Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հունիսի 7-ից հետո հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժեր կլինեն». Դավիթ Շահնազարյան

Ապրիլ 24,2015 21:01

«Հիմա լարվածությունը գագաթնակետին է հասել պաշտոնական Երեւանի եւ Անկարայի միջեւ եւ թուլանալու միտում պետք է ունենա: Հստակ պետք է հասկանանք՝ Թուրքիան ինչ պետություն է, ինչ խնդիրներ ունի»,- Aravot.am-ին ասաց Դավիթ Շահնազարյանը:

Մեր հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունների տեղաշարժը կհասնի՞ սահմանների բացմանը, պարոն Շահնազարյանը պատասխանեց. «Սահմանի բացումը շուտ տեղի չի ունենա, բայց այդ ուղղությամբ քայլեր պետք է արվեն, ու մենք պետք է պատրաստ լինենք այդ քայլերին՝ Թուրքիայի առջեւ ոչ մի պահանջ չդնելով: Թուրքիայից մի պահանջ ունեմ, որ միջազգային հանրության առջեւ ստանձնած իր պարտավորությունները կատարի, ապաշրջափակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Թուրքիայի հանդեպ իմ դիրքորոշումը եղել ու մնում է նույնը՝ մենք Թուրքիայից տարածքային պահանջ չունենք, ճանաչում ենք այսօրվա սահմանները եւ միջպետական հարաբերությունները պետք է հաստատվեն առանց որեւէ նախապայմանի»:

Դավիթ Շահնազարյանը ցեղասպանության հարյուր ամյակին աշխարհի արձագանքից առանձնացրեց հատկապես Հռոմի պապի ուղերձն ու գնահատականը, Վատիկանի պատարագը, իսկ նրա համար անսպասելի էր հատկապես Գերմանիայի նախագահի եւ Բունդեսթագի խոսնակի հայտարարությունները եւ այն նախագիծը, որի քննարկումները սկսել են. «Հսկայական ճանաչում էր դա մեր պետության համար: Այն, ինչ Թուրքիայի նախագահը նախաձեռնել էր ապրիլի 24-ին` Գալիպոլիի ճակատամարտի հայուրամյակին նվիրված տոնակատարություններով, Հայոց  ցեղասպանության միջոցառումների դեմ էր, բայց հենց այդ միջոցառումների գնահատականով Թուրքիայի միջոցառումները տապալվեցին: Էրդողանի քայլը՝ Գալիպոլիի  ճակատամարտի հարյուրամյակի նշումը հենց ապրիլի 24-ին ուներ ներքաղաքական նշանակություն: Առաջիկայում՝ հունիսի յոթին, Թուրքիայում  խորհրդարանական ընտրություններ են, իսկ Էրդողանը ավելի շատ քաղաքական, քան պետական գործիչ է, դրա համար իր համար ամենակարեւորը իր ձայներն են: Նա հայ-թուրքական հարաբերությունների հարցը օգտագործում է  հիմնականում ներքաղաքական նպատակներով` փորձելով Գալիպոլիի հաղթանակին նվիրված տոնակատարություններով խլացնել աշխարհի ձայնը»:

Նա նկատեց, որ ԱՄՆ-ից պատվիրակություն Ստամբուլ չմեկնեց. «ԱՄՆ-ն այնտեղ ներկայացված էր Թուրքիայում ԱՄՆ դեսպանի մակարդակով, իսկ Հայաստան ուղարկվեց ֆինանսների նախարարի գլխավորությամբ պատվիրակություն: Սրանով ԱՄՆ-ն  մի անգամ էլ ընդգծեց իրենց դիրքորոշումների տարբերությունը»:

Նրա մեկնաբանմամբ, Բարակ Օբաման ցեղասպանություն չանվանեց 1915 թվականի հայերի ջարդերը պայմանավորված ՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների լարվածությամբ. «Վերջին տասնամյակում ամենալարված մակարդակում են այդ հարաբերությունները, կարծում եմ՝  Վաշինգտոնը էապես կնվազեցներ իր ազդեցությունն Անկարայի վրա, որն առանց այն էլ հիմա այնքան էլ շատ չէ: Այդ իմաստով, Օբաման առաջնորդվում էր ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ Հարավային Կովկասի ու Մերձավոր Արեւելքի անվտանգության շահերով»:

Ի՞նչ եզրահանգումներ անել ապրիլի 24-ից, ըստ Դավիթ Շահնազարյանի. «Այն քաղաքական ու բարոյական պոտենցիալը, որ կա, պետք է ուղղորդեն դեպի ԼՂՀ հիմնախնդրում կազմակերպված լոբբինգ իրականացնելու Եվրոպայում, Ամերիկայում: Մի անգամ էլ եմ ասել, որ ցեղասպանությունից հարյուր տարի անց ունենք պետականություն եւ մեր առաջնահերթ խնդիրն է, ունենալ ժողովրդավար պետություն, որտեղ կան մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն: Եվ քաղաքակրթական մակարդակով պետք է առաջ անցնենք թե՛ Ադրբեջանից, թե՛ Թուրքիայից, որովհետեւ նրանք հետընթաց են ապրում, իսկ մենք այդ հնարավորություններն ունենք: Սա է մեր հիմնական խնդիրը ցեղասպանության 100 ամյակից հետո»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930