ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 24-ին ընդունել է Արգենտինայի Հանրապետության Պատգամավորների պալատի առաջին փոխնախագահ Նորմա Աբդալա դե Մատարասոյի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով:
ԱԺ նախագահը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, շնորհակալություն է հայտնել այս օրերին հայ ժողովրդի կողքին լինելու եւ մեր վիշտը կիսելու համար: Նա նշել է, որ Ապրիլի 24-ին աշխարհի առաջադեմ մարդկությունը հայ ժողովրդի կողքին էր՝ Երեւանում: Նրանք համախմբվել էին այստեղ՝ մերժելու պատերազմներն ու ցեղասպանությունները:
Կրկին անդրադառնալով դարասկզբին կատարված ոճրագործությանը՝ Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել Արգենտինային՝ հարյուր տարի առաջ Ցեղասպանությունից փրկված հայերին ապաստանելու համար: ԱԺ նախագահի խոսքով՝ այսօր արգենտինահայերն իրենց երկրի լիարժեք եւ օրինակելի քաղաքացիներն են:
ԱԺ նախագահը նշել է, որ Ապրիլի 24-ը միավորեց պետություններ եւ ազգեր. այդ համախմբումը կնպաստի, որ 21-րդ դարը խաղաղության դար լինի:
Նորմա Աբդալա դե Մատարասոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանից հեռանում են շատ տպավորված: Նա Գալուստ Սահակյանին է փոխանցել Արգենտինայի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Դոմինգեսի ողջույնները եւ 2015 թվականի ապրիլի 8-ին Արգենտինայի Հանրապետության Պատգամավորների պալատում ընդունված հռչակագիրը: Հռչակագրով Արգենտինայի խորհրդարանն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:
ՀՀ Ազգային ժողով