Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Կանադայի քաղաքացիության և ներգաղթողների նախարար Քրիս Ալեքսանդերի գլխավորած պատվիրակությանը

Ապրիլ 24,2015 20:27

Ապրիլի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Կանադայի պաշտոնական պատվիրակությանը՝ Կանադայի քաղաքացիության և ներգաղթողների նախարար Քրիս Ալեքսանդերի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Վանքուվերի խորհրդարանի անդամ Դոն Դեյվիսը, Օտտավայի խորհրդարանի անդամ Հարոլդ Ալբրեխտը, Կանադայի քաղաքացիության և ներգաղթողների նախարարի խորհրդական Սառա Դիոն-Մարքուիզը, Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան  Ջոն Ռոնալդ Քյուրին:

Շնորհակալություն հայտնելով հյուրերին՝ հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեցող այս օրը Հայաստանում գտնվելու համար, նախարար Հ. Հակոբյանը նշեց, որ հայ-կանադական բարեկամությունը երկարամյա պատմություն ունի և սկսվել է այն ժամանակից, երբ հայերը հաստատվել են կանադական հողում: Նախարարը երախտագիտություն հայտնեց Կանադայի կառավարությանը, որը Կանադայում հաստատված հայերի համար ապրելու և արարելու լայն հնարավորություններ է ստեղծել: «Ուրախ եմ, որ հայերը դարձել են  Կանադայի օրինապաշտ քաղաքացիներ և  միևնույն ժամանակ հավատարիմ են մնացել իրենց ազգային արմատներին»:

Նախարար Քրիս Ալեքսանդերը իր և պատվիրակության անունից ասաց, որ խորապես տպավորված են այն ամենից, ինչի ականատեսը եղան այս օրերին, և հավաստիացրեց, որ  կանեն հնարավորը՝ ավելի սերտացնելու հայ-կանադական հարաբերությունները: Որպես քաղաքացիության և ներգաղթողների հարցերով զբաղվող գերատեսչության ղեկավար՝ Քիրս Ալեքսանդերը հետաքրքրվեց նաև Սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայության խնդիրներով:

Նախարար Հրանուշ Հակոբյանը հանգամանալի ներկայացրեց ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները՝ ընդգծելով, որ Հայաստանում լուծված են սիրիահայության բոլոր խնդիրները՝ առողջապահական, ուսման, փաստաթղթավորման, աշխատանքի տեղավորման և այլն, սակայն դժվարություններ կան նրանց բնակարանով ապահովելու հարցում:

Քրիս Ալեքսանդերը և նրան ուղեկցող պաշտոնյաները խոստացան հարցի լուծմանը նպաստող հնարավորություններ գտնել:

Քննարկվեցին նաև  հայ-կանադական տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների  և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ սփյուռքի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930