բայց այսօր ձեզ գրում եմ հայի ոգու մասին, թե ինչ կարող է անել հայ մարդը, երբ թասիբի է ընկնում ու սկսում ճանաչել, թե ով է ինքն իրականում:
Այս տարի մարտահրավերը մեծ էր, պատասխանատվությունն էլ ավելի շատ, քանի որ նոր շարականներ կան սրբադասման հետ կապված ու 100-ամյակն ավելի պարտավորեցնող է: Գիտե՞ք, այս տարվանից սկսած՝ բոլոր հայ եկեղեցիներում ապրիլի 24-ին հոգեհանգստյան կարգի փոխարեն՝ նոր արարողություն է լինելու, արդեն սրբադասված մեր վկաների համար: Այս առիթով հատուկ գրված «Օվ երանյալ» շարականն այնքան գեղեցիկ է պատմում ամեն ինչ: «Ով երանելի սուրբ վկաներ, իմաստնացած երնավոր լուսով, որ ցորենի հատիկի օրինակով ձեր անձերը բերեցիք ու բազմապատիկ հավատով պտղավորեցիք Հայաստան աշխարհս: Աղաչեցեք Աստծուն պահել սա (Հայաստանը) խաղաղությամբ»:
Քանի որ մեր երգչախումբը փոքր է, դիմեցինք մեր համայնքին, թե՝ «ժողովուրդ, թասիբի հարց է, կգա՞ք օգնեք, որպեսզի լավ ներկայանանք օտարներին»: Ու ժողովուրդն արձագանքեց: Համայնքից քանի-քանի նվիրյալներ խառնվեցին իրար ու մեկ-մեկու քաջալերեցին մասնակցել երգչախմբին:
Կարդացեք նաև
Անցյալ շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին, գնում եմ Ատլանտա, որպեսզի երգչախմբի փորձ անենք: Չգիտեմ քանի հոգի կհավաքվեին, քանի հոգի կգային: Մի տեսակ մտահոգ էի, բայց վստահում էի Աստծուն: Դեռ ճանապարհին էի, մեկ էլ մեր համայնքից Ռուզաննա Պողոսյանը զանգեց ու իր քաղցր գյումրեցու բարբառով՝ «Արմեն ջան, կներես, օր կանհանգստացնեմ, գիդեմ, օր ճամփին էս», «վայ, ի՞նչ եք ասում, Ռուզաննա ջան, սիրով, ի՞նչ է պատահել»: «Գուզեմ, օր ուրախ գաս…. հինգ-վեց հոգի հավաքվել ենք ու երեկոյան կմիանանք երգչախմբին»:
Ո՞նց ուրախացա, բայց գիտեք ինչո՞ւ: Ո՞չ թե որ իմացա, թե հինգ-վեց հոգի գալու են, այլ մարդկային հոգու գեղեցկության համար: Մարդը զանգել է, որ ասի՝ «Գուզեմ, օր ուրախ գաս…»: Հավատացեք, սա շատ բան է ասում հայ մարդու ներուժի մասին, երբ կարող ենք մեկս մեկիս ուրախացնել ու բարձրացնել, հոգ տանել իրար համար, սիրով վարվել իրար նկատմամբ, մխիթարել իրար ու ոչ մի վատ բան չցանկանալ որեւէ մարդու:
Փորձը շատ լավ անցավ 15 հոգիանոց երգչախմբով: Նույնիսկ մեր համայնքի ամերիկացի փեսեքից մեկը միացավ մեզ, ու տղեն առանց մի բառ հայերեն իմանալու, բոլորը սովորեց ու կիրակի օրն էլ միացավ մեզ՝ եկեղեցում երգելով:
Այս տողերը գրում եմ ապրիլի 22-ին: Վաղն այդ միջոցառումն է: Երեկ երեկոյան, ժամը 10-ի կողմերը, մեր երգչախմբից Տիգրանը, թե՝ «Կարող եք մտնել Skype, հարց ունեմ»: Ասացի. «Սիրով, Տիգրան ջան» ու մեկ էլ վիդեոն բացեմ ու ինչ: Երգչախումբը հավաքվել է ու մեր նոր խմբավարի հետ միասին փորձ են անում, ձայնագրել են, ու ինձ ուրախ անակնկալ մատուցում, որ ավելի լավ պատրաստվեն, որովհետեւ պատվի, թասիբի ու նվիրումի հարց է: Հոգիներս լցվեց ուրախությամբ:
Ապրիլի 24-ից հետո, ապրիլի 25 է գալու, ու բոլորիս ճիշտ ապրել է պետք՝ առաջ շարժվելու համար: Եկեք սիրենք իրար ու ամեն առիթով ուրախացնենք իրար: Միմյանց ոչ մի վատ բան չկամենանք ու ապրենք արդար՝ մեր Աստծո պատվիրանները պահելով: «Եթէ ըստ իմ հրամանի ընթանաք, իմ պատուիրանները պահպանեք ու կատարեք դրանք, ապա … Դուք կուշտ հաց կուտեք եւ ձեր երկրում անհոգ կապրեք։ Ձեր երկրին խաղաղութիւն կպարգեւեմ, եւ ձեր երկրում պատերազմ չի լինի։ Կը քնեք, եւ չի լինի մեկը, որ ձեզ վախեցնի։ Ձեր երկրից կը վերացնեմ չարիք պատճառող գազաններին»: (Ղւ 26:3-6) Մի՞թե ամենքս սա չենք ուզում մեր երկրի համար:
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
Քննարկումների համար գրել Ֆեյսբուքի իմ էջին
https://www.facebook.com/armen.hareyan?fref=ts