Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է Լիբանանի արտաքին գործերի նախարարին

Ապրիլ 24,2015 18:33

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ջեբրան Բասիլին, ով գլխավորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցող Լիբանանի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են նաև Լիբանանի բնական պաշարների և ջրային ռեսուրսների նախարար Արթուր Նազարյանը, Լիբանանի կրթության և գիտության նախարար Էլիաս Աբուսաաբը։

Վարչապետը, ողջունելով հյուրերին, կարևորել է Լիբանանի կառավարական պատվիրակության մասնակցությունը Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներին, ինչը վկայում է երկու ժողովուրդների դարավոր ու ամուր բարեկամության մասին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Լիբանանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման փաստը և շնորհակալություն հայտնել լիբանանահայերի նկատմամբ երկրի իշխանությունների ջերմ վերաբերմունքի համար:

Լիբանանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Հայաստանի վարչապետին փոխանցել Լիբանանի վարչապետի ողջույնները: Ջեբրան Բասիլը նշել է, որ իր երկրի համար պատիվ է մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ բարեկամ հայ ժողովրդին զորակցելու և անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու նպատակով: Նախարար Բասիլը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը հետագա ցեղասպանությունները կանխելու գործում և ընդգծել, որ այդ պայքարում Լիբանանը միշտ Հայաստանի կողքին է, որպեսզի նման սարսափելի ոճրագործություններն այլևս երբեք չկրկնվեն: Պարոն Բասիլն առանձնահատուկ ընդգծել է լիբանանահայ համայնքի ակտիվ դերակատարությունը երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։ Իր հերթին Լիբանանի կրթության և գիտության նախարար Էլիաս Աբուսաաբը տեղեկացրել է, որ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ը լիբանանյան կրթօջախներում ոչ աշխատանքային օր է հայտարարվել։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Բարձր գնահատելով Հայաստանի և Լիբանանի միջև քաղաքական երկխոսության մակարդակը՝ կողմերը կարևորել են նաև առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացումը և այդ ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Մասնավորապես, արծարծվել են տնտեսական կապերի աշխուժացմանը և առևտրաշրջանառության ծավալի աճին միտված ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Այս առումով երկուստեք կարևորվել է Հայ-լիբանանյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեության ակտիվացումը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Լիբանանի վարչապետ Թամամ Սալամին է փոխանցել իր ողջույնները և Հայաստան այցելելու հրավերը՝ նշելով, որ այցը հնարավորություն կտա քննարկել երկկողմ տնտեսական համագործակցության խթանման և ընդլայնման ուղիները: Իր հերթին Լիբանանի արտգործնախարարը Հայաստանի վարչապետին է փոխանցել Լիբանանի վարչապետի՝ Լիբանան այցելելու հրավերը:

 ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930