Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղագետ-գծանկարչի իններորդ անհատականը

Ապրիլ 25,2015 11:00

Լեւոն Լաճիկյանն արդեն մի քանի տասնամյակ իր գրիչն ու ջանքերը ծառայեցնում է արդի հայ մշակութային կյանքի լուսաբանման ու մեկնաբանման հույժ կարեւոր գործին: Ավելին՝ նա նաեւ մասնակիցն է գեղարվեստական-մշակութային այդ ընթացքի՝ իր բազմաթիվ հոդվածներով, գրքերով, իսկ վերջին տարիներին նաեւ գծանկարներով: Դրանց մի շարք՝ «Պոլսո արտացոլանքներ» խորագրով, օրերս նա ներկայացրեց Եվրասիա համագործակցություն հիմնադրամում: Ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ գործելու է մինչեւ մայիսի 15-ը:

Ապրիլի 24-ին ընդառաջ՝ նկարիչը ցուցադրում է 24 գրաֆիկական աշխատանքներ, որոնցում ցոլանում է Կոստանդնուպոլիսն իր ողջ գեղեցկությամբ ու հմայքով: Սա յուրատեսակ պտույտ է «Պոլսո թաղերուն մեջ», ուր մեր հայրենակիցներն իրենց ձեռագիրն են թողել՝ հրաշակերտելով Դոլմաբահչեն ու մյուս գեղակառույցները: Հեղինակն առանձին անդրադարձ է կատարել նաեւ Գնալը հայաշունչ կղզուն՝ ներկայացնելով մի ամբողջ պատկերաշար: Թուրքիայի Հանրապետության խոշորագույն քաղաքի տարբեր տեսարաններ եւ հատկապես հայկական հիշատակներ խտացնող վայրեր պատկերելով` հայ նկարիչը ներկայացնում է Պոլսի` իբրեւ հայ մշակույթի «մայրաքաղաքներից» մեկի սեփական ընկալումը:

Levon_Lachikyan

Ներկայացվող գծանկարները մաս են կազմում Լեւոն Լաճիկյանի «Հայկական աշխարհ» խորագրով նկարաշարի, որն արվեստագետը ներկայացրել եւ շարունակում է ցուցադրել հայկական գաղթօջախներում: Այս աշնանը սպասվում է «Պոլսո արտացոլանքներ» ցուցահանդեսի կազմակերպումը Ստամբուլում, իսկ տարեվերջին՝ Նյու Յորքում:
Ինչպես մեր զրույցում նշեց Լեւոնը, նա մտադիր է ընդլայնել Պոլսին նվիրված իր նկարաշարը՝ դրանք հարստացնելով նոր գործերով: «Պոլիսը մեզ համար սովորական քաղաք չի եղել,- պատմում է հեղինակը,- այն եղել է հայ մշակույթի խոշոր կենտրոն, որտեղ դարեր շարունակ ազգային ոգին է թեւածել: Այդտեղ էր, որ 1700-ին Մխիթար Սեբաստացին հիմքը դրեց Մխիթարյան միաբանության: Այդ քաղաքում են ապրել ու ստեղծագործել Պաղտասար Դպիրը, Պետրոս Դուրյանը, Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը: Քայլելով Պոլսի փողոցներով՝ ես ոտքս զգուշությամբ էի դնում գետնին. դեռ զգում էի նրանց ոտնաձայների արձագանքը»:
Նման երկյուղածությամբ էլ նկարիչը պատկերել է Պոլսո թաղամասերն ու առանձին ճարտարապետական կառույցներ: Նուրբ գծերով ու մանրազնին հայացքով նա կերտել է «իր» Պոլիսը, որ մերն է նաեւ:

ԵՎԱ ԼԵՎՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930