«Կարծում եմ՝ մենք արդեն ցեղասպանության ճանաչման վերջնագծին ենք մոտենում, տեսնում ենք, որ այնպիսի պետություններ են ճանաչում, որոնք մինչեւ այդ բավական չեզոք էին իրենց պահում եւ երեկ Գերմանիայի նախագահի ասածը դրա վառ ապացույցն է: Պետություն, որ առաջին աշխարհամարտին եղել է Թուրքիայի դաշնակիցը, եւ ինչպես ասում են՝ առաջին ձեռքից գիտի , թե ինչ է տեղի է ունեցել»,- այսօր Հայոց ցեղասպանության հիշատակման օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Aravot.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա կարծում է, որ դա վերջը չէ, քանի որ եթե ճանաչման գործընթացով ամեն ինչ ավարտվեր, ապա Թուրքիան ճանաչած կլիներ ցեղասպանությունը: «Թուրքիային էլ քաջ հայտնի է, որ ցանկացած ցեղասպանություն ավարտվում է, երբ դրա հետեւանքներն են վերացվում, եւ դա միջազգային իրավական շրջանակներում է, եւ պարզ է, որ ճանաչումից հետո գալու է հատուցման փուլը»,- ասում է պարոն Մարտիրոսյանը:
Թուրքիային տարիներ շարունակ սատարող պետությունների դիրքորոշումը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը պարզաբանում է. «Առաջինը՝ բնականաբար համամարդկային արժեքների ինչ-որ մի ժամանակ հետո գերակա լինելն է, եւ հետո՝ քաղաքական շահն է, որն այս պահին որոշակիորեն հակադրվում է Թուրքիայի հետ: Եվ այս երկու համընկումները գալիս են լրացնելու այն ժխտողականության քաղաքականությունը, որը նույն պետությունները երկար ժամանակ իրականացրել են: Բայց ես կարծում եմ, որ կարճ ժամանակ հետո, երբ ցեղասպանության ճանաչման փուլն ավարտվի եւ հատուցման փուլը գա՝ դժվարություններ գուցե գան»:
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ