Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Օբաման խեղճ պետության առաջնորդի տպավորություն է թողել հայ պատգամավորի վրա

Ապրիլ 24,2015 23:00

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման  այս տարի էլ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հակառակ իր նախընտրական խոստման, ցեղասպանություն բառը չասաց:  ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցում, Օբամայի այս դիրքորոշման մասին ասաց, որ ցեղասպանությունն ընդունելը, կամ այդ բառն ասելն, առաջին հերթին պետք է հենց ԱՄՆ-ին, որը մշտապես խոսում է մարդու իրավունքներից, ազատությունից ու ժողովրդավարությունից:

«Ես շատ կուզենայի, որ աշխարհում արդարություն իսկապես տիրեր. սա գուցե  ռոմանտիկ հնչի, բայց այսօր մի իրավիճակ է, երբ մենք տեսնում ենք, որ իրենց պետության ներքին քաղաքականությունը, շահերն, այս կամ այն պետության ճնշումներն ավելի մեծ տեղի են տալիս, քան ժողովրդավարությանը, կամ մարդու իրավունքներին, այդ սկզբունքներին: Օրինակ` ԱՄՆ-ն գերհզոր պետություն է, բայց այն պահվածքը, այն դիրքորոշումը, որը ցուցաբերեց, տեսանք, որ փոքրացրեց նրան, խեղճ, փոքր պետության առաջնորդի տպավորություն թողեց: Ցավով եմ ասում, որովհետեւ ցեղասպանություն բառն արտաբերելը, այդ ոճրագործությունն իրական իր անունով կոչելը, կամ այդ ուղղությամբ քայլեր կատարելը, մեզ պետք չէ, առաջին հերթին իրենց  պետությանն է պետք, առաջին հերթին պետք է մարդու ապրելու իրավունքից, ազատություններից խոսող այն եվրոպական երկրներին, որոնք թուրքական լոբբինգին տեղի տվեցին եւ ճիշտ չարտահայտվեցին, ճիշտ չպահեցին իրենց»,-ասաց հանրապետական պատգամավորը:

Պարոն Սահակյանը Հայոց Ցեղասպանության  100-րդ տարելիցի միջոցառումներին անդրադառնալիս, նշեց, որ այնուամենայնիվ, ամբողջ քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունն այդ միջոցառումներն էին եւ աշխարհը կարողացավ ընկալել, հասկանալ, որ այն արարքը, որը տեղի է ունեցել հայերի նկատմամբ`ցեղասպանություն է. «Աշխարհը հասկացավ, որ պետք է կարողանան պատմության հետ առերեսվել, ու ասել` այո, ցեղասպանություն է տեղի ունեցել, եւ պետք է սպասել համապատասխան քայլերի»:

Պատգամավորի դիտարկմամբ, Ցեղասպանության ճանաչման գործընթացն այլեւս միջազգային մեր տիրույթից դուրս է, այն արդեն միջազգային հարթակում է տեղի ունեցող քննարկում է:

«Սա այն օրն էր, որ յուրաքանչյուր պետության ղեկավար իր երկրի ապագայի, ժողովրդի ճիշտ դրսեւորվելու, պատմության եւ ժողովրդի աչքերին նայելու հնարավորությունը պետք է օգտագործի եւ ճիշտ արտահայտվի: Մենք պահանջատեր ենք, մենք չենք մոռանում, մենք ապրելու ենք, ապրիլի 24-ը մենք պետք է արժևորենք ու մտածենք ապրիլի 25-ի մասին. սա է կարեւորը: Մենք պետք է հզորանանք, եւ մենք մեր հույսերը մեր վրա պիտի դնենք: Իրականում, աշխարհում բան չի փոխվել, աշխարհաքաղաքական շահերն են փոխվել, թուրքը նույն թուրքն է, նույն թշնամին, մենք պետք կարողանանք մեր երկիրը ուժեղացնենք, հզորացնենք, որ այլեւս ցեղասպանության չենթարկվենք»,-ասաց Սահակյանը:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի , Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի  եւ այլոց հայտարարություններին անդրադառնալով, պարոն Սահակյանն ասաց, որ  եթե դրանց տրամաբանության մեջ դիտարկենք, ապա պատգամավորի կարծիքով` հաղթական վերջնակետը մոտ է. «Բայց ես չեմ ուզում վերջնակետ դնենք, թե ով` ինչ ասաց, դա իրենց համար է ավելի շատ կարեւոր: Առավելեւս, երբ Օբաման դեռ սենատոր էր, ասել էր ցեղասպանություն բառը: Կարեւորը, մենք մեր մեջի ռուսամետ, եվրոպամետ, ամերիկամետ տեսակը վերացնենք, եւ ով էլ նայի մեզ այսօրվա գործընթացում, տեսնի, որ մենք հայամետ ենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    24 ԱՊՐԻԼ 2015 թ.,Բարսելոնա, ԻՍՊԱՆԻԱ
    ԿԵՑՑԵ՛ ԱՐՈՐԴԻՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ
    —————————————————————-
    Կգա ժամանակը, երբ մենք բոլորս կմեռնենք: Բոլորս: Կգա ժամանակ, երբ չի մնա ոչ մի մարդ, ով կհիշի, թե ինչ-որ մեկը եղել է ու նույնիսկ ինչ-որ բան է արել: Չի մնա ոչինչ, որ կհիշեցնի Արիստոտելի կամ Կլեոպատրայի մասին, իմ մասին էլ չեմ խոսում: Այն ամենը, ինչ մենք արել ենք, կառուցել ենք, գրել ենք, մտածել ու բացահայտել ենք, կմոռացվեն: Այդ ամբողջն անհետ կկորչի: Այդ ժամանակը կարող է շուտ գալ, կամ գուցե դեռ միլիոնավոր տարիներ կան դրան, բայց եթե նույնիսկ մենք վերապրենք Արեգակի կոլապսը, մարդկությունը հավերժորեն գոյություն ունենալ չի կարող: Եղել է ժամանակը, երբ կենդանի օրգանիզմները գիտակցել են իրենց գոյությունը, կլինի նաև ժամանակը մեզնից հետո: Իսկ եթե քեզ անհանգստացնում է հավերժ մոռացումը, առաջարկում եմ անտեսել այդ վախը, ինչպես վարվում են բոլորը…
    Այո, իրոք, տարօրինակ ժողովուրդ ենք մենք, մի կողմից հանդուրժել չեն կարող օտարի իշխանությունը, անում են ամենը, տալիս են ամեն տեսակ զոհեր ազատ, անկախ, ինքնուրույն լինելու համար, բայց մյուս կողմից` չենք հարգում և չենք սիրում մեր ինքնասիրությունը և ուզում ենք, որ մեր վեճերը լուծեն օտարները: Կարող եմ ասել ավելին. երբեմն անձնական վիրավորանքի, շահերի համար մենք պատրաստ են թքել մեր երկրի վրա…
    Մարդիկ հակված են տառապանքի: Եվ երբ մի անկատար մարդ փորձում է ընդունել մեկ այլ անկատար մարդու այնպիսին, ինչպիսին նա կա, ապա բոլոր անկատարություններով և արատներով հանդերձ, նրանք երկուսն էլ տառապում են: Ըստ էության, մարդկանց միջև միակ կենդանի կապը մեր սրտերի տառապանքն է:
    Արդյոք կգա այդ օրը երբ ազգովի միանանք եվ միասին տանենք մեր լուծը եվ ոչ թե ողորմանք օտարին:

    ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԿՈԻՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ «ՀՊԿ»
    ORGANIZACION DE LOS ESTADOS ARMENIOS «DELEA»

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930