«Այսօր այն օրն է, երբ դրվելու է այս ռեժիմին հեռացնելու գործընթացի սկիզբը»,-քիչ առաջ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելով և այս կոչով Էրեբունի թանգարանի հարակից հրապարակում մեկնարկեց «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահավաքը:
Հանրահավաքի բանախոսներն իրենց ելույթներում նախ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը, անմեղ զոհերի հիշատակին, այնուհետև խոսում ռեժիմի տապալման ծրագրերի մասին:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության ժամանակավոր համակարգող Ալեք Ենիգոմշյանը հարթակից հայտարարեց. «Մենք բավարար հետևություններ չենք արել և բավարար բարձրության վրա չենք գտնվում ազգովի, քանի որ այսօր ապրում ենք այնպիսի հայրենիքում, որում երբեք չպետք է ապրեինք, որտեղ դանդաղ իրագործվում է սպիտակ ցեղասպանություն: Եթե մեզ չհաջողվի այս իրավիճակից դուրս գալ, շարունակվելու է այսօրվա ցեղասպանությունը և մեր դարավոր հակառակորդի թշնամու կիսատ թողած գործը հայանուն մարդկանց ձեռքով դառնալու է իրականություն: Եթե չկարողանանք կասեցնել այս իրավիճակը, մեզ չի հաջողելու վերստին նախաձեռնել հարյուր տարի առաջ իրականացված ցեղասպանության հետևանքները: Ահա այստեղ է պատասխանը այն հարցի, թե ինչու ռեժիմի հեռացման գործընթացի սկիզբը նշանակվել է ապրիլի 24-ին»:
Կարդացեք նաև
Դառնալով ՀԽ կալանավորված անդամներին՝ պարոն Ենիգոմշյանն ասաց. «Այսօր մեր ընկերները ճաղերի հետևում լիցք են տալիս մեզ և մենք իրենցով լիցքավորված շարունակում ենք մեր վճռականությունը և հայտարարում ենք, որ մեր ընկերների ազատագրման համար պայքարը հասնելու է հաջողության և այլ հաջողությունների կողքին լինելու է այս ռեժիմի ձերբազատման գործընթացի առաջին ռեալ ձեռքբերումներից մեկը»:
Aravot.am-ի հետ զրույցում Ժիրայր Սեֆիլյանի եղբայր Թորոս Սեֆիլյանն հայտնեց, որ լինելու է խաղաղ հանրահավաք, որևէ անհնազանդության կոչ չի հնչելու և երթ չի լինելու: Իսկ վաղվանից մեկնարկելու են նստացույցերը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲԱՐԻ ԱՎԱՐՏ
Հաջողված արդյունք: