«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանն այսօրվա հանրահավաքում դիմեց հանրահավաքը հսկող «բացահայտ եւ ծպտյալ» ոստիկաններին` ասելով, որ այս հանրահավաքին մասնակցող սակավաթիվ մարդիկ են, որ թույլ չեն տալիս, որպեսզի երկիրը վերջնականապես ապականվի եւ այլասերվի ու եթե իրենք դա են ցանկանում, առաջարկեց` ձերբակալել բոլոր հավաքվածներին: Նա համարում է, որ զենքից ուժեղ է գաղափարը, իսկ հանրահավաքի սակավաթիվ մասնակիցները գաղափար կրողներն են ու «չկոտրվող դիմադրողականությունը» եւ կախված նրանից, թե այդ դիմադրողականությունն ինչ արագությամբ կաճի, այդ արագության էլ կստեղծվի մեր ուզած պետությունը:
Կարդացեք նաև
Ի դեպ, տարածքը հսկվում էր մեծ թվով ոստիկանների կողմից, որոնց աշխատանքը կանոնակարգում էր Երեւանի փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը: ՀԽ-ի հանրահավաքին ներկա էր նաեւ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը:
Հանրահավաքի մասնակիցները պարզել են պաստառներ՝ «100-ամյակն առանց ռեժիմի», «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներով:
Հանրահավաքի լավագույն հռետոր, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Եղիա Ներսիսյանին հավաքվածները դիմավորեցին «Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկումներով: Իսկ նա իր ելույթը սկսեց Նժդեհից մեջբերումով ու ասաց. «Մենք ապրում ենք հանուն Հայաստանի եւ հանուն Հայաստանի մենք հաղթելու ենք»: Եղիա Ներսիսյանի ելույթն այսօր ուղղված էր սփյուռքահայերին. «Հայրենիքը հեռվից չեն սիրում: Եկեք այստեղ ապրելու ու ապացուցեք այս ռեժիմին, որ իրենց մշակած պլանը, որով մեզ հանում ու ռադ են անում մեր երկրից, չի աշխատում: Մենք ետ ենք գալիս ապրելու ու մեր տեսակը շատացնելու: Սա տեսակների պայքար է, եթե մեր տեսակը շատանա այս երկրում, մենք իրենց կհաղթենք` առանց ուժ գործադրելու: Առիթ մի փնտրեք, որպեսզի վերադառնաք հայրենիք: Առիթ պետք չէ, որ դու մորդ սիրես: Ուղղակի վերադարձեք հայրենիք: Այն, որ այսօր գոռում գոչում եք աշխարհով մեկ` պահանջում ենք եւ հիշում ենք, եկեք տեր կանգնեք այս 42 հազարին: 400 հազարը եթե ձեզ տան ի՞նչ եք անելու: 7000 մարդ զոհվեց 12 000 քառակուսի մետր հող ձեռք բերեցինք` ի՞նչ ենք անում, հանձնել ենք վալեքսգրուպներին: Հանում են մեր տեղացի արցախաբնակ գյուղացուն` իր երկրում հանքափոր են դարձնում, թալանում են մեր երկիրը: Մի օր սերժիկները գնալու են, ոչ մեկ հավերժ չի, իսկ մենք որտե՞ղ ենք ապրելու: Տեր պիտի կանգնենք մեր երկրին եւ ոչ խոսքով»:
Նա հորդորեց հետեւել Մովսես Գորգիսյանի պատգամին եւ ոչ ռուսին նայել, ոչ էլ ամերիկացուն, այլ տեր կանգնել մեր երկրին: Նաեւ` ապտակին համապատասխան ապտակ տալ, որ ամբողջ կյանքում ապտակված չմնանք:
«Իրավունք եւ ազատություն» հիմնադրամի նախագահ Գագիկ Սարուխանյանն էլ հավաքվածներին հորդորեց չհուսահատվել, քանի որ «ճանապարհը կարող է մի քիչ երկար տեւի»:
Արցախյան ազատամարտի մասնակից Սուսաննա Մարգարյանն էլ իր ելույթում նախատեց իր ազատամարտիկ այն ընկերներին, որոնք ժամանակին անկոտրում պայքարում էին, բայց այսօր ժողովրդի կողքին չեն. «Հացադուլ եք պատրաստում, ի՞նչ հացադուլի մասին ա խոսքը: Հացադուլ ո՞վ ա անում` վախկոտը: Իսկ մենք առյուծներ ենք: Ոտքի կանգնեք, ամոթ է, 25 տարի ա ժողովուրդը ձեզ ա նայում: Ժամանակն ա տղեք, բանտարկված տղաները ձեր ընկերներն են, իմ ընկերներն են, որ պայքարել են ժողովրդի համար, այն ոստիկանի համար, որն այսօր ձեռնաշղթա է հագցնում այդ ազատամարտիկին»:
Հիշեցնենք, Ազատության հրապարակում 50 ազատամարտիկների հացադուլի մասին հայտարարել էր Խաչիկ Ավետիսյանը: Ավելի ուշ պարզվեց, որ նրանք մտքափոխվել են : Հացադուլ սկսեց միայն Խաչիկ Ավետիսյանն, այն էլ ՄԻՊ գրասենյակի մոտ:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հասմիկ Էվոյանն էլ ներկայացրեց իրենց մշակած համահայկական հռչակագիրը : Դրա համաձայն, ռեժիմի տապալումից հետո, երկու ամսվա ընթացքում, ժամանակավոր կառավարությունը նոր Սահմանադրություն կընդունի եւ դրանում սահմանված կարգով նոր տեղական ու համապետական ընտրություններ կանցկացնեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ