Այսօր ՀԱԿ-ը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց: Լեւոն Տեր-Պետրոսյանը մուտքի մոտ կոնգրեսականներից հետաքրքրվեց. «Բա ո՞ւր է Ստեփանը»՝ նկատի ունենալով խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանին: ՀԱԿ-ի անդամները պատասխանեցին, որ նա չի սպասել, շուտ է գնացել:
Լեւոն Տեր-Պետրոսյանին դա դուր չեկավ:
Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ Ստեփան Դեմիրճյանը Ձեզ հետ չէ, ի՞նչն է պատճառը: Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ: Ինչքան գիտեմ, պայմանավորվածություն իր հետ կար: Երևի, տեխնիկական էր պատճառը»:
Մենք ճշտեցինք՝ արդյո՞ք միայն դա է պատճառը, որովհետեւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության ընդունման հետ կապված Դուք ասել էիք, որ ՀԱԿ -ը չի մասնակցի քվեարկությանը, բայց Ստեփան Դեմիրճյանը դարձյալ առանձնացավ եւ կողմ քվեարկեց՝ նա պատասխանեց. «Ամեն ինչի տակ մի փնտրեք քաղաքական լուրջ դրդապատճառ: Իսկ ի՞նչն է խանգարում, որ կողմ քվեարկեին: Ֆրակցիայի որոշումները կամ մեր կուսակցության դիրքորոշումը հո հրահա՞նգ չի»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ կարող էին եւ չկատարե՞լ խմբակցության որոշումները՝ նա պատասխանեց. «Իհարկե, ուրեմն դուք լավ չեք պատկերացնում, թե ոնց է գործում մեր համակարգը»:
Մեր դիտարկմանը, որ հասկանալի է, պատգամավորն ազատ է իր որոշումներում, բայց երբ խմբակցությունը որոշում է կայացնում, պատգամավորն այլ բան է անում, պառակտում չի՞ մտնում խմբակցությունում՝ Զուրաբյանը պատասխանեց. «Ոչ, այսինքն` եթե որեւէ հարցի շուրջ ինչ-որ տարաձայնություն կա, դուք դա համարում եք պառակտո՞ւմ»:
Մենք եւս մեկ անգամ ճշտեցինք՝ Ստեփան Դեմիրճյանի այդ քվեարկությունը եւ այսօր Ծիծեռնակաբերդ գնալիս ձեզ չսպասելը, շուտ գնալը իրար հետ որեւէ կապ չունի՞՝ նա պատասխանեց. «Այդ կապը դուք եք փորձում ստեղծել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ