«Կարծում եմ որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել, եւ չնայած Օբամայի նախընտրական խոստմանը, ԱՄՆ-ն հաշվի առնելով իր հարաբերությունները Թուրքիայի հետ, Հայաստանի հետ, այդպիսի որոշում է կայացրել: Գոնե ինձ համար, համենայնդեպս, անակնկալ չի եղել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այսօր արված հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Օբաման այս տարի էլ Հայոց ցեղասպանության 100 տարելիցին, հակառակ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ իր նախընտրական խոստմանը, կրկին օգտագործել է Մեծ Եղեռն ձեւակերպումը, այն մեկնաբանելով որպես 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագություններ:
Արդյոք հայկական դիվանագիտության բացթողում կա՞ր, որ ԱՄՆ-ն նման դիրքորոշում է ընդունել, Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Կոնկրետ այս հարցում`ոչ: Ես ավելի շատ բացթողում տեսնում եմ այն գործընթացում, որ շատ երկրներ, որոնք հրավիրված են եղել նախագահի մակարդակով, ավելի ցածր մակարդակով են մասնակցել 100-րդ տարելիցի միջոցառումներին: Այստեղ արդեն մեր երկրի հեղինակության, մեր երկրի նշանակության հարցն է, այդ երեւույթը ավելի շատ ափսոսանք է առաջացանում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ