Ապրիլի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Արգենտինայի խորհրդարանի անդամներ Աննա և Գրիսելա Բոյաջյան քույրերին, ովքեր նախնիների հայրենիք էին եկել՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:
Նախարարն իր ուրախությունն ու հպարտությունը հայտնեց Արգենտինայում նման բարձր քաղաքական դիրքի հասած հայազգի քույրերի համար և հույս հայտնեց, որ նրանք իրենց ավանդը կներդնեն՝ նպաստելու հայ-արգենտինական հարաբերությունների զարգացմանը:
Ջերմ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բոյաջյան քուրերն իրենց հուզումն ու հիացումն արտահայտեցին՝ շեշտելով, որ իրենց համար չափազանց կարևոր էր Հայաստանում հատկապես այս օրերին գտնվելն ու հարազատ ժողովրդի հետ ապրիլյան ոգեկոչման արարողություններին մասնակից դառնալը: Դա յուրօրինակ հարգանքի տուրք էր ցեղասպանություն տեսած իրենց նախնիների հիշատակին: Ներկայացնելով իրենց ընտանիքի պատմությունը՝ Բոյաջյան քույրերը տեղեկացրեցին, որ ընտանիքում 5 քույր են, և բոլորն էլ բարձր դիրք են գրավում Արգենտինայի քաղաքական ասպարեզում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բոյաջյան քուրերն առաջին անգամն են Հայաստանում՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նրանց ծանոթացրեց Հայաստանի նվաճումներին և դժվարություններին՝ ընդգծելով, որ ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար ոչ միայն ցավի և հիշատակի, այլև վերածննդի ու ապագայի հույսերի օր է, և որ Հայաստան-Սփյուռք գործակցության շնորհիվ իրականություն կդառնա ամուր և հզոր Հայաստանը, և դրանում իրենց նպաստը պետք է ունենա յուրաքանչյուր հայ, որտեղ էլ, որ ապրելիս լինի:
Կարդացեք նաև
Հրաժեշտից առաջ Բոյաջյան քույրերը խոստացան հաճախ լինել հայրենիքում և ավելի գործնական նպաստել արգենտինա-հայկական հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանը:
ՀՀ սփյուռքի նախարարություն